Բանակային ո՞ր կորպուսներում են ոչ մարտական պայմաններում մահվան դեպքեր արձանագրվել, ո՞րն է եղել թշնամու թիրախում

2023 թվականի օգոստոսի 12-ին 168.am-ը ներկայացրել էր, թե հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը բանակում ոչ մարտական պայմաններում մահվան քանի՞ դեպք է գրանցվել և բանակային ո՞ր կորպուսում: Պարզվել էր, որ 2 շաբաթում 5-րդ բանակային կորպուսում մահվան 3 դեպք է գրանցվել:

Նշենք, որ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարը Սասուն Բադասյանն է, որն այդ պաշտոնին նշանակվել էր 2023 թվականի փետրվարի 17-ին:

168.am-ը գրել էր, որ Բադասյանը 44-օրյա պատերազմի օրերին եղել է Աննա Հակոբյանի՝ «Էռատո» ջոկատի, այսպես ասած«ինստրուկտորը»:

Օգոստոսի 28-ին 168.amլրացրել էր արդեն ներկայացրած փաստերը:

Կարդացեք նաև

Ամեն դեպքում կներկայացնենք օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին բանակում մարտական և ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի վիճակագրությունը, և, թե բանակային ո՞ր կորպուսներում են դրանք արձանագրվել՝ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունների և բաց աղբյուրների հիման վրա:

Օգոստոսին

– Օգոստոսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը, որի կյանքը փրկել չէր հաջողվել:

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել դեպքի մասին առ այն, որ 2023 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:50-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը, լինելով ազատ հերթափոխում, գետնատնակի մոտ այլ զինծառայողին ամրակցված ինքնաձիգով կատարել է ինքնասպանության փորձ:

Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան հոսպիտալից հաղորդում էր ստացվել, որ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայող Ժորա Կարապետյանը մահացել է:

Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում օգոստոսի 11-ին Ժ․ Կարապետյանին մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում մի խումբ անձանց կողմից անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել էին վերջինիս համածառայակից, ժամկետային երկու զինծառայող։

Ըստ քննության ներկա փուլում ձեռք բերված նախնական տվյալների՝ զինծառայողն ինքնասպանությունը գործել է իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման արդյունքում։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորագրություն էր տարածել, որ օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը:

 Քննչական կոմիտեի փոխանցմամբ, 2023 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի ետնամասում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ավելի ուշ այս դեպքով ՀՀ քննչական կոմիտեն փաստական նոր տվյալներ էր ներկայացրել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն առերևույթ կատարել է հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ` համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:

Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ գտնվելով ընկճված հոգեվիճակում՝ Գրանիկ Խնկոյանը 2023թ․ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում իրեն ամրակցված ինքնաձիգով արձակել է կրակահերթ և ինքն իրեն պատճառել հրազենային մահացու վնասվածքներ, ինչի հետևանքով տեղում մահացել է:

168.am-ը գրել էր, որ երկու դեպքն էլ տեղի էր ունեցել Արարատի զորամասում՝ 5-րդ բանակային կորպուս:

Ի դեպ, օգոստոսի 16-ին, ըստ ՊՆ-ի, պահեստազորային Գ. Ո.-ն ինքնակամ թողել էր մարտական դիրքը, այնուհետև գերի ընկել: Դեպքը տեղի էր ունեցել Ջերմուկի դիրքային հատվածում, ինչը ևս 5-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ է:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում էր ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը: Ախպրաձորի հատվածը ՀՀ ԶՈՒ բանակային 2-րդ կորպուսի պահպանության տակ է:

-Պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել, որ օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, 2023թ. օգոստոսի 27-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա Հն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել էր քրեական վարույթ:

168.am-ի տեղեկություններով, զինծառայողները եղել են Գորիսի բրիգադից՝ Հատուկ բանակային կորպուս:

Սեպտեմբերին

Սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ (2-րդ բանակային կորպուս) ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել էր 3 զինծառայող՝ Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը:

 Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել էին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը: Նրանք ծառայել են Հատուկ բանակային կորպուսի ենթակայությամբ (Գորիս):

– Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել էր ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված կրակային դիրքին հարակից տարածքում գտնվող խրամաբջիջներից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, շարքային Ալեքս Սուրենի Ավանեսյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։

Կողքին հայտնաբերվել է վերջինիս ամրակցված​ ԿՁԳ տեսակի գնդացիրը։ Նախնական տվյալներով՝ տեղի էր ունեցել ինքնասպանություն՝ իրեն ամրակցված գնդացրով:

