«Ադրբեջանը հստակ ցույց է տալիս, որ ավելի մեծ հավակնություններ ունի Հայաստանի տարածքի ու ստրատեգիական նշանակության դիրքերի նկատմամբ». Ամատունի Վիրաբյան

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ  ՀՀ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարեց, որ բացելու է «խաղաղության դարաշրջան, զուգահեռաբար շրջանառության մեջ դրվեց  Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի անհրաժեշտության հարցը։ Հայաստանյան կողմը մշտապես հայտարարել է, որ սահմանազատումը և սահմանագծումը պետք է կատարվի 1975 թվականի քարտեզներով, մինչդեռ Ադրբեջանը պնդում է  1919-1920 թվականների քարտեզները հիմք ընդունել:    Հայաստանցի քարտեզագետներն ու պատմաբաններն էլ պնդում են, որ  1919-20 թվականների քարտեզները որևէ իրավական հիմք չունեն, և դրանց հիման վրա դեմարկացիա ու դելիմիտացիա սկսել պարզապես հնարավոր չէ:

Դեռ այս ամռանն Ադրբեջանի արտգործնախարարությունը հակադարձել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց կա, բայց չեն կարող ասել, որ այդ հարցը վերջնական լուծված է։ Ադրբեջանական կողմից հայտարարել էին, որ Պրահայի և Սոչիի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ սահմանազատումն ու սահմանագծումը նախատեսվում է իրականացնել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։

Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը կրկին հայտարարել էր, որ հայկական կողմի 1975 թվականի նշած քարտեզները գոյություն չունեն, հետևաբար՝ դա չի կարող լինել սահմանազատման ու սահմանագծման հիմք։

Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը հրաժարվում այդ քարտեզից, հայկական կողմն ի՞նչ է շահում կամ կորցնում, եթե սահմանազատումը կատարվի կամ չկատարվի 1975 թվականի քարտեզներով:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը պատասխանելով այս հարցերին՝ նախ վստահեցրեց, որ 1975 թվականի քարտեզներ գոյություն ունեն, ավելին՝ դրանց էլեկտրոնային տարբերակն ունի։

«1975 թվականի քարտեզները կարող եմ տրամադրել ցանկացած մարդու։ Ադրբեջանը գիտի՝ ինչու է հերքում այդ քարտեզների գոյությունը, որովհետև եթե դրանցով տեղի ունենա սահմանազատումն ու սահմանագծումը, ապա իրենք որոշ ստրատեգիական դիրքերից՝ Սյունիքում, Վայոց ձորում, պետք է հետ քաշվեն։ Սա է ամբողջ պատճառը, որ Ադրբեջանն այդ քարտեզներից հրաժարվում է»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։

Նա հերքեց Ադրբեջանի այն հայտարարությունը, թե գոյություն ունի 1919-1920 թվականների քարտեզներ, որոնցով պետք է տեղի ունենա սահմանազատումը։

«Նման քարտեզ գոյություն չունի, չկա։ 1919-1920 թվականներին քարտեզ տպագրելու որևէ հնարավորւթյուն չկար՝ ո՛չ Բաքվում, ո՛չ  Երևանում, ո՛չ Թբիլիսիում։ Բացի այդ, սահմաններ էլ չկային, որևէ միջազգային ու պետական պայմանավորվածություն չկար, սահմանները որոշված չէին։

Ադրբեջանի այս բոլոր ճնշումները տանում են նրան, որ իրենց ձեռնտու քարտեզներով իրականացնեն սահմանազատումն ու սահմանագծումը, որպեսզի ստրատեգիական դիրքերից հետ չքաշվեն»,- շեշտեց նա։

Իսկ հնարավո՞ր է 1975 թվականի քարտեզներով ասել, թե Հայաստանը քանի քկմ տարածք ունի, Ամատունի Վիրաբյանը պատասխանեց, որ քարտեզին նայելով՝ թվերով չի կարող ասել, սակայն մեկ այլ հանգամանք նշեց.

«Ցավոք, 1975 թվականի քարտեզներով «անկլավները» ներառված են՝ Ոսկեպարը, Բարխուդարլուն, Տիգրանաշենը, նաև Արծվաշենը՝ որպես հայկական անկլավ։

Ադրբեջանն այդ քարտեզները հերքելով՝ հստակ ցույց է տալիս, որ ավելի մեծ հավակնություններ ունի Հայաստանի տարածքի ու ստրատեգիական նշանակության դիրքերի նկատմամբ»,- եզրափակեց Ամատունի Վիրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս