«Եթե «Հըզբոլլահն» Իսրայելի դեմ նոր ճակատ բացի, պատերազմը կարող է աննկարագրելի մեծ ծավալների հասնել. սիրիահայ լրագրող
Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական մի քանի օբյեկտների ուղղությամբ: Թիրախավորվել են սիրիական ռազմական ենթակառուցվածքներ ու ականանետերի արձակման հենակետեր: Իսրայելական հողմը հայտարարել է, որ Սիրիայի ուղղությամբ գործողություններն իրականացվել են՝ ի պատասխան սիրիական կողմի իրականացրած ականանետային գնդակոծության: Հաղորդվել է 8 զոհի և 7 վիրավորի մասին:
Բացի այդ, Իսրայելը վերջին երկու շաբաթների ընթացքում արդեն 4-րդ անգամ հարվածել է Հալեպի օդանավակայանի ուղղությամբ: Սիրիայի տրանսպորտի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ հարվածը հերթական անգամ հասցվել է թռիչքուղուն՝ օդանավակայանի աշխատանքները խաթարելու նպատակով:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իսրայելական կողմի այս գործողությունները նպատակ ունեն խաթարելու Լիբանանում տեղակայված «Հըզբոլլահ» խմբավորմանն Իրանի կողմից սպառազինություն հասցնելու հնարավոր գործողությունները՝ զգուշանալով նաև այդ կողմից հնարավոր հարվածից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 12-ին և 14-ին իսրայելական կողմի հասցրած հարվածների հետևանքով վնասվել էին Հալեպի ու Դամասկոսի օդանավակայանների թռիչքուղիները:
Սիրիայի հայազգի բնակիչ, լրագրող Հովիկ Շեհիրյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Իսրայելի կողմից Սիրիայի ուղղությամբ հրթիռների բացթողումն առավելապես վրեժխնդրության նպատակ ունի:
Նրա խոսքով՝ մինչև հիմա Սիրիայի իշխանությունները փորձել են հակադարձող գործողություններ չիրականացնել՝ իրավիճակը չթեժացնելու նպատակով: Այդուհանդերձ, համոզված չէ, թե երկարատև սադրանքների դեպքում որքան կարող է պահպանվել այս իրավիճակը:
«Թիրախավորումների զոհերը հիմնականում Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» մարտիկներն են: Սպասելիքներն այն են, որ եթե ավելի վատ չլինի, ավելի լավ չի լինելու: Մենք, իհարկե, չենք ցանկանա, որ Սիրիան նույնպես վերածվի նոր պատերազմական ճակատի: Բայց եթե հետևենք Արտաքին գործերի նախարարության դատապարտող վերջին հայտարարությանը՝ Իսրայելի կողմից Դամասկոսի ու Հալեպի օդանավակայանները թիրախավորելու վերաբերյալ, կնկատենք, որ դատապարտագրի ոճը շատ ավելի խիստ ու վճռական էր: Սա ցույց է տալիս, որ Սիրիան թեև փորձում է հավասարակշռություն պահպանել, բայց չի կարող նաև համարժեք արձագանք չցուցաբերել իսրայելական գործողություններին»,- ասաց Հովիկ Շեհիրյանը:
Անդրադառնալով նախօրեին Իսրայելի կողմից Հալեպի օդանավակայանը 4-րդ անգամ թիրախավորելուն՝ սիրիացի մեր հայրենակիցը հայտնեց, որ Հալեպի օդանավակայանը բավականին մոտ է քաղաքին, ու օդանավակայանի շուրջ կան նաև քաղաքացիական այլ բնակավայրեր: Այս ֆոնին չբացառեց, որ իսրայելական կողմից ագրեսիվ գործողությունների շարունակության դեպքում կարող են լինել նաև այլ զոհեր՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
Ինչ վերաբերում է տեղեկությանը, որ Իսրայելը ցանկանում է իր հարվածների միջոցով կանխել Իրանի կողմից Լիբանանում գտնվող «Հըզբոլլահ» խմբավորմանը հնարավոր ռազմական աջակցությունը՝ լրագրողն ասաց, որ Իսրայելը միշտ էլ Սիրիայի ուղղությամբ իր ագրեսիվ գործողությունները պատճառաբանել է՝ որպես երկրի տարածքում իրանական ներկայությանը վերջ տալու քայլ: Այս անգամ, սակայն, նրա խոսքով, ակնհայտ էր, որ Իսրայելի վերջին հարվածների ու գործողությունների վնասը միայն Իրանին չէ, որ հասցվեց:
«Ունենք Եմենից դեպի Իսրայել հարվածող հրթիռներ: Իրաքից հրթիռներն ուղղվում են դեպի Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի վրա: Բացի այդ, այս անգամվա պատերազմը նման չէ նախորդ դեպքերին, երբ Իսրայելը պատերազմում էր մեկ ճակատով: Տեսնում ենք, որ այսօր Իրանին աջակցող բոլոր խմբավորումներն ու կազմակերպություններն աջակցում են Գազային՝ Պաղեստինի ժողովրդին: Դրանց մեջ է նաև «Հըզբոլլահը», Իրաքի իսլամական դիմադրողականությունը, Եմենի ու այլ ուժեր: Իսրայելն այսպիսով փորձում է իր ուժը ցույց տալ իր ժողովրդին, որպես տարբեր երկրների հետ պատերազմող երկիր, բայց մենք տեսանք, թե ինչպես ինքն անգամ մի խմբավորման դեմ չկարողացավ կանգուն մնալ»,- ասաց սիրիահայ լրագրողը:
Ըստ սիրիացի լրագրողի, այս համատեքստում չպետք է մոռանալ, որ «Հըզբոլլահը» մի քանի անգամ ավելի մեծ ուժի է տիրապետում, քան Իսրայելի դեմ դուրս ելած ՀԱՄԱՍ-ը:
Նրա խոսքով՝ խմբավորման կողմից Գազայի պատերազմին զուգահեռ նոր ճակատ բացելու դեպքում իսրայելապաղեստինյան պատերազմը կարող է աննկարագրելի ծավալների հասնել:
«Ինչպես տեղեկացա Լիբանանցի պատասխանատուներից՝ իրենք փորձում են ամեն դեպքում հանդարտեցնել իրավիճակը: Քանի որ Լիբանանը չի ցանկանում նոր պատերազմի մեջ մխրճվել: Այս ընթացքում էլ Լիբանանում գործող քաղաքական խմբավորումներն ակտիվ հանդիպումներ են նախաձեռնում՝ ստեղծված իրավիճակից հնարավորինս անվնաս դուրս գալու վերաբերյալ հարցեր քննարկելու համար»,- տեղեկացրեց Հովիկ Շեհիրյանը:
Նա նաև հայտնեց, որ Իսրայելական կողմից Սիրիայի թիրախավորված շրջաններում այս պահին հավաքական գաղթ չի նկատվում: Նույնը վերաբերում է նաև հայկական համայնքին: Նրա խոսքով՝ Սիրիայի ժողովրդի համար սովորական են դարձել առկա լարումները:
«Անշուշտ, ոչ պաշտոնական ձևով, բայց ամբողջ հայությունը, և մանավանդ համայնքի պատասխանատուները միշտ նախընտրում են այսպիսի դեպքերում ուղղվել դեպի Հայաստան: Այդպիսի կոչեր եղել են, իհարկե, սակայն պաշտոնական ձևով որևէ գործընթաց նախաձեռնված չէ այս պահին»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ համայնքում մինչև հիմա որևէ վիրավոր ու զոհ, բարեբախտաբար, չի արձանագրվել:
Շեհիրյանը նաև ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց Սիրիայից ՀՀ ԱԳՆ դիմելու պաշտոնական գործընթաց սկսելու հարցը՝ նշելով, որ ինքն այդպիսի որևէ հրապարակում դեռևս չի տեսել:
Նազելի Ստեփանյան