Այնուհետև ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային վաշտի հրամանատարը, կոչումով՝ լեյտենանտ, շարքի դիմաց, ծառայակիցների ներկայությամբ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ է կատարել մարտական հերթապահության ընթացքում մարտական դիրքում քնող զինծառայողի հասցեին, ինչի արդյունքում 2023 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19։55-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի կրակային դիրքի հարակից տարածքում՝ խրամաբջիջներից մեկում զինծառայող Ալեքս Ավանեսյանն իրեն ամրակցված գնդացրից կրակոց է արձակել իր գլխի ճակատային հատվածին և ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքից մահացել:

Հրամանատարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով («Ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, որը կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից») և 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով («Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ հրամանատարի (պետի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ, կամ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում»):

News.am-ը գրել էր, որ Ալեքսը ծառայում էր Տավուշի մարզի զորամասերից մեկում՝ 3-րդ բանակային կորպուս:

Հոկտեմբերին 

– Հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունեցել է 1 զոհ՝ Արամ Տիգրանի Քոչարյան (Գեղարքունիք, 2-րդ բանակային կորպուս):

Հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել էր ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը (Հատուկ բանակային կորպուս):

Ավելի ուշ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, որ շարքային Նարեկ Նազարյանը սպանվել է համածառայակցի կողմից։ 

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Եթե հանրագումարի բերենք այս բոլոր բաց փաստերը, ապա օգոստոսից մինչև հոկտեմբերի 24-ը բանակում մահացել է 13 զինծառայող, որոնցից 5-ը (3 դեպք)՝ հակառակորդի կրակոցից՝ Վանիկ Արամի Ղազարյան, Անդրանիկ Արշակի Անտոնյան, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյան, Վաչագան Սարոյի Վարդանյան, Արամ Տիգրանի Քոչարյան, ինժեներական աշխատանքներ կատարելիս 2-ը՝ մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյան, զինծառայող Արթուր Հայկի Պողոսյան, ոչ մարտական պայմաններում կամ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացել է 6 զինծառայող՝ Ժորա Զոհրաբի Կարապետյան, Գրանիկ Վարդանի Խնկոյան, Արտյոմ Արայի Հայկազյան, Արմեն Հայկի Խաչատրյան, Ալեքս Սուրենի Ավանեսյան, Նարեկ Արմենի Նազարյան (5 դեպք):

Ինչ վերաբերում է, թե բանակային ո՞ր կորպուսներում են ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահվան դեպքերը հիմնականում տեղի ունեցել, նշենք, որ այս առումով աչքի են ընկնում 5-րդ բանակային կորպուսը՝ հրամանատար Սասուն Բադասյան, և Հատուկ բանակային կորպուսը՝ հրամանատար Արմեն Գյոզալյան, իսկ հակառակորդի թիրախում, ըստ զոհերի, հաշվետու ժամանակահատվածում եղել է 2-րդ բանակային կորպուսը՝ հրամանատար Գարեգին Պողոսյան, ով վերջին շրջանում մամուլի թիրախում է նաև: Իհարկե, հերթափոխի և մարտական հերթապահության հետ կապված խնդիրներ կան, բայց դա միայն այստեղ չէ, և այդ հարցը վերադասի լուծելիքն է, ինչպես նաև ծառայության պայմանների բարելավման և դիրքերի կահավորման խնդիրները:

Հավելենք, որ օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ ՀՀ զինված ուժերում կարգապահության վիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ։ Նա հանձնարարել էր մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի շրջանում շահագրգիռ ստորաբաժանումների ներգրավմամբ կազմակերպել լրացուցիչ, անհետաձգելի միջոցառումներ և ուսումնասիրություններ՝ վեր հանելու համար հնարավոր բոլոր խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ ծառայության կրման ընթացքում և հանգեցնել անցանկալի հետևանքների, դեպք-պատահարների։

Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք հանձնարարականներ էր տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին, թե որքանով են դրանք հաշվի առնվել, կարող ենք միայն ենթադրություններ անել: Խնդիրն այն է, որ իրենց ծառայությունը բարեխիղճ չկատարող կորպուսի հրամանատարները պետք է կամ խիստ նկատողություն ստանան, կամ ազատվեն պաշտոնից: Ի դեպ, 5-րդ բանակային կորպուսում ոչ մարտական պայմաններում մահվան դեպք նաև հուլիսին էր արձանագրվել: Մասնավորապես, հուլիսի 26-ին հրազենային մահացու վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը:

Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ զինծառայողի դին հայտնաբերվել էր ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում:

Ավելի ուշ մեղադրանք էր ներկայացվել համածառայակցին՝ սպանություն (ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով) և մարտական դիրքի ավագին՝ հանցանք կատարած անձին աջակցելը (ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով), թեպետ սկզբում խոսքն ինքնասպանության մասին էր։

Այս դեպքն էլ արձանագրվել էր Վայքի զորամասում:

Տեսանյութեր

Լրահոս