Այս ձևաչափում Հայաստանի համար գլխավոր խնդիրն Իրանի համար հարթակ ապահովելն է. Արմեն Պետրոսյան

Այսօր Թեհրանում նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը:

Ավելի վաղ ԻՌՆԱ գործակալությունը հայտնել էր, որ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում կարող են հանդիպել «3+3» ձևաչափի շրջանակում` քննարկելու հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները և փորձելու ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը:

Ի՞նչ սպասել այս հարթակից, արդյոք անհրաժե՞շտ էր Արևմտյան հարթակներում հրաժարվել Արցախից, ապա նոր միայն մասնակցել տարածաշրջանային բանակցություններին՝ 168.amի այս հարցադրումներին ի պատասխան՝ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը մանրամասնեց. «Իրականում, այս հարթակն այս պահին Հայաստանի համար բավականաչափ երկիմաստ է՝ և՛ հնարավորությունների, և՛ վտանգների տեսանկյունից, որովհետև այս պահին այս ձևաչափում Հայաստանի համար գլխավոր խնդիրը, նպատակն Իրանի համար հարթակ ապահովելն է»:

Ըստ փորձագետի՝ Իրանի համար այդ հարթակի ապահովումը կարևոր է, քանի որ ձևաչափի մյուս երկրների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի շահերը բավականին ներդաշնակ են տարածաշրջանային արդիական՝ ճանապարհների և կապուղիների ապաշրջափակման հարցի շուրջ:

Կարդացեք նաև

«Միանշանակ է, որ այս խնդրի լուծումը Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը տեսնում են մի համատեքստում, իսկ Իրանը և Հայաստանը՝ մեկ այլ: Դրանով է կարևոր, որ Հայաստանը պետք է փորձի նպաստել Իրանի համար հարթակի ապահովմանը, քանի որ տեսնում ենք՝ ներկայում Իրանի համար բավականաչափ բարդ իրավիճակ է՝ նաև հաշվի առնելով պաղեստինյան հիմնախնդիրը, որտեղ Իրանի բոլոր հակառակորդները, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, փորձում են թուլացնել Իրանի ազդեցությունը:

Այս պահին կարևոր է, որ Թեհրանի հանդիպումը կայանա, և Իրանը վերահաստատի իր սկզբունքները նաև մեր տարածաշրջանում առկա խնդիրների վերաբերյալ,- շեշտեց Արմեն Պետրոսյանը՝ նկատելով, սակայն, որ այս հարթակը միևնույն ժամանակ խնդրահարույց է,- Նախ՝ մյուս խաղացողներն ունեն ավելի սինխրոն դիրքորոշում: Երկրորդ՝ Ադրբեջանը փորձելու է օգտագործելու 3+3 ֆորմատը՝ հետագայում բոյկոտելու արևմտյան ձևաչափերը, որտեղ նա հստակ պայմանավորվածություններ և տված խոստումներ ուներ, կամ եթե դրանք էլ չմերժի, ապա այս ձևաչափում եղած պայմանավորվածություններին հղում տալով՝ բրյուսելյան բանակցություններում դարձյալ որևէ վերջնական լուծման չգալու համար: Երրորդը՝ այս հանդիպման իրողությունը կարող են Հայաստանի դեմ օգտագործել նաև արևմտյան խաղացողները՝ իրենց անգործությունը հիմնավորելու նպատակով (այսինքն՝ նշելով, որ եթե դուք 3+3 –ում պայմանավորվածություններ եք ձեռք բերել՝ մեզ համար արդեն դժվար կլինի այս ֆորմատում պայմանավորվածություններն առաջ մղել. այն, ինչ անում էր ՌԴ-ն)»:

Տարածաշրջանային հարցերով փորձագետը շեշտեց սակայն՝ այս ամենով հանդերձ, «վեցյակի» ձևաչափը բոյկոտելը սխալ է, որովհետև պաղեստինյան հիմնախնդրի շրջանակներում Իրանի ներգրավվածությունը, փաստացի, թուլացնում է նրա ուշադրությունը մեր տարածաշրջանում, իսկ դա կարող է Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից որպես հնարավորություն դիտարկվել՝ «միջանցքի» հարցն արագ լուծելու համար: Նա չբացառեց նաև՝ այդ հարցն արագ լուծելու ռազմական սցենարը:

«3+3»-ի առաջին հանդիպումը փոխարտգործնախարարների մակարդակով անցկացվել է անցյալ տարի Մոսկվայում՝ առանց Վրաստանի ներկայության, այս տարի ևս պաշտոնական Թբիլիսին հրաժարվել է այս ձևաչափով հանդիպումից: Վրաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ռուսաստանյան գործոնի պատճառով չի մասնակցի նշված ձևաչափին:

Նշենք, որ վրացական կողմից նախորդիվ մի քանի անգամ առաջարկներ են եղել՝ իրենց միջնորդությունն օգտագործել հայ-ադրբեջանական բանակցությունների համար:

Տարածաշրջանային հարցերով փորձագետն անդրադառնալով վրացական դիրքորոշմանը, այն է՝ 3-ի ձևաչափում ներգրավվածությանը համաձայնել, իսկ 3+3-ը մերժել, հիշեցրեց. «3+3-ի նպատակը տարածաշրջանի բոլոր խնդիրները հենց այդ ձևաչափում լուծելն է, այդ թվում՝ օրինակ, աբխազական, հարավօսական խնդիրը՝ Վրաստան-Ռուսաստան հակամարտությունը: Իսկ այս պարագայում, բնականաբար, Վրաստանին ձեռնտու չէ՝ ձևաչափում, որտեղ նրա արևմտյան դաշնակիցները ներկա չեն, որևէ բանակցության մասնակցի ՌԴ-ի հետ:

Մյուս կողմից՝ Վրաստանը կարևոր հարաբերություններ ունի արևմտյան դերակատարների հետ, և, բնականաբար, նաև նրանց շահերն առաջ մղելով՝ բոյկոտում է այս ձևաչափը, որովհետև այս հարթակի նպատակներից մեկն էլ արտատարածաշրջանային խաղացողներին տարածաշրջանի խնդիրներից հեռու պահելն է»:

Նշենք, որ «վեցյակի» պլատֆորմի ստեղծման գաղափարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանինն էր: Այս ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերի 10-ին։

Տեսանյութեր

Լրահոս