Փաշինյանն արցախցիներին Հայաստանի անձնագիր տալով՝ տրոհելու է արցախցու հավաքական կերպարը. Միրզոյան

Արցախի 12.5 հազար քառակուսի կիլոմետր տարածքն ամբողջությամբ Արցախին հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր այդ քայլի հետևանքով Հայաստան բռնի տեղահանված 120 հազար արցախցիների համար առաջարկում է սահմանել «ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ»։

Առաջարկի մասին այսօր Փաշինյանը տեղեկացրեց Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ մանրամասնելով. «Կառավարությունը նման քայլի է գնում՝ արձանագրելու ԼՂ քաղաքացիների «փախստական լինելու հանգամանքը, որպեսզի և՛ տեղական, և՛ միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորություններն ավելի ընդլայնվեն»։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին նաև արեց 2-րդ առաջարկը՝ նշելով՝ ժամանակավոր պաշտպանության» ստացումից հետո նրանք կկարողանան նաև ՀՀ քաղաքացիություն ստանալ: «Նրանք արագացված կարգով կստանան ՀՀ քաղաքացիություն՝ դիմելու պարագայում, որովհետև կարող է լինեն մարդիկ, որ չեն ուզում, և որից հետո թոշակավորման և մնացած այլ հարցերը շատ արագ կլուծվեն»,- ասաց Փաշինյանը:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը, խոսելով Փաշինյանի արած այս առաջարկի մասին, նշեց.

Կարդացեք նաև

«Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99.9 տոկոսը, ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր՝ հատուկ կոդով, որի վերջին էջում գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը տեր է կանգնում այդ քաղաքացուն։ Փաշինյանը նախ պետք է իրավական առումով հասկանա, թե ի՞նչ է առաջարկում։ Իմ կարծիքով՝ հրապարակային նման հայտարարություն անելով՝ Փաշինյանը ցանկանում է արցախցու հավաքական կերպարը տրոհել։ Դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, արցախցին հրաժարվում է իր իրավունքներից, չի պահանջում այլևս վերադառնալ Արցախ, և Արցախի հարցը դառնում է սոսկ տարածքային հարց, մինդեռ Արցախի հարցը երբեք էլ տարածքային խնդիր չի եղել»,- ասաց Միրզոյանը՝ Փաշինյանի առաջարկը համարելով խնդրահարույց։

Նա խնդրահարույց համարեց նաև իշխանական պրոպագանդայի կողմից Արցախի վտարանդի կառավարության ձևավորման հարցի շուրջ աղմուկն ու վտարանդի կառավարությունը պատերազմ սկսելու նախապայման համարելը։

«Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս կրավորական կեցվածքը, այո, կարող է ինչ-որ տեղ Արցախի վտարանդի Կառավարության ձևավորումը որոշակի խնդիրներ առաջացնել։ Այո՛, Ադրբեջանը դրանից կարող է դժգոհել, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ մենք պետք է բավարարենք Ադրբեջանի այդ պահանջը, չէ՞ որ, քանի դեռ կա արցախցին, կա նաև Արցախի հարցը»,- ասաց Միրզոյանը՝ շեշտելով,՝ եթե նույնիսկ Արցախի վտարանդի Կառավարություն չստեղծվի, դա չի նշանակում, որ Արցախի հարցը փակված է: Սա պետք է լինի Հայաստանի պահանջը։

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախկին նախարարի խոսքով՝ քաղաքագիտական ուսումնասիրությունները փաստում են՝ չճանաչված պետությունները չեն կարող գոյություն ունենալ, եթե չունեն հովանավոր, իսկ Արցախի դեպքում Արցախը սնուցող հովանավորը Հայաստանն է եղել այս ողջ ընթացքում։

«Երբ այդ հովանավոր պետությունը կտրել է իր օգնությունը, չճանաչված պետությունները դադարել են գոյություն ունենալ։ Արցախի դեպքը գալիս է ապացուցելու այդ տեսության ճշմարտությունը։ Արցախի ներկայիս վիճակի պատասխանատուն Հայաստանի այն ուժերն են, որոնք մտածում էին, որ Արցախից ազատվելով՝ Հայաստանը կարող է ունենալ լավ ապագա, մինչդեռ, կյանքը ցույց տվեց, որ Արցախից հրաժարվելով՝ Հայաստանը կանգնեց նոր խնդիրների առաջ»,- ասաց Միրզոյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս