Արևմուտքի ակնհայտ պրոադրբեջանական քաղաքականության ֆոնին՝ ՀՀ իշխանությունների պրոարևմտյան քաղաքականությունը զարմացնում է. միջազգայնագետ
Հոկտեմբերի վերջին՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև նախատեսվող հանդիպումը չի կայանա: Այս մասին այսօր հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ դա պատճառաբանելով ժամանակի սղությամբ:
APRI Armenia վերլուծական կենտրոնի` «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի ժամանակ նա նաև տեղեկացրել է, որ աշխատանքները շարունակվում են՝ նոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ «ի վերջո, փաստաթուղթ կստորագրվի»:
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դեռևս հոկտեմբերի 5-ին Գրանադայում հայտարարել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման նախապատրաստման մասին: Փաշինյանն էլ հանդիպմանը ներկա գտնվելու պատրաստակամություն էր հայտնել:
Հոկտեմբերյան հանդիպումը չկայանալու վերաբերյալ Կլաարի այս հայտարարությանն արձագանքեց Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը՝ վստահեցնելով, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի հետաձգման հետ:
Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մասնակցել նաև հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այդուհանդերձ, Ալիևը ներկա էր գտնվել Բիշքեկում՝ Մոսկվայի նախաձեռնությամբ կայացած ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին: Ւսկ այդ երկրի արտգործնախարարը մասնակցել էր հոկտեմբերի 23-ին՝ Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպմանը:
Անդրադառնալով հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված ու հետաձգված հանդիպմանը՝ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այդպիսի հանդիպումների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք է բերվում դեռևս ամիսներ առաջ, ու դրա հետաձգումը չի կարող պայմանավորված լինել ժամանակի սղությամբ: Նրա տպավորությամբ՝ այս դեպքում էլ, կարծես, կրկնվում է Գրանադայի պատմությունը, երբ Ալիևը պարզապես չմասնակցեց նախապես հայտարարված հանդիպմանը:
«Տոյվո Կլաարը նշեց, որ հանդիպումը հետաձգվում է ժամանակի սղության պատճառով, բայց նա չշեշտեց, թե ում ժամանակի սղության պատճառով: Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանը հայտարարած լինի, որ ժամանակի սղության պատճառով չեն կարող մասնակցել: Սա պարզապես Գրանադայի պատմությանն է նման:
Կա նաև երկրորդ տարբերակը. «3+3» ձևաչափի հանդիպումից հետո ԵՄ-ն ստացել է տեղեկություն, որ այնտեղ քննարկվում են հարցեր, որի վրա ինքը չի կարող ազդեցություն ունենալ: Հետևաբար, ստիպված են եղել շտապ կերպով նոր հանդիպում կազմակերպել, ինչն էլ, ըստ էության, ֆիզիկապես հնարավոր չի եղել անել»,- ասաց Բալասանյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից, ըստ էության, արևմտյան հարթակները մերժելու և վեկտորի փոփոխության քաղաքականությանը՝ միջազգայնագետը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանն էժան գազի խոստմամբ «գնել» է Եվրոպային՝ հստակ իմանալով, որ այնտեղ որևէ խնդիր չի ունենա՝ անկախ ամեն ինչից: Հետևաբար, միջազգայնագետի խոսքով, Ադրբեջանը կարող է հանդիպումներ ու պայմանավորվածություններ ունենալ ցանկացած հարթակում ու եվրոպական հարթակին «պարտադրել» ընդունել այն:
«Ադրբեջանական կողմը փորձում է իր բարեհաճությունը ցույց տալ ռուսական ու իրանական հարթակներում՝ ցույց տալու, թե իրենք կողմ են հարցերի տարածաշրջանային լուծմանը, բայց Հայաստանը ձախողում է ամեն ինչ: Դրա համար էլ Հայաստանի այս դիրքորոշումը պետք է արժանի պատասխան ստանա և պետք է ընդունվի ադրբեջանական փաստաթուղթը՝ ի դեմս, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի»: Նույնկերպ Քեմալն էր Լենինին փորձում համոզել, որ Հայաստանը իմպերիալիզմի գործակալ է, այդ պատճառով էլ պետք է պրոթուրքական ու պրոադրբեջանական որոշումներ կայացնել: Այդ նույն պատմությունը կրկնվում է հիմա»,- տեսակետ հայտնեց միջազգայնագետը:
Այս ամենի ֆոնին, ըստ մեր զրուցակցի, հայկական կողմը չգիտակցելու պատճառով կամ գուցե եվրոպական կողմից ճնշումների ներքո, ստիպված է գնալ հարցը եվրոպական հարթակներում կարգավորելու ճանապարհով: Այդուհանդերձ, Բալասանյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները ներքուստ գիտակցում են, որ ադրբեջանական կողմը եվրոպական հարթակներում չի պատրաստվում գնալ որևէ զիջման:
Հարցին, թե Ադրբեջանն առաջիկայում ի՞նչ նոր պահանջներ կարող է ներկայացնել եվրոպական հարթակներին՝ նրանց հետ գործակցությունը սերտացնելու պայմանով՝ Բալասանյանն ասաց, որ դա արդեն իսկ անուղղակի ձևով արվել է, Եվրոպան էլ նույնկերպ՝ անուղղակի համաձայնություն է տվել այդ պահանջների իրականացմանը:
«Հակառակ պարագայում, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների կոմիսար Դունյա Միյատովիչը չէր հանդիպի, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների» հետ: Իսկ «Արևմտյան Ադրբեջան» ասելով, գիտենք, որ իրենք նկատի ունեն Զանգեզուրը: Հետևաբար, այստեղ կարող ենք ֆիքսել, որ Արևմուտքն ակնհայտ պրոադրբեջանական խաղ է տանում, բայց զարմանալի է, որ մենք շարունակում ենք հույսներս դնել Արևմուտքի վրա, նախապատվությունը տալիս ենք եվրոպական հարթակին՝ մերժելով ռուսական, իրանական, անգամ վրացական հարթակները, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում»,- ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:
Հիշեցնենք նաև, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Բաքվում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների և ադրբեջանցի մի խումբ «փախստականների» հետ հանդիպման ընթացքում կարևորել էր փախստականների, այդ թվում՝ Հայաստանը լքած ադրբեջանցիների վերադարձի գործընթացը:
Նազելի Ստեփանյան