Ավարտվել է հանցավոր կազմակերպության կողմից թմրամիջոցների շրջանառությանը և ապօրինի զենք պահելուն վերաբերող նախաքննությունը՝ 8 մեղադրյալի մասով

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է հանցավոր կազմակերպության կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և ապօրինի զենք պահելուն վերաբերող՝ 8 մեղադրյալի մասով քրեական վարույթի նախաքննությունը։ Քննչական կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել։

«ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է մի շարք անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնելու նպատակով հանցավոր կազմակերպություն /հանցավոր համագործակցություն/ ստեղծելու, ղեկավարելու և դրան մասնակցելու, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու փորձի, ինչպես նաև՝ զենք և ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը:

Մասնավորապես կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Հ.-ն, առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնելու նպատակով, 2019թ. ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն /հանցավոր համագործակցություն/: Դրա կազմում տարբեր ժամանակահատվածներում ընդգրկել է Վ.Ղ.-ին, Գ.Ս.-ին, Ի.Հ.-ին, Վ.Ա. և Ա.Գ.-ին, կատարել վերջիններիս միջև դերաբաշխումներ, տվել հանձնարարություններ, տնօրինել թմրամիջոցների ապօրինի իրացումից ստացված գումարները, կազմակերպել և ղեկավարել հանցավոր կազմակերպության նպատակներին առնչվող գործողություններ:

Համաձայն ստացված հրահանգների՝ hանցավոր կազմակերպության մասնակիցներ՝ Վ.Ղ.-ն, Գ.Ս.-ն, Ի.Հ.-ն, Վ.Ա.-ն և Ա.Գ.-ն ստանձնել են կազմակերպության ղեկավարի տված հրահանգներն ու ցուցումներն իրականացնելու պարտավորությունը։ Մասնավորապես, վերջիններս անմիջականորեն մասնակցել են հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի իրացմանը, տևական ժամանակ հսկել և ապահովել են հանցավոր կազմակերպության կողմից փաստացի շաhագործվող, Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 9 հասցեում գործող «Օֆիսային» տարածքի անվտանգությունը, որտեղ պահվել են իրացման նպատակով ապօրինի ձեռք բերված տարբեր տեսակի և չափերի թմրամիջոցները և թմրամիջոցների իրացումից ստացված գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները: Նշված անձինք հսկել են հանցավոր կազմակերպության գործունեության համար օգտագործվող հիշյալ շինության ելումուտը, արգելել են կողմնակի անձանց մուտքը շինություն, հանցավոր կազմակերպության ղեկավար Վ.Հ.-ի հանձնարարությամբ ինչպես նշված շինության մոտ, այնպես էլ այլ վայրերում տարբեր անձանց փոխանցել են թմրամիջոցներ, ստացել դրանց դիմաց վճարման ենթակա գումարները և հանձնել Վ.Հ.-ին:

Նույն ժամանակահատվածում հանցավոր կազմակերպության մասնակից Գ.Ս.-ն, մշտական հեռախոսային կապի մեջ գտնվելով Վ.Հ.-ի հետ, տարբեր անձանց հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել՝ վերջիններիս թմրամիջոցներ իրացնելու վերաբերյալ և դրանք իրագործելու նպատակով իրացման համար նախատեսված թմրամիջոցի համապատասխան խմբաքանակը ստացել է Վ.Հ.-ից՝ վերջինիս փոխանցելով համապատասխան չափի գումար:

Հանցավոր կազմակերպության գործունեության ընթացքում դրա ղեկավար Վ. Հ.-ն ինչպես անձամբ, այնպես էլ հանցավոր կազմակերպության մասնակիցների հետ համատեղ, իրացման նպատակով, ապօրինի ձեռք են բերել, պահել և տարբեր անձանց ապօրինի իրացրել են տարբեր տեսակի և չափերի թմրամիջոցներ, որից վերջինը՝ 2023 թվականին մարտի 21-ին, Վ.Հ.-ն Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 9 հասցեում գործող «Օֆիսային» տարածքում Գ.Ս.-ին իրացման նպատակով փոխանցել է խոշոր չափերի՝ 0,96 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որը պետք է իրացներ Ա.Ս.-ին և Ս.Թ.-ին։ Սակայն վերջիններս հանցանքն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ նույն օրը նշված թմրամիջոցը հայտնաբերվել է Գ.Ս.-ի անձնական խուզարկությամբ։ Իսկ հանցավոր կազմակերպության գործունեության շրջանակներում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված և պահված՝ առանձնապես խոշոր չափերի՝ 610,56 գրամ «Մեթամֆետամին», 0,85 գրամ «Հերոին», 0,134 գրամ «ԼՍԴ», 235,92 գրամ «ՄԴՄԱ», 1292,21 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա», խոշոր չափերի՝ 4,35 գրամ «Հաշիշի յուղ», 1,24 գրամ «ADB-FUBIATA», 0,26 գրամ «Մեֆեդրոն», 0,37 գրամ «Կոկաին», զգալի չափերի՝ 0,21 գրամ «Ամֆետամին», 0,11 գրամ «a-PVP», 1,55 գրամ «Ափիոն» և մանր չափի՝ 0,05 գրամ «Ամֆետամին և Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցները հայտնաբերվել և վերցվել են 2023 թվականի մարտի 21-ին Վ.Հ.-ի և հանցավոր կազմակերպության մասնակիցների կողմից փաստացի շահագործվող Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 9 հասցեում գործող «Օֆիսային» տարածքում կատարված խուզարկությամբ։ Այնտեղ հայտնաբերվել է նաև հանցավոր կազմակերպության կողմից թմրամիջոցների իրացումից ստացված 187.700 եվրո, 46.500 ԱՄՆ դոլար գումար և 9.502.500 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, հուշամեդալներ, ձուլակտոր և թանկարժեք քարեր:

Բացի այդ, նշված տարածքում հայտնաբերվել է «COLT DETECTIVE SPECIAL» մոդելի 38 SPECIAL /9×29/ տրամաչափի ակոսափող թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված գործարանային արտադրության 38 SPECIAL /9×29/ տրամաչափի 6 փամփուշտներով:

Նախաքննության ընթացքում Վ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ու 335-րդ հոդվածի 1-ին մասով, Վ.Ղ.-ի, Գ.Ս.-ի, Ի.Հ.-ի, Վ.Ա.-ի և Ա.Գ.-ի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Ա.Ս-ի և Ս.Թ.-ի նկատմամբ` 44-396-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վեց անձի նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերը նշված 8 անձի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, վարույթի նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս