Բաժիններ՝

Բայդենը ՀԱՄԱՍ-ին համեմատել է ԻՊ-ի հետ և կարծիք հայտնել, որ Գազայի հիվանդանոցի հրթիռակոծությունն իրականացրել է «մյուս թիմը»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելում հանդիպում է անցկացրել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ և աջակցել Իսրայելի այն պնդմանը, որ հոկտեմբերի 17-ին Գազայի ալ-Ահլի հիվանդանոցում պայթյունը տեղի է ունեցել պաղեստինյան զինյալների հրթիռակոծության հետևանքով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ես խորապես վշտացած և վրդովված էի երեկ Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունից, և հիմնվելով այն ամենի վրա, ինչ տեսել եմ, երևում է, որ դա արվել է մյուս թիմի կողմից, ոչ թե ձեր», – ասել է Բայդենը Նեթանյահուին՝ հավելելով, որ շատերը դրանում այնքան էլ համոզված չեն, այնպես որ, «մենք ստիպված ենք շատ բան հաղթահարել»։

ԱՄՆ նախագահը նաև խոսել է հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումների մասին՝ հայտնելով, որ դրանց զոհ է գնացել 31 ԱՄՆ քաղաքացի։

Ջո Բայդենը ևս մեկ անգամ խոստացել է ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին՝ նշելով, որ իր այցի նպատակն է անձամբ ցույց տալ Իսրայելի ժողովրդին և աշխարհին ԱՄՆ-ի դիրքորոշումը։

Սպիտակ տան ղեկավարը նաև զուգահեռներ է անցկացրել ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև` նշելով, որ ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված վայրագությունների ֆոնին ԻՊ-ն «ավելի ռացիոնալ է երևում»։

Իր հերթին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Բայդենին՝ Իսրայելին աջակցության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս