Բաժիններ՝

Որևէ պահից այդ գործոնների չեղարկման պարագայում՝ մենք կանգնելու ենք տնտեսական լրջագույն խնդիրների առջև. Տնտեսագետ

Կառավարությունը հավանություն է տվել 2024 թ. պետբյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծին. ըստ ԱԺ ժամանակացույցի՝ հոկտեմբերի 30-ին նախագիծը կսկսի քննարկվել մշտական հանձնաժողովներում և համատեղ նիստերում: Նկատենք՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ ՀՀ կառավարության այս և մյուս տարվա խնդիրն է՝ ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ: Նա նաև վստահեցրել էր՝ Հայաստանի կառավարությունը կարողանում է կառավարել ճգնաժամերը: Տնտեսական աճերի մասին պարբերաբար խոսում են նաև տնտեսական բլոկի տարբեր ներկայացուցիչներ:

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ 2023 թվականին ՀՀ տնտեսական աճը կկազմի 7 տոկոս, իսկ 2024 թ.՝ 5 տոկոս: Տվյալները հրապարակվել են ԱՄՀ-ի «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» նոր զեկույցում։

Ի դեպ, մեկ այլ միջազգային կառույցի՝ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության փորձագետներ էլ, գնահատելով տնտեսական իրավիճակը  Հայաստանում՝ նկատել էին, որ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների սկսվելը  համահունչ էր Fitch Ratings-ի այն կարծիքին, որ այս վեճի հետ կապված աշխարհաքաղաքական ռիսկերն այս տարի աճել են:

«Մենք կանխատեսում էինք հակամարտության վերսկսման հավանականությունը, երբ հուլիսին բարձրացրինք Հայաստանի վարկանիշը «BB-/կայունի»։ Մեր ակնկալիքները, որ ցանկացած պատերազմ կսահմանափակվի Լեռնային Ղարաբաղով և կունենա մակրոտնտեսական սահմանափակ հետևանքներ, մինչև այժմ արդարացվել են, և հակամարտությունը չի ազդել Հայաստանի վարկանիշի կամ հեռանկարների վրա»:

Կարդացեք նաև

«Եթե տնտեսական հեռանկարների մասին ենք խոսում, ապա և՛ մակրոտնտեսական ցուցանիշները, և՛ կառավարության ու Կենտրոնական բանկի, և՛ միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից վերջին շրջանում թարմացվող գնահատականների տրամաբանությունը շարունակում է մնալ լավատեսական,- 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը՝ պարզաբանելով,- Դրա հիմքում մակրոտնտեսական ցուցանիշներն են, որոնք արձանագրում են տնտեսությունում տեղի ունեցող շարժը:

Բոլոր այն գործոնները, որոնք վերջին 1.5 տարվա ընթացքում ՀՀ տնտեսության համար հանդես են եկել որպես աճի լոկոմոտիվներ, պահպանվում են»:

Տնտեսագետը հիշեցրեց՝ այդ գործոնները հիմնականում արտածին են և մեծապես պայմանավորված են ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական էֆեկտով՝ ռելոկանտների առկայություն, դրամական հոսքերի դրական ֆոն:

«Որոշակի դանդաղման միտում կա, բայց հիմքում, եթե նայենք մեր ՀՆԱ կառուցվածքում կամ ՏԱՑ կառուցվածքում, առևտրի և ծառայությունների ոլորտը դոմինանտում է: Դոմինանտում է նաև շինարարության ոլորտը:

Բայց, ինչպես տեսնում ենք, տնտեսության համար հիմնաքարային երկու հիմնական ուղղությունները՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, զգալիորեն զիջում են առկա աճի տեմպերին. գյուղատնտեսության ոլորտը շարունակում է մնալ  0-ական վիճակում, արդյունաբերությունում անկումներ ենք գրանցում, ինչը մտահոգիչ է:

Այսինքն՝ ըստ էության, առևտրի, սպասարկման, ծառայությունների և շինարարության վրա խարսխված տնտեսական աճը և դրանով արված գնահատականները պահպանվում են»,- մանրամասնեց նա:

Անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների գործոնին, այդ իրավիճակով պայմանավորված ճնշումներին՝ Լիլյա Ամիրխանյանը նախ նկատեց, որ արցախահայության ՀՀ տեղափոխվելու պարագայում ստեղծվում է լրացուցիչ պահանջարկ, որը ծախսային և առևտրային տրամաբանության մեջ՝ նոր տնտեսական ակտիվության խթան կարող է հանդիսանալ:

«Եթե պետբյուջեի ծախսերն արդարացված են, ապա պետբյուջեի ծախսումների ավելացումը որևէ կերպ չի կարելի համարել միայն բացասական. եթե այդ ծախսումների ավելացման արդյունքում պետք է հավելյալ արժեք ստեղծվի և նորից վերադառնա պետբյուջե, ապա դա օրինաչափ երևույթ է: Այլ է հենց ինստիտուցիոնալ մեխանիզմների բացակայության, ոչ արդյունավետության խնդիրը՝ ոչ միայն Արցախից բռնի տեղահանված մեր քաղաքացիների պարագայում, այլև ռելոկանտների,- հավելեց տնտեսագետը, ապա ամփոփելով՝ նկատեց,- Սա թույլ է տալիս ենթադրելու, որ արձանագրված տնտեսական աճը  շարունակում է մնալ ոչ կայուն, և որևէ պահից այդ գործոնների չեղարկման պարագայում՝ մենք կանգնելու ենք լրջագույն խնդրի առաջ. կանգնելու ենք անկումային արդյունաբերություն ունեցող տնտեսության, գյուղատնտեսության ոլորտի խնդիրների առաջ, արտահանելի ոլորտի զարգացման խնդիրների առաջ: Մենք այսօր արդեն կանգնած ենք այդ խնդիրների առաջ, պարզապես մյուս ցուցանիշները, կարծես թե, վիճակագրորեն  ծածկում են այդ բացերը. այսինքն՝ այդ բացերն այլևս ծածկելու հնարավորությունը չի լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս