2018թ. մայիսի 8-ից հետոյի տերն ինքն է. 2018թ. ընտրվել ես, 2021թ. նոր ես իմացե՞լ Ալմա-Աթայի մասին
«Ես ուզում եմ ի լուր մեր հանրությանը հայտնեմ, որ ՀՀ-ում կա առնվազն մեկ քաղաքացի, որն անընդունելի է համարում Հայաստանում տեղի ունեցող իրողությունները,- Հանրապետության հրապարակում իր նախաձեռնած հավաք-քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ մանրամասնելով,- Գոնե մեկ քաղաքացի կա, որը լսելով ԵԽ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը, չի կարող ընդունել, որ Հայաստանում կարող է լինել հանրային ծառայող՝ ընդամենը մի պաշտոնյա, որն առանց Սահմանադրական հանրաքվեի, առանց ժողովրդի թույլտվության բանակցի ՀՀ սուվերեն տարածքը, անունը դնի անկլավ, այլ պետությանը հանձնելու մասին։ Մեր Սահմանադրությունն ասում է՝ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն կարող է լինել միայն հանրաքվեի միջոցով»:
Էդգար Ղազարյանը շեշտեց՝ «անկլավ», «չեզոք գոտի», «միջանցք» և նմանատիպ այլ հասկացություններ մեր Սահմանադրությունը և օրենքները չեն նախատեսում, հետևաբար, ոչ մի պաշտոնյա իրավունք չունի հնարել այդպիսի տերմիններ ու այդ տերմիններով մեր հայրենիքը հանձնի թշնամուն։
«Կա մի քաղաքացի, առնվազն, որ դրան դեմ է։ Կա մի քաղաքացի, որը ԵԽ-ում նրա ելույթին հետևելուց լսում է, որ ինքը խոստովանում է՝ ականապատ դաշտերի քարտեզներն Արցախի ՊԲ-ից վերցրել է և հանձնել է թշնամուն, և դա համարում է բարի կամքի դրսևորում: Դա իր մեկնաբանությունն է. ՀՀ Քրեական օրենսգրքում դրա համար նախատեսված հոդվածը շատ հստակ է ձևակերպված՝ կոչվում է պետական դավաճանություն, որի նկարագրությունը հետևյալն է՝ գաղտնի տեղեկությունները թշնամուն փոխանցել, իսկ ականատապ դաշտերի քարտեզները ռազմական բնույթի հույժ գաղտնի տեղեկություններ են։
Եվ եթե այս երկրում չկա որևէ ոստիկան, որևէ քննիչ, դատախազ, ԱԱԾ որևէ սպա, որն այդքան բանը չի հասկացել, ապա ես բոլորին ուզում եմ ասել, որ ՀՀ-ում կա՛ առնվազն մի քաղաքացի, որ դա հասկացել է»,- հավելեց նա:
Հասարակական-քաղաքական գործիչը նկատեց՝ հայ ժողովուրդը պետք է իր ուժերը գեներացնի, քանի որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ու ժողովուրդը չպետք է թույլ տա, որ այդ իշխանությունը զավթվի ու ծառայեցվի թշնամու շահերին:
Էդգար Ղազարյանը վստահեցրեց նաև, որ հայկական կողմի զիջումները մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո:
«Ինքն ինչ հեքիաթներ էլ ուզում է՝ պատմի, ինչ ցնդաբանություններ էլ ուզում է՝ դուրս տա, մենք շատ լավ գիտենք, չէ՞, մինչև 2018 թվականի մայիսի 8-ն ինչ իրադարձություններ են ծավալվել մեր երկրում, և ինչ իրադարձություններ՝ 2018 թվականի մայիսի 8-ից հետո: Եվ 2018 թվականի մայիսի 8-ից հետոյի ամեն ինչի տերն ինքն է:
Բա դու 2018 թվականին ընտրվել ես վարչապետ, 2021 թվականին նոր իմացել ես, որ գոյություն ունի Ալմա Աթայի հռչակագի՞ր,- զարմանքով արձանագրեց նա՝ հիշեցնելով,- Իրեն հարցնում էին՝ ասում էին՝ հանդիպել ե՞ս երբևէ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Էդվարդ Նալբանդյանի, Վարդան Օսկանյանի հետ՝ այն մարդկանց հետո, որոնք վերջին 20 տարին Ղարաբաղի հարցում բանակցել են: Չէ, ասում էր՝ ես ինչ կարիք ունեմ. ես իմ զրոյական կետից եմ բանակցում»:
Մանրամասները՝ տեսանյութում