«Գուրգեն Մելքոնյանին զսպաշապիկ հագցնելն իշխանության խնդիրն է. ԱԺ-ից որևէ հայանպաստ հայտարարություն չի հնչում». Եղիշե Առուշանյան
Անցնող շաբաթ ԱԺ քառօրյա հերթական նիստը մեծ մասամբ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, նվիրված էր հակաարցախյան ելույթներին։
Այս ամենից զատ, ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը, ով տարբեր առիթներով հայտարարում է, որ Արցախն ազատագրողներից մեկն էլ ինքն է եղել, առանձին հարցազրույց էր տվել, կրկին խոսել Արցախի ու արցախահայերի մասին՝ ասելով. «Հայաստանում արցախահայերն իրենց պետք է հյուրի նման պահեն, ոչ թե ցանկանան տանտեր դառնան, չպետք է խառնվեն Հայաստանի գործերին»։
Արցախյան շարժման ակտիվ մասնակից, «Արցախի ազատամարտիկների միություն» հ/կ անդամ Եղիշե Առուշանյանի բնորոշմամբ՝ Արցախն ազատագրող ու իրեն հայ համարող մարդը երբեք չէր կարող իրեն թույլ տալ իր հայրենակիցների՝ արցախահայերի վերաբերյալ նման հայտարարություն անել։
«Եթե մարդը՝ հայ մարդը, նման հայտարարություն է անում, ուրեմն՝ ադեկվատ չէ, հետևաբար՝ նրա հետ որևէ բան քննարկել, խոսելն անիմաստ է։ Մեր սկզբունքը միշտ եղել է, որ Հայաստանը ամբողջ հայ ազգինն է, անկախ նրանից, թե որտեղ են բնակվում՝ Արցախո՞ւմ, թե՞ Ամերիկայում, սա բոլորի հայրենիքն է։ Մենք պայքարում էինք, որպեսզի միանայինք Մայր Հայաստանին՝ դեռ չի հաջողվում։
Անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից, նման հայտարարություն անելը հային հարիր չէ։
Այս հայտարարությունը երկու նպատակ ունի՝ ցավոք, սա կարող եմ դիտարկել՝ որպես օրվա իշխանության պետական քաղաքականությունը, կամ ինչ-որ բանից նեղացած արարածի հայտարարություն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Եղիշե Առուշանյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ ԽՍՀՄ-ի ժամանակ ծառայել է ռազմական ուսումնարանում, գիտի ինչպես են սպա դառնում, բախտի բերմամբ է Գուրգեն Մելքոնյանը դարձել սպա, այն էլ՝ գեներալ։
«Ես լավ գիտեմ՝ ինչպես են դառնում սպա, բայց այս արկածախնդիր մարդուց ի՞նչ ենք սպասում։
Նրա ասածը համընդհանուր կարծիք չէ, ես շփվում եմ հարյուրավոր հայերի հետ, նրանք այդպես չեն մտածում, այդպես մտածում է միայն իշխանությունը։ Սովորական քաղաքացու համար մենք հայ ենք, Արցախի կորուստը նրանց համար ցավ է, նրանք մեզ՝ արցախահայերիս, Հայաստանում որպես հյուր չեն դիտարկում։ Վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։
Մեկ բան կարող եմ ասել, որ Գուրգեն Մելքոնյանին զսպաշապիկ հագցնելն իշխանության խնդիրն է, որովհետև այդ մարդն իրենց հետ է փոխկապակցված, նման հայտարարությունը վաղն Ադրբեջանում իրենց դեմ են օգտագործելու։ Բացի այդ, ողջ հայ ազգն էլ պետք է հասկանա, որ նման հայտարարությունների վերջնարդյունքում վնասը բոլոր ենք կրելու»,- հավելեց ազատամարտիկը։
Եղիշե Առուշանյանը նաև նկատեց, որ վերջին 6 տարիների ընթացքում ո՛չ ՀՀ կառավարությունից, ո՛չ էլ ԱԺ-ից որևէ հայանպաստ հայտարարություն չի լսել, հետևաբար՝ որոշ անձանց հայտարություններից այդքան էլ չի զարմացել, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանի։
«ԱԺ-ին չեմ հետևում, որովհետև որևէ հայանպաստ հայտարարություն այնտեղ չի հնչում։ Ժամանակին կար Հայաստան-Արցախ խորհրդարանական հանձնաժողով, հիմա այն Ալեն Սիմոնյանը լուծարում է։ Մեկ բան պետք է նա հասկանա, եթե այսօր Արցախի ԱԺ նախագահը Բաքվի բանտում է, դա չի նշանակում, որ մյուսները չկան, Արցախի ԱԺ-ն չկա։ Սրանով ՔՊ-ն ոչ թե միայն մեզ է վնաս հասցնում, այլ ամբողջ երկրին ու հայությանը»,- շեշտեց նա։
Եղիշե Առուշանյանը նաև փոխանցեց, որ Արցախի անձնագիրը չի փոխել, քանի որ դա իր պահանջատիրության իրավունքն է։ Եթե նույնիսկ փոխի էլ, հին անձնագիրը չի հանձնելու։
«Մեզ Արցախին կապող պաշտոնական միակ բանը «070» կոդն է, կրկնում եմ՝ պաշտոնապես»,- եզրափակեց Եղիշե Առուշանյանը։