Բաժիններ՝

Մեկնարկում է հանրապետական փառատոնը

Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նշում է պետական կարգավիճակ ստանալու 90-ամյակը և շենքի կառուցման 80-ամյակը։ Հոբելյանի առթիվ թատրոնը հանդես է գալիս հագեցած միջոցառումների ցանկով, որի առանցքում Հանրապետական թատերական փառատոնն է։ Նոյեմբերի 1-7-ն Արտաշատում թատերական տոն է լինելու։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հանդիպման ընթացքում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ հանրապետության 9 թատրոն իր խաղացանկի լավագույն ներկայացումներով հանդես է գալու Արտաշատում՝ շնորհավորելով գործընկեր թատրոնի հոբելյանը։

«Սա շատ լավ մոտեցում է, երբ տարբեր քաղաքների թատրոններն իրենց ներկայացումներով մասնակցում են փառատոնին՝ շնորհավորելով գործընկեր թատրոնին։ Փառատոնի մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 1-ին, բացումը վերապահված է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին, որը հանդես է գալու «Լոռեցի Սաքոն» ներկայացմամբ»,-ասաց Հակոբ Ղազանչյանը։

Փառատոնի շրջանակում ներկայացումներով հանդես են գալու Երևանի, Վանաձորի, Գյումրու, Արտաշատի թատրոնները։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու 9 ներկայացում։ Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը նշեց, որ բավական բազմազան ծրագրով են հանդես գալիս։

«Նախապատրաստական աշխատանքները հաջողությամբ կատարել ենք, պատրաստ ենք մեկնարկին։ Այցելուները կարող են դիտել Հ. Մալյանի անվան թատրոնի «Շրջված երազ», Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի «Դում-դում իմաստունը և անգետները», Վանաձորի թատրոնի «Ամուսնացիր և սանձիր կնոջդ» ներկայացումները և այլն։ Փակումը արվելու է մեր թատրոնի կողմից՝ «Երկու+երկու» ներկայացմամբ»,-ասաց Կամո Նաղդալյանը։

Հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսված է նաև թատրոնի պատմությունն ամփոփող գրքի շնորհանդես, նկարների ցուցադրություն։

Մարզերում թատերական փառատոն անցկացնելը Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը համարում է շատ կարևոր։ Նրա խոսքով՝ յուրահատուկ թատերական, մշակութային մթնոլորտ է ձևավորվում մարզերում։

«Փառատոններն ակտիվացնում են տեղի թատերական կյանքը։ Նման միջոցառումներից հետո հանդիսատեսը կապվում է իր թատրոնին։ Հանդիսատեսը հնարավորություն է ունենում վայելելու մյուս քաղաքների թատրոնների լավագույն ներկայացումները, տեղում շփվել իր սիրելի դերասանների հետ։ Ես վստահեցնում եմ՝ մարզերում յուրաքանչյուր նման փառատոնից հետո մենք միայն ու միայն շնորհակալական խոսքեր ենք լսել»,-հավելեց Հակոբ Ղազանչյանը։

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը մարզերում թատրոնների կայացման, զարգացման գործում կարևորեց տեղական իշխանությունների ձգտումն ու աշխատանքը։ Հենց տեղական իշխանություններն առաջին հերթին պետք է շահագրգռված լինեն, որ իրենց քաղաքում լինի թատրոն և այն զարգանալու, նոր խոսք ասելու հնարավորություն ունենա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս