Բաժիններ՝

«Երկնքից երեք խնձոր ընկավ» վիպակն ԱՄՆ քաղաքների բեմերում կմարմնավորեն Ստեփանակերտի թատրոնի դերասանները

Նյու Յորք, Նյու Ջերսի, Ֆիլադելֆիա, Վաշինգտոն և Լոս Անջելես քաղաքներում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանական կազմը հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 5-ը կներկայացնի Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վիպակի բեմականացված տարբերակը։

«Թատրոնի ամերիկյան հյուրախաղերի կազմակերպման ուղղությամբ աշխատանքը սկսել էինք դեռ տարեսկզբից։ Մինչև Միացյալ Նահանգները, արցախցի դերասանները մեծ հաջողությամբ հանդես էին եկել նաև ՀՀ-ում և արտերկրում»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ներկայացման ռեժիսոր նյույորքաբնակ Կարինե Քոչարյանը:

2021-ին ժամանակավորապես հաստատվելով Ստեփանակերտում՝ Վահրամ Փափազյանի անվան թատրոնում մի քանի ամսվա աշխատանքի արդյունքում նա Նարինե Աբգարյանի վերը նշված գիրքն ադապտացրել էր թատերական ներկայացման համար ու բեմականացրել նախ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում, ապա թատերական խմբի հետ հյուրախաղերով մեկնել Ֆրանսիա, Բելգիա, Ավստրիա, Գերմանիա և Ռուսաստան։

«Եթե օրինակ Մոսկվայում մենք 6-ի փոխարեն 16 ներկայացում խաղայինք, սրահները միևնույն է կշարունակեին լեփ լեցուն լինել։ Այս հաջողությունների արդյունքում ծագեց նաև խումբն ԱՄՆ բերելու գաղափարը»,-նշեց Քոչարյանը։

Նյու Յորքում հոկտեմբերի 20-ի բեմելից հետո արցախցի դերասանները Միացյալ Նահանգներում հանդես կգան հետևյալ ժամանակացույցով՝ Նյու Ջերսի հոկտեմբերի 21 և 22, Ֆիլադելֆիա՝ հոկտեմբերի 26, Վաշինգտոն՝ հոկտեմբերի 29, Լոս Անջելես՝ նոյեմբերի 4 և 5: Հյուրախաղերի կազմակերպմանը սատարել են Համազգային թատերական միությունը, և Հայ օգնության միությունը, որոշ նյութական աջակցություն է հատկացրել Հայ բարեգործական ընդհանուր միությունը:

Արցախից ժամանած 12 դերասանները ներկայացումը խաղում են հայերեն` լուսագրերի միջոցով զուգահեռ ընթացող անգլերեն թարգմանությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս