Ադրբեջանը Ռուսաստան չէ, որ նրա դեմ շռայլորեն կիրառեն այս կամ այն սանկցիաները. Լարիսա Ալավերդյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին

Հոկտեմբերի 9-13-ը տևած Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի օրակարգում էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր վիճակի մասին հարցը:

Համապատասխան զեկույցը կազմել էր Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովը, որը քվեարկությամբ ընդունվել էր: Միաժամանակ ընդունվել էր նաև հանձնարարականների փաստաթուղթը:

«Վեհաժողովը կոչ է անում Նախարարների կոմիտեին ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ մոնիտորինգային գործընթաց՝ հիմք ընդունելով ԵԽ անդամ երկրների կողմից ստանձնած հանձնառությունների կատարման վերաբերյալ 1994թ. հռչակագիրը: Կոչ է անում Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի միջև լրացուցիչ համատեղ ընթացակարգ սկսել՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից կանոնադրական պարտավորությունների լուրջ խախտման:

Հայտնում է, որ Ադրբեջանի՝ իր պարտավորությունների չկատարման պարագայում վեհաժողովն այլ ընտրություն չի ունենա, քան 2024թ. ԵԽԽՎ առաջին նստաշրջանի ընթացքում վիճարկել Ադրբեջանի պատվիրակության մանդատը (սա կնշանակի, որ Ադրբեջանի պատվիրակության մասնակցությունը ԵԽԽՎ-ում առնվազն ժամանակավորապես կդադարեցվի)»,- ԵԽԽՎ-ում նույն օրը մանրամասնել էր հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Կարդացեք նաև

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով զեկույցին և հանձնարարականին՝ նշեց, որ թեև արդեն գնալով կոշտացող հայտարարություններ են լինում, սակայն միևնույն ժամանակ՝ հստակ է մոտեցումը, որ Ադրբեջանի հանդեպ սանկցիաներ չեն լինելու:

«Ավելին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն այդքան դրական վերաբերմունք է ցուցաբերում Արցախի անկախության հանդեպ, մեկ է՝ ասել է, որ Ադրբեջանի նկատմամբ որևէ սանկցիա ընդունելն արդյունավետ չէ հիմա:

Այսինքն՝ ԵԽԽՎ-ի համար դրանք հերթական կոսմետիկ, երեսը պաշտպանելու միջոցներ են, և որևէ ակնկալիք, այն էլ՝ մինչև անգամ զրկել մանդատից, տեղի չի ունենալու: Ադրբեջանը Ռուսաստան չէ, որ նրա դեմ շռայլորեն կիրառեն այս կամ այն սանկցիաները՝ լինի անձնապես թե կազմակերպությունների, հիմնարկների հանդեպ:

Այնպես որ, սա հերթական ցուցադրական քայլն է, որ՝ ահա, տեսեք, մենք անաչառ ենք և գնահատում ենք այս իրավիճակը բավականին խիստ բանաձևերով»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը:

Ի դեպ, պաշտոնական Բաքուն դատապարտել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վիճակի մասին զեկույցը:

Ըստ APA ադրբեջանական գործակալության՝ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը կողմնակալ է համարել որոշումը:

Տեսանյութեր

Լրահոս