Պայքար՝ տարածաշրջանային շանտղու սեփականության համար

Արցախում տեղի ունեցած ողբերգությունից հետո ու Հայաստանին սպառնացող աղետներից առաջ հայ հասարակությունը մնացել է միայնակ՝ գործնականում ողջ աշխարհի հետ դեմ հանդիման: Արցախում կատարվածը լայն իմաստով ձեռնտու էր բոլոր աշխարհաքաղաքական խաղացողներին՝ սկսած Ռուսաստանից ու հավաքական Արևմուտքից, մինչև Թուրքիա ու Իրան: Իրավիճակի ողբերգականությունը, սակայն, հայկական շահի դեմ աշխարհաքաղաքական կոնսենսուսը չէ, դա մեծ հաշվով կարող է պատահել ցանկացած ժողովրդի հետ:

Մեր դեպքում այդ ամենին գումարվել է նաև իրողությունը, որ Հայաստանի իշխանությունն այս բարդ աշխարհաքաղաքական պարտիայում հանդես է գալիս ոչ թե հայ հասարակության հետ նույն դիրքերից՝ պաշտպանելով հայկական շահը, այլ փորձում է բավարարել մնացած բոլոր երկրների շահերը, բոլորինը՝ բացի Հայաստանից:

Դա, իհարկե, չի արվում կացնային ուղղախոսությամբ, հակառակը՝ այլասպասարկությունը փորձ է արվում հիմնավորել պաթետիկ հռետորաբանությամբ և ներկայացվում է այնպես, որ, ասենք, Ադրբեջանի կամ Թուրքիայի այս կամ այն պահանջի բավարարումը բխում է Հայաստանի շահերից, որ Արևմուտքի այսինչ պարտադրանքը կամ Ռուսաստանի այնինչ սադրանքն իսկական նվեր է Հայաստանի համար, որի նվիրյալ իշխանությունը պետական շահերն իրացնում է՝ իրեն չխնայելով:

Իրականությունը, սակայն, միանգամայն այլ է: Քանի որ Նիկոլ Փաշինյանին տիեզերքում գոյություն ունեցող բոլոր շահերից ամենաշատը հետաքրքրում է սեփական իշխանության պահպանման շահը, նա հենց դրա սպասարկումն է տեղավորում գեոպոլիտիկ ու ռեգիոնալ խաղի մեծ խաղատախտակում, և եթե պետք է, այդ նույն շահի բավարարման համար զոհաբերում է Հայաստանից պահանջվող ամեն ինչ: Ընդ որում, այս հարցում նրա պատրաստակամությունը հասել է այլասերման ատիճանի. զոհաբերելով Արցախը՝ նա պահպանել է իշխանությունը, ինչը վստահություն է ներշնչել, որ կարելի է շարունակել զոհաբերությունները՝ առանց իշխանության համար լուրջ վտանգներ սպասելու (մոտավորապես «ամբողջ Արցախի համեմատ՝ մի քանի անկլավն ու ճանապարհը ի՞նչ են, որ» տրամաբանությամբ):

Կարդացեք նաև

Արցախի հետ կատարված ու Հայաստանի դեմ նյութվող դավադրությունն աշխարհաքաղաքական փոխշահավետ գործարք է, որի մասնակիցներից յուրաքանչյուրը ստանում է իր հասանելիքը՝ հավաքական Արևմուտքն ու Ռուսաստանը բավարարում են իրենց տարածաշրջանային ու ավելի մեծ ընդգրկում ունեցող շահերը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ հասնում են իրենց հարյուրամյա երազանքին, գործարքի մյուս մասնակիցն էլ կամ օպերացիայի տեղական մոդերատորը՝ Նիկոլ Փաշինյանը, պահպանում է իշխանությունը Հայաստանից դեռևս մնացած հատվածում: Շահում են բոլորը, բացի հայ հասարակությունից ու հայկական շահից: Այդ է պատճառը, որ որքան ավելի ցավագին են գործող իշխանության պատճառով Հայաստանին հասցվող հարվածները, այնքան ավելի գորովագին են նրան ընդունում աշխարհում, աշխարհի այն հատվածում, որի շահերը բավարարվում են Հայաստանին հասցվող հարվածներով:

Արևմուտքը Նիկոլ Փաշինյանին ընդունում է համարյա Զելենսկու ընդունելությանը հասնող ցափողջույններով ու «համարձակության մասին» հիացական բացականչություններով՝ նաև դրա համար նրան հրավիրելով ելույթ ունենալ Եվրոպայի խորհրդում, Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով գովեստի խոսքեր է շռայլում նրա հասցեին ու հիմնավորումներ հորինում սեփական ազգին պատճառած ցավն  արդարացնելու համար, Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հիացմունքն արտահայտում են սեփական վերահսկվող մամուլի միջոցներով…

«Նա շան որդի է, բայց մեր շանորդին է» հայտնի բանաձևն իր ողջ գռեհկությամբ դրվել է Հայաստանի նկատմամբ աշխարհի կողմից վարվող քաղաքականության հիմքում: Եվ այս օրերին աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների միջև ընթանում է խուլ, բայց կոշտ պայքար՝ տարածաշրջանային շանորդու սեփականության իրավունքների համար: Այս՝ գործնականում գրեթե անշրջելի թվացող գործընթացը կանգնեցնելու տեսական հնարավորություն ունի միայն մեկ սուբյեկտ՝ հայ հասարակությունը, որը, սակայն, մինչ այս պահը գերադասում է աշխարհաքաղաքական կենտրոնների հետ մրցակցության մեջ մտնել շանորդու սեփականության իրավունքի համար, երկրորդական համարելով պետության նկատմամբ սեփականության իրավունքը, որն իրականում ոչ միայն իրավունք է, այլ նաև պարտականություն:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս