Թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումները գիշերային՝ սահմանափակ տեսանելիության պայմաններում հարձակման սցենար են փորձարկել

Հոկտեմբերի 23-25-ը թուրք-ադրբեջանական մարտավարական համատեղ զորավարժություններ են անցկացվելու մի քանի ուղղություններով ու վայրերում, այդ թվում՝ Բաքվում, Նախիջևանում և Ադրբեջանի վերահսկողությանն անցած արցախյան տարածքներում:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, թուրքական զինված ուժերի F-16 ինքնաթիռներն արդեն Ադրբեջանում են:

Ադրբեջանի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունների նախօրեին երկու երկրների «Կոմանդո» ստորաբաժանումները տարբեր խնդիրների լուծմանն ուղղված գործողություններ են փորձարկել: Մասնավորապես, գիշերային՝ սահմանափակ տեսանելիության պայմաններում, կատարելով տակտիկական վերատեղաբաշխում, ստորաբաժանումները հարձակում են իրականացրել և վնասազերծել պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբին՝ տեղակայման կետում: Այսինքն, նպատակն է՝ զարգացնել, կատարելագործել ադրբեջանական հատուկ ջոկատայինների տակտիկական հմտությունները գիշերային տեսանելիության պայմաններում:

Իսկ այսօր ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչության դիմաց՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի դեմ բողոքի ակցիա էր կազմակերպվել: Ի դեպ, նա ցուցարարներին պարբերաբար զգուշացնում էր, որ չի կարելի վտանգել Հայաստանը:

Կարդացեք նաև

168.amի հետ զրույցում ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը նշել էր, որ «թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ մասնակիցները կրում են շևրոններ, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով կապված են իրար հետ, և Սյունիքը ներառված է իրենց պետության կազմի մեջ՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի: Այսինքն, Ադրբեջանը և Թուրքիան մեկ գույնով է ցույց տրվում՝ Սյունիքը ներառված այդ կազմի մեջ»:

Ի դեպ, տեղին է հիշեցնել, որ դեռ օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, թուրքական F-16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։

«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- հավելել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս