«Եթե թույլ ենք տվել, որ մեր ղեկավարներին գերեվարեն ու տանեն Բաքվի բանտ, նշանակում է՝ թույլ ենք տվել, որ մեզ նվաստացնեն». Աշոտ Սևյան

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Բաքվի բանտերում շարունակում են պահվել հայ գերիները, որոնց Ադրբեջանը ներկայացնում է՝ որպես «ահաբեկիչներ», և հրաժարվում է  վերադարձնել: Մինչդեռ կան փաստեր, որ 44-օրյա պատերազմում հենց Ադրբեջանն էր վարձել սիրիացի ահաբեկիչների՝ Արցախի խաղաղ բնակիչների դեմ պատերազմելու համար։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի Հանրապետության դեմ սանձազերծեց պատերազմ, դրան հաջորդեց արցախահայության ցեղասպանությունը՝  բռնի տեղահանումն ու մարդկանց գերեվարումը։ Սեպտեմբերի 20-ի հրադադարից հետո Ադրբեջանը սկսեց  առևանգել և կալանավորել Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաներին՝ երեք նախագահներին, պետնախարարին, արտգործնախարարին, ՊԲ հրամանատարին, տեղակալին և Արցախի ԱԺ ներկայիս նախագահին։

168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանը խոսելով Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պաշտոնյաների, շարքային քաղաքացիների ճակատագրի մասին, նկատեց՝ եթե ՀՀ իշխանությունը նորմալ, ազգային իշխանություն լիներ, ապա այդ մարդկանց գերեվարումից անմիջապես հետո միջազգային մեծ աղմուկ ու սկանդալ կբարձրացներ, ինչն այսօր չի տեսնում։

«Ինքս Արցախի որևէ նախագահի հետ որևէ առնչություն չեմ ունեցել, իսկ եթե նրանցից Արայիկ Հարությունյանը որևէ բան է արել, ուրեմն՝ նա պետք է պատասխանատվության ենթարկվի ՀՀ օրենքով, այլ ոչ թե՝ ադրբեջանական։

Կարդացեք նաև

Դուք հասկանո՞ւմ եք, Արցախի նախկին պաշտոնյաների գերեվարմամբ Ադրբեջանը նվաստացնում է ամբողջ հայ ազգին, սա գիտակցել է պետք։ Եթե թույլ ենք տվել, որ մեր ղեկավարներին գերեվարեն ու տանեն Բաքվի բանտ, նշանակում է՝ թույլ ենք տվել, որ մեզ նվաստացնեն։ Նաև չեմ հասկանում, թե այդ ո՞ր մի ապուշը կարող է ուրախանալ, որ, օրինակ, Արայիկ Հարությունյանը գտնվում է ադրբեջանական բանտում։ Կրկնում եմ՝ Ադրբեջանը սրանով մեզ է նվաստացնում, մեր նման տղերքին, ովքեր դեռ ցանկություն ունեն հայրենիքի համար ինչ-որ բան անել։ Ուզում են ասել, թե՝ տեսեք, ինչ է լինելու ձեր վերջը»,- նշեց Աշոտ Սևյանը։

Աշոտ Սևյանը վստահ է՝ Արցախի նախկին պաշտոնյաները շատ լավ  գիտակցել են, որ Ադրբեջանն իրենց հետևից է ընկած, գերեվարելու է, սակայն նրանք տղամարդու նման կանգնել են, չեն փախել։

«Իրենք չեն ցանկացել փախչել։ Մամուլը գրում է, թե ռուսների ձեռքով են կալանավորվել կամ չգիտեմ ինչ, բայց այդ մարդիկ ամեն մեկը կալանավորվել է իր տանից, ոչ թե փախչելու ճանապարհից։

Նրանց ամեն մեկին մի քանի ամիս կալանավորելու որոշում կա։ Կարծում եմ՝ կալանքի ժամկետն ավարտվելուց հետո, Ադրբեջանը կհայտարարի, թե համաներում է  շնորհել նրանց, ու  գուցե վերադարձնի։ Տա Աստված, որ իսկապես այդպես լինի»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ից հետո տարբեր օրերին Արցախից առևանգված ու գերեվարված նախկին ու ներկա պաշտոնյաներին Ադրբեջանի իրավապահ մարմինները բավականին ծանր մեղադրանքներ են առաջադրել:

Տեսանյութեր

Լրահոս