Չունենք գործիչներ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հետ գործարքի գնան՝ հանուն պետության. Արսեն Գասպարյան
ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը հոկտեմբերի 12-ին ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը։ ԵԽԽՎ-ն այս բանաձևով դատապարտեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները և արձանագրեց, որ Արցախի ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման վտանգի և Ադրբեջանի կառավարության երկար տարիներ իրականացրած հայատյաց քաղաքականության պատճառով։ ԵԽԽՎ-ն նաև Ադրբեջանին կոչ արեց ազատ արձակել Արցախի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին և Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ex Oriente Հայաստանի արևելագետների միության նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանը, կարևորելով միջազգային կառույցներում Հայաստանի աշխատանքը, միևնույն ժամանակ, շեշտեց՝ այդ աշխատանքն անարդյունք է լինում, եթե չկա պետության կողմից խնդրի լուծման վերաբերյալ հստակ քաղաքականություն։ Անօգուտ է դառնում միջազգային կառույցում այս կամ այն հարցի քննարկումը, բանաձևը կամ հայտարարությունը, եթե տվյալ հարցով այդ կառույցին դիմած պետությունը, այս դեպքում՝ Հայաստանը, դա որպես քաղաքական գործոն չի դիտարկում։
«Քաղաքական գործոնները միշտ գերակայություն ունեն միջազգային նորմերի նկատմամբ. օրինակ՝ ԱՄՆ-ում կար քաղաքական որոշում՝ ճանաչել Կոսովոյի անկախությունը, դա տեղի ունեցավ, թեև Կոսովոյի նման կային այլ երկրներ ևս, որոնց անկախությունն ԱՄՆ-ը չճանաչեց, որովհետև քաղաքական հարց չէին դրանք։ Մեկ այլ օրինակ՝ Իսպանիան, ունենալով Կատալոնիայի խնդիրը, մինչև հիմա չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, որովհետև հարցը քաղաքական է իր համար, և ճանաչման դեպքում Կատալոնիայի խնդիրն է առաջ գալու։ Հիմա նույնը պետք է Արցախի վրա պրոյեկտել և հասկանալ՝ գերտերությունների համար քաղաքական գործոնները միշտ գերակայել են միջազգային նորմերին, հետևապես, քաղաքական հարցերով են պայմանավորված նաև միջազգային կառույցների հայտարարություններն ու բանաձևերը»,- ասաց քաղաքական գիտությունների դոկտորը։
Նրա գնահատմամբ՝ քանի դեռ Հայաստանի իշխանության համար քաղականության առաջնահերթություն չէ Արցախից բռնի տեղահանվածների՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքի պաշտպանությունը, միջազգային ցանկացած կառույցից ստացած ցանկացած բանաձև և հայտարարություն դառնալու է առոչինչ։
Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, քաղաքական գիտությունների դոկտորն առկա վիճակը պայմանավորեց նրանով, որ Հայաստանն այդպես էլ չունեցավ մի ղեկավարություն, որը կարողություն ունենար քաղաքական գործարք կնքել որոշ պետությունների հետ՝ պաշտպանելով Արցախի և Հայաստանի շահը։
«Դժբախտաբար, մենք մի մեծ խնդիր ենք ունեցել. Հայաստանը չի ունեցել մի ղեկավարություն, որը կարողանար գործարք կնքել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ՝ ի շահ Արցախի և Հայաստանի։ Արցախի հիմնահարցի բանալին եղել է Մոսկվայում՝ երկար տարիներ։ Պատկերացրեք, եթե կարողանայինք գործարք կնքել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, կնքել իրավաչափ գործարք, այլ վիճակ կլիներ, և հիմա էլ է այդ խնդիրն առկա, և չունենք գործիչներ, որ կարողանան գնալ երկկողմ և բազմակողմ իրավաչափ գործարքի»,- ասաց Գասպարյանը։
Ինչ վերաբերում է Արցախից հետո Սյունիքի վերաբերյալ գործարքներին, որի մասին պարբերաբար բարձրաձայնում են Թուրքիան և Ադրբեջանը, Գասպարյանը նշեց, առանց Հայաստանի՝ այս պետությունները Հայաստանի տարածքների վերաբերյալ հարցեր են քննարկում։
«Նրանք ճանապարհով կսկսեն։ Բոլորի շահերը համընկնում են հիմա։ Համընկնում են՝ ԵՄ-ի, Ռուսաստանի, թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, և բացառություն է կազմում Իրանը՝ Սյունիքով պայմանավորված։ Արդյունքում՝ ստացվում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգողը Հայաստանի իշխանությունն է, որովհետև թուրք-ադբեջանական տանդեմը փորձում է ճանապարհները գործարկել և գնալ տնտեսական էքսպանսիայի։ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական և դիվանագիտական էքսպանսիան ավարտեցին, և հիմա 3-րդ փուլն է՝ տնտեսական էքսպանսիան։ Ստացվում է, որ երկրորդ հայկական պետականություն ստեղծող պետությունից վերածվել ենք մի պետության, որը կարողանում է հազիվ իր տարածքային ամբողջականությունը պահպանել»,- ասաց Գասպարյանը։
Խոսելով խաղաղության պայմանագրի կնքման համար Ադրբեջանի կողմից բարձրաձայնվող՝ Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման խնդրի մասին, Գասպարյանը նշեց.
«Ես համարում եմ, որ առաջին արցախյան պատերազմի դրական հետևանքներից մեկն է, որ ադրբեջանցիները գնացին Հայաստանից։ Հազվադեպ եմ նման բաներ ասում, բայց, այո, պետք է դա արձանագրել, ուստի ադրբեջանցիների՝ Հայաստան գալու դեպքում մենք խնդիրներ ենք ունենալու։ Այս վիճակում մի հատ էլ ադրբեջանցիներ ու թուրքեր գան էստեղ. դա նոր ողբերգության սկիզբն է լինելու մեր պետության համար»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։