«Այն, ինչ ես տեսա վերադարձին, երանի երբևէ ոչ մի հայ առիթ չունենա այլևս տեսնելու». Դադիվանքից հեռացած վերջին վանահայր

«Երեք հոգևորական ենք եղել՝ մեկ աբեղա, երկու սարկավագ: Վանքի զորությունը, հողի զորությունը մեզ տալիս էին այն, ինչը պետք է յուրաքանչյուր հային, որ իրեն զգա տեր ու պաշտպան այդ ամենին. և ինձ շրջապատող թշնամական ներկայությունը հենց այս պատճառով երբևէ ինձ չի ճնշել,- 168.am-ի հետ զրույցում նշում է Դադիվանքից վերջինը հեռացած վանահայր Դերենիկ աբեղա Սահակյանը:

Նա վստահեցնում է՝ Դադիվանքի վերջին վանահայրը չէ, որովհետև համոզված է՝ հայերը վերադառնալու են իրենց հայրենիք,- Մեր հայոց վանքերի մեջ պետք է նորից հնչի հայոց աղոթքը, մեր հայոց հողը պետք է մշակի հայ մշակը, և մեր հայոց հողի վրա պետք է ծաղկեն հայ մշակույթը, կյանքը»:

Գրավված Քարվաճառում աբեղան երկու սարկավագների հետ 1 տարուց ավելի շարունակել է պաշարված ծառայությունը և միայն սեպտեմբերի 30-ին է դուրս եկել վանքից:

Հայր Դերենիկը չի պատմում դժվարությունների մասին, որոնք զգալի էին հատկապես շրջափակման օրերին, նշում է՝ «մեր հայոց վանքը աղոթական ու հայկական պահելու համար յուրաքանչյուրի համար մեծագույն շնորհ կլիներ այդ ծառայությունը»:

Կարդացեք նաև

Թե ինչպե՞ս է տեսել Ստեփանակերտն արդեն վանքից իջնելիս՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ հոգևորականը հուզմունքով հիշում է.

«Կյանքիս բացառիկ օրերն ու ժամերն են եղել, որ ես, մեղմ ասած, ատել եմ այն, ինչ տեսել եմ, որովհետև երբ ես բարձրանում էի Դադիվանք, տեսել էի գեղեցիկ, շքեղ Ստեփանակերտը, մեր Արցախ աշխարհը: Եվ ներքին հույս կար, որ նորից պետք է վերընձյուղվի մեր բնօրրանը, բայց վերադարձին տեսա՝ ամայացած տարածքներ, լքված տներ, ավերվող ճանապարհներ ու ճակատագրեր…: Այն, ինչը ես տեսա, երանի երբևէ որևէ հայ առիթ չունենա այլևս տեսնի»:

Դերենիկ աբեղա Սահակյանը, Հովհաննես և Արսեն սարկավագները Հայաստան են հասել հոկտեմբերի 1-ին:

44-օրյա պատերազմից հետո Դադիվանքը հայտնվեց կողմերի սահմանազատման գծի մոտ։ Կառույցը վերահսկում էին փոքրաթիվ ռուս խաղաղապահները, և հայ հոգևորականները շարունակում էին իրենց հոգևոր ծառայությունը:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ Դադիվանքն ու Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին իր անձնական պաշտպանության տակ են լինելու, սակայն Արցախ հայաթափումից հետո Դադիվանքից հեռացան հայ հոգևորականները:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս