Լևոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքը բացառապես ոստիկանների ցուցմունքներն են. պաշտպան
«Այս գործով մենք ունենք երկու տուժող և երկու վկա: Ըստ մեղադրանքի՝ տուժողներից մեկը Հրաչիկ Խաչատրյանն է: Նա այն անձն է, ով իբրև թե մինչև Լևոն Քոչարյանին ավտոմեքենա նստեցնելը նրա կողմից ստացել է ոտքերով հարված: Մինչդեռ տեսանյութերում հստակ երևում է, որ Հրաչիկ Խաչատրյանը չէր կարող Լևոն Քոչարյանի կողմից հարված ստանալ, ինչպես նկարագրված է մեղադրանքում»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Էրիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը կալանավորվել է սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական լայնածավալ հարձակումից հետո Արցախի ամբողջական հանձնումից հետո թափ առած բողոքի ակցիաների ժամանակ: Տեսանյութերում հստակ երևում է, որ սեպտեմբերի 22-ին Լևոն Քոչարյանին շուրջ մեկ տասնյակ կարմիրբերետավորներ, նրա նկատմամբ բիրտ ուժ կիրառելով, նստեցնում են ոստիկանական մեքենան, ապա մեքենայի մեջ ծեծում վերջինիս, մինչդեռ կարմիրբերետավորները ցուցմունք են տվել, որ Լևոն Քոչարյանն է ծեծել իրենց:
Պաշտպանի խոսքով՝ Լևոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքը բացառապես ոստիկանների ցուցմունքներն են:
«Քրեական վարույթով որևէ այլ ապացուց չկա՝ ոչ միայն ոստիկանների ցուցմունքները հաստատող, այլ առհասարակ տեղեկություններ չկան, որոնք որևէ կերպ քրեական վարույթում եղած հանգամանքները կհաստատեն»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ իրենք հենց քննության սկզբում տիրապետել են փաստական տվյալների տեսանյութերի, որոնք հերքում են ոստիկանների ցուցմունքները, ընդհակառակը, ապացուցում, որ հենց Լևոն Քոչարյանի հանդեպ է կիրառվել բռնություն:
Պաշտպանը ներկայացրեց նշված տեսանյութերը և ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երբ ոստիկանները մոտենում են Լևոն Քոչարյանին ու նրա ընկերներին, վերջիններիս միջև որևէ կոնտակտ տեղի չի ունենում: Այսինքն՝ ի սկզբանե հերքվում է ոստիկանների այն պնդումը, թե Լևոն Քոչարյանը չի կատարել ոստիկանների օրինական պահանջը:
«Մոտենալուց հետո վայրկյաններ անց ոստիկանները սկսում են քաշքշել Լևոն Քոչարյանին, մինչդեռ պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե օրինական պահանջ է ներկայացվում, պետք է տրվի նաև ողջամիտ ժամկետ այն կատարելու համար»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:
Վերջինս նկատեց նաև, որ որևէ մեկի անգամ չեն փորձում մատով դիպչել, և բոլոր գործողություններն ուղղված են միայն Լևոն Քոչարյանին:
«Տեսանյութում նաև երևում է, որ Լևոն Քոչարյանին խեղդելու եղանակով են փորձում մեքենան նստեցնել: Սա անհամաչափ ուժ է»,- ասաց պաշտպանը:
Էրիկ Ալեքսանյանը պնդեց՝ Լևոն Քոչարյանի մեղադրանքը կառուցված է բացառապես ոչ միայն շահագրգիռ ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների, այլ անարժանահավատ, սուտ ցուցմունքների հիման վրա:
Մանրամասները՝ տեսանյութում: