«Էռատո» ջոկատի «ինստրուկտորի» կորպուսում մոտ 2 շաբաթում մահվան 3 դեպք է արդեն գրանցվել
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը բանակում մահվան դեպքի մասին միանգամից 2 հաղորդագրություն էր տարածել: Առաջին հաղորդագրության համաձայն, օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը, որի կյանքը փրկել չէր հաջողվել:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել դեպքի մասին առ այն, որ 2023 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:50-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը, լինելով ազատ հերթափոխում, գետնատնակի մոտ այլ զինծառայողին ամրակցված ինքնաձիգով կատարել է ինքնասպանության փորձ:
Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան հոսպիտալից հաղորդում է ստացվել, որ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայող Ժորա Կարապետյանը մահացել է։
Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում օգոստոսի 11-ին Ժ․ Կարապետյանին մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում մի խումբ անձանց կողմից անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել էին վերջինիս համածառայակից, ժամկետային երկու զինծառայող։
Ըստ քննության ներկա փուլում ձեռք բերված նախնական տվյալների՝ զինծառայողն ինքնասպանությունը գործել է իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման արդյունքում։
Ինչ վերաբերում է 2-րդ դեպքին, ապա օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ, 2023 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի ետնամասում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երկու դեպքում էլ գործ ունենք ինքնասպանության դեպքի հետ:
168.am-ի տեղեկություններով, երկու դեպքն էլ տեղի է ունեցել Արարատի զորամասում:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին հրազենային մահացու վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը:
Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ զինծառայողի դին հայտնաբերվել էր ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում:
Ավելի ուշ մեղադրանք էր ներկայացվել համածառայակցին՝ սպանություն (ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով) և մարտական դիրքի ավագին՝ հանցանք կատարած անձին աջակցելը (ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով), թեպետ սկզբում խոսքն ինքնասպանության մասին էր։
Այս դեպքն էլ արձանագրվել էր Վայքի զորամասում:
Նշված երկու զորամասն էլ՝ Արարատ և Վայք, 5-րդ բանակային կորպուսին են ենթարկվում:
Ստացվում է՝ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը մի կորպուսում մոտ երկու շաբաթվա ընթացքում կամ մի քանի օր ավելի մահվան 3 դեպք է տեղի ունենում:
Նշենք, որ 2023 թվականի փետրվարի 17-ին 5-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել Սասուն Բադասյանը:
168.am-ը գրել էր, որ Բադասյանը 44-օրյա պատերազմի օրերին եղել է Աննա Հակոբյանի՝ «Էռատո» ջոկատի, այսպես ասած, «ինստրուկտորը»:
Գուցե կասեք՝ կորպուսի հրամանատարը բազմաթիվ անելիքներ ունի, և նա չի կարող պատասխան տալ 1-2 զորամասում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահվան դեպքերի համար: Գուցե՝ այո, գուցե՝ ոչ, բայց նրան պետք է անհանգստացնի իր կորպուսի զորամասերում տիրող իրավիճակը: Շատ հավանական է, որ 5-րդ կորպուսի հրամանատարին «ձեռք չեն տա», բայց չմոռանանք, որ բանակում մահվան դեպքերի պատճառով ՊԲ հրամանատար է փոխվել՝ Կարեն Աբրահամյանը: Այդ ժամանակ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը, ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն, Զինված ուժերում գրանցվել էր զինծառայողների մահվան 13 դեպք:
Հաղորդագրության մեջ նշվում էր. «Դրանցից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ, մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված էին քրեական գործեր, հանգամանքները պարզվում են»:
Ավելին, բացի ՊԲ հրաամանատարից, պաշտոնյաներ էին ազատվել նաև ՀՀ զինված ուժերից՝ Հայաստանի ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը: