«Նեղվում էր, որ նահանջի հրաման շատ էին տալիս». Տեղի ունեցավ ավանդական դարձած հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյայում նահատակված Հայկազ Մկրտչյանի հիշատակին
Արդեն 3-րդ տարին է՝ Ավանի շախմատի դպրոցում անցկացվում է շախմատի հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի հիշատակին։ Հայկազ Մկրտչյանն ուսանել է հենց Ավանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում և մինչև 2018 թվականը զբաղվել է շախմատով։
Հայկազ Մկրտչյանի զոհվելուց հետո Ավանի շախատի դպրոցի անձնակազմը որոշել է ամեն տարի հուշամրցաշար անցկացնել՝ այդպիսով վառ պահելով սանի հիշատակը։
Հայկազի մայրիկի՝ Աննա Մկրտչյանի խոսքով, շախմատի դպրոց Հայկազն այցելել է 5,5 տարեկանից։
«Գրեթե ամեն օր ժամերով Հայկազը պարապում էր, մասնակցում մրցումների։ Մինչև Երևանի պետական համալսարան ընդունվելը մասնակցել է տարբեր մրցաշարերի, բանակում ևս մասնակցել է մրցումների»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աննա Մկրտչյանը։
Տիկին Աննայի խոսքով՝ շախմատը Հայկազին օգնել է նաև ծառայության ընթացքում, քանի որ մի քանի քայլ առաջ անելու համար պետք էր հաշվարկել բոլոր քայլերը, իսկ շախմատային հմտություններին տիրապետելը տալիս է դրա հնարավորությունը։
«2020 թվականին Հայկազը մասնակցել է նաև հուլիսյան մարտերին։ Երբ ասում էինք՝ Հայկազ ջան, երեք ամիս է մնացել, որ ավարտես ծառայությունդ, ասում էր՝ երբ հետ ենք նայում ու տեսնում, թե գյուղում ապրող մարդիկ ինչպես են մեր հույսով ապրում, այդ գյուղում աշխատում, այդ ամենը տեսնելուց լավ բան չկա»,- պատմում է Ա. Մկրտչյանը։
Ըստ Հայկազի մայրիկի, որդին սիրում էր բանակը, ծառայությունը, գիտակցում էր, որ երկրի անվտանգությունը կախված է հենց մարտունակ բանակ ունենալուց, ուստի ամեն ինչ անում էր, որ ինչ-որ բանով նպաստեր այդ ամենին։
2020թ. հոկտեմբերի 14-ից Հայկազը մասնակցել է 44-օրյա պատերազմին, եղել Ջրականում, Դրախտիկում ու Ազոխում, իսկ Կարմիր Շուկայում հոկտեմբերի 29-ին ստացել վիրավորում։ Մինչև Արցախ մեկնելը Հայկազը հայտարարել էր, որ մինչև Հայաստանից օգնության չհասնեն, պատերազմը չի ավարտվի։
«Երբ խոսում էինք, նեղվում էր, քանի որ նահանջի հրաման շատ էին տալիս։ Կարծում եմ՝ այդ ժամանակ արդեն հասկանում էր՝ ինչ է կատարվում, տեղում ավելի լավ էր պատկերացնում իրականությունը։ Նեղվում էր, որ Արցախն իր աչքի առջև կորսվում է»,- ասում է Աննա Մկրտչյանը։
Հուշամրցաշարի ավարտին բոլոր մասնակիցները ստացան բրոշյուրներ, որտեղ ներկայացված էր Հայկազի կենսագրությունը, նրա խոսքերը պատերազմի ժամանակ։ Ընտանիքի անդամները հույս ունեն, որ Հայկազի խոսքերը կարդալուց հետո, դպրոցի սաների մոտ ավելի շատ կամրապնդվի հայրենասիրությունը, ինչի կարիքը մեր օրերում խիստ անհրաժեշտ է։
Հայկազ Մկրտչյանը զոհվել է 2020թ. նոյեմբերի 9-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ եռակողմ փաստաթուղթը, որով էլ հաստատվեց հրադադար։