Հունգարիան պատրաստակամություն է հայտնել միջամտել, որ ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությունը պահպանվի
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնում միջամտել, իր ներդրումն ունենալ , որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը պահպանվի:
Այս մասին ՀՀ արտգործնախարարությունում Հունգարիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Բռնի տեղահանությունից հետո հայկական մշակութային, հոգևոր ժառանգության հարցը Լեռնային Ղարաբաղում էլ ավելի է սրվել: Մենք նախկինում դիմել էինք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, այլ միջազգային գործընկերներին, կար որոշում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ: Եվ Ադրբեջանի հարուցած բազմաթիվ խոչընդոտների հետևանքով այդ այցը չի կայացել մինչև այժմ: Բայց հիմա այդ առաքելությունն էլ ավելի պահանջված է»,-ասաց Միրզոյանը:
Հայկական կողմը հուսով է, որ այս առաքելության այցը տեղի կունենա, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են:
ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց նաև Հունգարիայի արտգործնախարարին:
«Նա անկեղծորեն ցանկություն հայտնեց միջամտել ու իր ներդրումն ունենալ այդ կարևոր գործում՝ ապահովելով հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը, նաև մատչելիությունը դեպի այդպիսի վայրեր»,-նշեց արտգործնախարարը: