
ԱՄՆ պետական պարտքը գրեթե մեկ ամսում ավելացել է 500 մլրդ դոլարով

Միացյալ Նահանգների պետական պարտքը մեկ ամսից էլ պակաս ժամանակամիջոցում աճել է ավելի քան 500 միլիարդ դոլարով՝ հասնելով 33,5 տրիլիոն դոլարի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վերլուծելով ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած տեղեկատվությունը։
Գերատեսչությունը սեպտեմբերի 18-ին հաղորդել էր, որ երկրի «միագումար պետական պարտքը» գերազանցել է 33 տրիլիոն դոլարը: Այն պահին այդ ցուցանիշը ռեկորդային էր։ Հունիսի 16-ին այն գերազանցել էր 32 տրիլիոն դոլարի նշագիծը։ Ըստ գերատեսչության վերջին գնահատումների՝ ԱՄՆ պետական պարտքն արդեն գերազանցում է 33,513 տրիլիոն դոլարը։
Հունվարին ԱՄՆ-ն գերազանցել էր պետական պարտքի` օրենսդրորեն սահմանված 31,4 տրիլիոն դոլարի մակարդակը։ Դրանից հետո երկրի ֆինանսների նախարարությունը հարկադրված էր գործի դնել արտակարգ միջոցներ՝ իր ֆինանսական գործառնությունների շարունակման համար։ ԱՄՆ վարչակազմը վերջին ամիսներին Կոնգրեսին կոչ է արել մեծացնել պարտքի սահմանաչափը։ Ներկայացուցիչների պալատը վերահսկող հանրապետականները համաձայնել էին բարձրացնել պարտքի առավելակետը, բայց բյուջետային ծախսերի զգալի կրճատման պայմանով: