Զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայող Ժորա Կարապետյանի մահվան դեպքով էական մի շարք հանգամանքներ։
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2023 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 18:50-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը, լինելով ազատ հերթափոխում, գետնատնակի մոտ այլ զինծառայողին ամրակցված ինքնաձիգով կատարել է ինքնասպանության փորձ
Զինծառայողը տեղափոխվել է Արարատի ԲԿ, այնտեղից՝ Երևան՝ զինհոսպիտալ։
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելի ուշ՝ օգոստոսի 11-ի վաղ առավոտյան, հոսպիտալից հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայող Ժորա Կարապետյանը մահացել է։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ մարտական դիրքում գտնվող զինծառայողներ։Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում օգոստոսի 11-ին Ժ․ Կարապետյանին մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում մի խումբ անձանց կողմից անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է վերջինիս համածառայակից, ժամկետային երկու զինծառայող։
Ըստ քննության ներկա փուլում ձեռք բերված նախնական տվյալների՝ զինծառայողն ինքնասպանությունը գործել է իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման հետևանքով։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու և դրան առնչություն ունեցող բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: