Ադրբեջանը քարտեզներին ձևական համաձայնել է. անկլավների հարց չի քննարկվել. Արմեն Խաչատրյան
Այսօր խորհրդարանում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն իր հարցազրույցում ասաց, որ ՀՀ իշխանությունը տեղյակ է եղել՝ ինչ հրամանագիր է ստորագրվելու սեպտեմբերի 20-ին, կարելի՞ է ենթադրել, որ որոշակի բանակցություններ եղել են։
«Հայաստանը տեղյակ է եղել, բայց ե՞րբ, ստորագրելուց հետո, չէ՞։ Ինչպե՞ս կարող է Հայաստանը հանդուրժեր, որպեսզի փաստաթղթում այնպիսի կետ մտցվեր, որ հետագայում Հայաստանի գլխին կախված վտանգ է լինելու։ Շահրամանյանը կարող է շատ բան ասել, չեմ էլ ուզում մեկնաբանել, չեմ լսել՝ ինչ է ասել։ Բայց Հայաստանը չէր կարող տեղյակ լինել փաստաթղթից, հատկապես այն կետից, որը վնասում է ՀՀ շահերին»,- պատասխանելով հարցին՝ ասաց իշխանական պատգամավորը։
Մանրամասնելով՝ Արմեն Խաչատրյանն ասաց, որ նկատի ունի այն կետը, որը փաստում է, թե իբր ՀՀ զինված ուժերը ներկա են եղել Արցախում։
Ինչ վերաբերում է տեղեկությանը, որ պատգամավորն անձամբ է հրահանգել, որպեսզի հոկտեմբերի 28-ին Սյունիք կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին լավ դիմավորեն, Արմեն Խաչատրյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին լավ կամ վատ ձևով դիմավորելու կարիք չկա։
«Վարչապետը երբ ուզում՝ գնում է Սյունիք, այնտեղ հանդիպումներ է ունենում՝ ըստ իր օրակարգի։ Մեր ներկայությունը կոնկրետ այդքան էլ անհրաժեշտ չի եղել, ես չեմ գնացել։ Այդ օրը ես այլ աշխատանքներով՝ պաշտպանության բնագավառին վերաբերող, եղել եմ այլ վայրում»,- շեշտեց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե խաղաղության պայմանագրի շուրջ 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են, Արմեն Խաչատրյանը նշեց, որ բազմիցս ասվել է՝ երեք կետերի շուրջ կա համաձայնություն, և՛ միջազգային հանրության, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, գոնե ձևական համաձայնություն կա։
«Մենք ուզում ենք համոզվել, որ այդ համաձայնությունն Ադրբեջանի կողմից ոչ թե ձևական է, այլ հենց բովանդակային համաձայնություն է, որովհետև երկրորդ հանդիպումն արդեն տեղի չի ունենում այդ հարցերը խորացնելու և ավելի բազմակողմանիորեն քննարկելու համար։ Հուսանք, սա ձևական համաձայնություն չէ Ադրբեջանի կողմից։ Ձևական այն առումով, որ միջազգային հանրության մոտ կարող է ասել, թե շատ լավ սկզբունքներ են, համաձայն ենք, բայց իրականում գործնական քայլեր չանեն»,- շեշտեց Արմեն Խաչատրյանը։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ անկլավների հարցը քննարկվե՞լ է, ինչին ի պատասխան՝ իշխանական պատգամավորն ասաց, որ այդ հարցը չի քննարկվել։
«Այստեղ անկլավների հարց չկա, հարցը վերաբերում է այդ երեք սկզբունքների ընդունման հանգամանքին, մնացածը թե ինչ կլինի, արդեն տեխնիկական բնույթի են, քարտեզները, սահմանները, աշխատանքի իրականացման ժամկետները։ Ընդունված է, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա 1975 թվականի քարտեզով, Ադրբեջանը, եթե երեք սկզբունքներին համաձանել է, ապա քարտեզների մասով ձևական համաձայնությունն ունի։ Բայց չեմ կարող ասել, թե Ադրբեջանն ինչ գործնական քայլեր կանի, որպեսզի այդ ամենը կյանքի կոչի։ Այդ պահին հապաղում ենք տեսնում, ինչը լավ չէ»,- ընդգծեց Արմեն Խաչատրյանը։
Այս համատեքստում նա նաև ընդգծեց, որ ամենավատ բանն այն է, երբ առհասարակ բանակցություններ տեղի չեն ունենում, բայց այսօր բանակցություններում բավականին առաջընթաց կա, քանի որ Ադրբեջանը մի շարք սկզբունքների հետ համաձայնում է, նախկինում այդ համաձայնությունները չկային։
«Այդ ձնագունդը գնալով ավելի է մեծանում, և խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի մասնակցությամբ կնքվելու է։ Այդ պայմանագրի վերաբերյալ մեզ մոտ խեղաթյուրված պատկերացում կա, կարծում են, որ ասում ենք՝ խաղաղության պայմանագիր, հաջորդ օրը մենք եղբայրություն ու բարեկամական հարաբերություններ պետք է ունենանք։ Խաղաղության պայմանագիր՝ նշանակում է, որ Հայաստանը, կոպիտ ասած, չի հարձակվելու Ադրբեջանի վրա, Ադրբեջանից որևէ տարածքային պահանջներ չունի, նույնը՝ Ադրբեջանը Հայաստանից։ Խաղաղության պայմանագիր նշանակում է, որ որևէ խնդիր մեկը մյուսի հետ չունի»,- ընդգծեց իշխանական պատգամավորը։