Տարածք՝ առանց պետության 

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից գրած իր վերջին հոդվածներում հանդես է եկել Արցախի հարցի, Արցախի հետագա ճակատագրի, արցախյան հիմնախնդրի էջը որևէ պարագայում փակված չհամարելուն ուղղված առարկայական առաջարկներով՝ հիմնված «պետություն՝ առանց տարածքի» մոդելի վրա: Աշոտյանն իր առաջարկը և դրանից բխող բազմաթիվ պահանջվող քայլերը հիմնավորել է փաստարկների կուռ համակարգով, որոնք կարող են և պետք է դառնան հանրային-քաղաքական օրակարգի, քննարկումների առարկա, հատկապես, որ մինչ այս պահը ինստիտուցիոնալ կոչվող ընդդիմությունն Աշոտյանի ներկայացրածին անգամ փոքր-ինչ համադրելի որևէ առաջարկ չի կատարել:

Միջազգային հարթակներում Արցախի հարցի առաջմղումը «պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգով իսկապես կարող է լուրջ քաղաքական կապիտալիզացիա ապահովել ոչ միայն արցախահայության հումանիտար խնդիրների, այլ հիմնախնդրի հենց քաղաքական լուծման տեսանկյունից: Սակայն Արմեն Աշոտյանի առաջարկը կարող է արդյունավետ լինել միայն հայկական իրականության ընդհանուր համապատկերում դիտարկելու և ներհայկական քաղաքական  իրողությունների հետ համադրելու պայմաններում: Իսկ այդ իրականությունում, իրերն իրենց անուններով կոչելու դեպքում, պետք է արձանագրել նաև, որ Հայաստանը՝ ինքը, արդեն տևական ժամանակ ապրում է «տարածք՝ առանց պետության» մոդելով:

Խոսքն իրական պետության, պետության բովանդակության մասին է, որը Նիկոլ Փաշինյանի հետևողական քայլերի արդյունքում հասցվել է գրեթե զրոյական մակարդակի՝ տեղը զիջելով պետության ֆորմալ, ձևական ատրիբուտներին: 2018 թվականից հետո իշխանությունը մեթոդաբար վարել է այնպիսի քաղաքականություն, որը հանգեցրել է պետության բովանդակային, գործառութային կազմաքանդմանը, ինչի հետևանքն էր նաև Արցախի կորուստը:

Այսօր էլ Հայաստանի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքներն ու դրանց դիմակայելուն ուղղված իշխանությունների՝ լավագույն դեպքում՝ մակերեսային, իրավիճակային քայլերը, պետության բովանդակության մսխման արտահայտությունն են: Բոլոր այս և չթվարկված այլ գործոնների ազդեցությամբ Հայաստանը, հատկապես արցախյան վերջին պատերազմից ու հաստատապես Արցախի վերջնական հայաթափումից հետո վերածվել է «տարածքի՝ առանց պետության», որի անգամ ձևական, «կադաստրային»  գոյությունը վտանգված է գործող իշխանությունների պատճառով: Սա նշանակում է, որ Հայկական հարցի, արդեն իսկ Արցախի ընդգրկմամբ ու դրանով միանգամայն նոր իմաստ ստացած Հայկական հարցի լուծումը բազմապատիկ բարդ է այն առումով, որ Արցախի խնդիրն աշխարհի քաղաքական օրակարգում «պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգով առաջ մղելուն զուգահեռ, իսկ գուցե դրանից առաջ՝ անհրաժեշտ է Հայաստանում արմատապես լուծել «տարածք՝ առանց պետության» անոմալիան, որը սպառնում է Հայաստանը զրկել նաև տարածքից: Դա չափազանց բարդ, այս պահին գրեթե անլուծելի թվացող խնդիր է, քանի որ Հայաստանի իրական, բովանդակ պետության միակ շահառուն հայ հասարակությունն է, այն դեպքում, երբ հակառակի՝ «տարածք՝ առանց պետության»  խեղկատակության շահառուների ցուցակը չափազանց երկար է՝ սկսած քրիստոնյա գերտերություններից, մինչև նրանց մուսուլման դաշնակիցներ ու անհավատ հայ սատրապներ:
Ազատություն Արմեն Աշոտյանին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին:

Կարդացեք նաև

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս