Արցախից՝ մի բուռ հող, Գանձասարից՝ օրհնված ջուր. մեծացեք վրեժով, Արցախն ազատագրելու ու ձեր հայրենիք վերադառնալու վրեժով. Եղիշե Առուշանյան

Սեպտեմբերի 19-ից Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպանության սպառնալիքի տակ Արցախի բռնի տեղահանված 100 հազարից ավելի արցախահայեր դեռ չեն հասկանում, թե ինչպես են ապրելու առանց Արցախի։ Անորոշ ու հոգեբանական ծանր վիճակում են, չգիտեն՝ ինչ ապագա է իրենց սպասվում։

9 ամիս ադրբեջանական շրջափակման մեջ պայքարելով՝ նման վերջաբանը բոլոր արցախցիների համար շոկային էր, շատերի համար էլ անհասկանալի, թե ինչու այսպես եղավ։

Արցախյան շարժման ակտիվ մասնակից, «Արցախի ազատամարտիկների միություն» հ/կ անդամ Եղիշե Առուշանյանն ասում է, որ լավ է ճանաչում թշնամուն, ուստի կանխատեսում էր, որ շրջափակման պայմաններում Ադրբեջանը կիրականացնի նաև ցեղասպանություն ու էթնիկ զտում, միայն թե Արցախը ստանա առանց արցախահայերի։

«Նախորդ տարի նոյեմբերին, երբ դեռ Արցախը շրջափակված չէր, ես բնակարանումս փայտի վառարան դրեցի, բոլորն ասում էին՝ ինչ ես անում, պատասխանում էի, որ Ադրբեջանը գազն էլ կկտրի, լույսն էլ, պետք է պատրաստ լինել։ Վստահ էի, որ թշնամին ավելի գլոբալ բան է մտածում, լավ եմ ճանաչում նրան։ Դեկտեմբերին Արցախը շրջափակեցին։ Ավելի վատին էլ էի սպասում, քանի որ տեղի ունեցողը չէին կանխարգելում, չէին օգնում Արցախին, արդյունքը բոլորն էլ տեսան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Եղիշե Առուշանյանը։

Կարդացեք նաև

Արցախից բռնի տեղահանվելիս Եղիշե Առուշանյանը և ընտանիքի անդամները որևէ բան չեն հասցրել վերցնել։ Կարողացել է միայն Գանձասարում օրհնված մի քիչ ջուր վերցնել, մի բուռ էլ հող։ Հողի մի մասը շաղ է տվել Հայաստանում հուղարկավորված եղբոր շիրիմին, մի բուռն էլ պահում է տանը, որպեսզի իր երեխաները հողը տեսնեն ու Արցախն ազատագրելու մասին չմոռանան։

«Ես երեխաներիս միայն մեկ բան եմ ասում՝ մեծացեք վրեժով, Արցախն ազատագրելու ու ձեր հայրենիք վերադառնալու վրեժով, թեկուզ կյանքի գնով։

Արցախի հարցը փակված չէ, այն շարունակում է մնալ ու կլինի այնքան ժամանակ, քանի դեռ արցախցին չի վերադարձել իր բնօրրան։ Երևի մեր սերունդը, ով ազատագրել էր Արցախը, սխալ ապրեց ու աշխատեց, որովհետև մենք հանդուրժեցինք այնպիսի իշխանության, որը պարզապես հանձնեց այդ հաղթանակը։

1988 թվականին մեր սերունդը եկավ, հիմա նոր սերունդ պիտի գա, ու մեզ հետ միասին լուծեն հարցը։ Արցախցին կա, նա չի համակերպվի այլ երկրում ապրելուն ու այլ երկրի քաղաքացի դառնալուն։

Երբ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցը մարում էր, Արմենակ Երկանյան անունով հայը դուրս եկավ հրապարակ ու բոլորի հիշողությունը թարմացրեց»,- ընդգծելով՝ հիշեցրեց Եղիշե Առուշանյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախը հանձնելով՝ ոչ թե հարցերը լուծվեցին, այլ բազմաթիվ այլ հարցեր առաջացան, իսկ գլխավոր հարցն այն է, թե ով ինչ պատասխան պետք է տա։

«Համարենք, թե Արցախի երեք նախագահներն ու ռազմական ղեկավարությունը գերության մեջ են, թշնամին նրանց տարավ, ու հարցը փակվեց՝ այդպես չէ։ Մեղավորը Հայաստանում է, կա նաև Արցախից մեղավոր, ու այս հարցերին դեռ պետք է անդրադառնանք։

1988 թվականին Հայաստանում կային մարդիկ, որոնք արցախցուն հայ չէին համարում, ասում էին՝ «շուռ տված հայեր» են, սակայն սա չխանգարեց, որ Հայաստանից հազարավոր մարդիկ միավորվեն ու Արցախն ազատագրեն։ Հայաստանի նախկին էլիտան, որը իրավիճակի հետ չի հարմարվել ու իրեն անզոր չի համարում, պետք է թիկունք կանգնի նոր սերնդին։

Ես Արցախի շրջափակման ժամանակ ձեզ հետ հարցազրույցում ասել էի, որ Արցախի ճակատագիրը վճռվում է Երևանում, հիմա էլ եմ ասում՝ որևէ տեղ մի փնտրեք լուծում ու մեղավոր, դրանք փնտրեք Երևանում։ Նաև՝ Երևանում պետք է ոտքի կանգնի այն էլիտան, որը կփրկի հայրենիքը, երիտաարդությունն էլ,  էլիտան էլ՝ կրկին Երևանում են»,- ընդգծեց ազատամարտիկը։

Ինչ վերաբերում է Արցախ վերադառնալու հնարավորություններին, մեր զրուցակիցը վստահեցրեց՝ ցանկացած պայմանով կվերադառնան, բայց ոչ՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ։

«Ադրբեջանը որքան էլ լավ պայմաններ առաջարկի մեզ, անընդունելի է, եթե պետք է ունենանք ադրբեջանական անձնագրեր ու ապրենք ադրբեջանական դրոշի ներքո։ Անընդունելի է ապրել ադրբեջանական անձնագրերով, անկախ այն հանգամանքից, թե այդ երկիրն ինչ երաշխիքներ կտա։ Ադրբեջանական անձնագրեր վերցնելն արդեն արցախահայության վերջնական կործանումը կլինի, ավելի գերադասելի է մեռնելը, քան ապրել ադրբեջանական անձնագրով։

Եթե վերադարձ լինի, ապա միայն հետևյալ պայմաններով՝ թեկուզ ԼՂԻՄ-ի սահմաններով Հայաստանի հետ կապ տրամադրվի, ունենանք հայկական անձնագիր, ինչ կարգավիճակ ուզում են՝ թող տան այդ հատվածին, բայց՝ ոչ Ադրբեջանի Հանրապետություն»,- ասաց Եղիշե Առուշանյանը։

Խոսելով Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված արցախահայերի սոցիալական խնդիրներից, նա նշեց, որ այս պահին ՀՀ կառավարության առաջնահերթությունը պետք է լիներ բնակարանաշինության ծրագիր իրականացնելը՝ բռնի տեղահանված արցախահայերի համար։

«Այդ գումարը տալով՝ խնդիր չի լուծում՝ հաշվի առնելով վարձով բնակարանների գները, կոմունալների ծախսերը, տրամադրվող գումարն ուղղակի լուծում է առօրյա՝ ամենաչնչին հարցերը։ Եթե մարդն ունենա տանիք, կաշխատի ու կապրի, արցախցին աշխատող ու ստեղծող է։ Մենք դեռ սեպտեմբերին աշխատավարձը ստացել ենք, հետո այլևս չենք ստանալու, այդ ժամանակ խնդիրներն ավելի կբարդանան»,- եզրափակեց Եղիշե Առուշանյանը։

Տեսանյութեր

Լրահոս