Անցակետում բեռնատարի մի օր կանգնելն արդեն իսկ մեծ վնաս է՝ անկախ պատճառներից. բեռնափոխադրող

Անցած օրերին, Ստեփանծմինդա-Լարս անցակետը ռուսական կողմից շարունակում է փակ մնալ: Ավելի վաղ հայտնել էինք, որ որպես անցակետը փակելու պատճառ, նշվում էր, որ ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող հայկական կոնյակի մասով: Իսկ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողներին հայտնել էր, որ բեռնատարներն անցակետում կշարունակեն մնալ այնքան ժամանակ, մինչև ավարտվեն կոնյակների համար նշանակված փորձաքննությունները:

Հանրության մեկ այլ շրջանակ էլ տեղի ունեցող երթևեկության խափանումները պայմանավորում էր Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հանգամանքի հետ:

Այսօր արդեն անցակետը բեռնատարների համար մյուս կողմից փակելու մասին հայտարարեց նաև վրացական կողմը: Տեղում գտնվող 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ որպես ճանապարհը փակելու պատճառաբանություն՝ ներկայացվել է գրանցված ձյան տեղումները:

168.am-ի՝ բեռնափոխադրումներ իրականացնողների հետ մշտական կապ ունեցող աղբյուրը հայտնեց, որ Խաչի լեռնանցքում ձյան առատ տեղումների պատճառով փակված ճանապարհն այսօր՝ հոկտեմբերի 11-ի ժամը 12:30-ի դրությամբ, բացվել է:

Կարդացեք նաև

«Գուդաուրիի ու կիրճի հատվածում երեկ երեկոյան ձյուն էր տեղացել: Իսկ առավոտյան արդեն մերկասառույց էր: Վրացական կողմը ճանապարհը փակել էր գիշերը ժամը 00:00-ի շրջանում՝ բեռնատարների վարորդների անվտանգության նկատառումներից ելնելով: Հիմա արդեն երթևեկությունը վերականգնվել է»,- հայտնեց միջազգային բեռնափոխադրում իրականացնող ընկերության ներկայացուցիչ Նորայր Գևորգյանը՝ հավելելով, որ այս պահին իրենք անցակետում կանգնած բեռնատար չունեն:

Ինչ վերաբերում է Լարսի անցակետին՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մոտ 2 շաբաթ առաջ անցակետում գտնվող շուրջ 6 տասնյակ բեռնատարներից այս պահին շարունակում է մնալ 3 տասնյակը: Նրանք էլ սպասում են իրենց կողմից տեղափոխվող կոնյակի փորձաքննության արդյունքներին: Ընդ որում, ըստ մեր զրուցակցի, խոսքն այս դեպքում վերաբերում է միայն կոնյակ տեղափոխող մեքենաներին: Այլ բեռնատարներ, ըստ նրա, այս պահին առկա չեն:

«Այդուհանդերձ, փորձաքննությունները բավականին երկար են տևում: Դրանք կարող են ձգվել շաբաթներ ու անգամ 1 ամիս: Դա մեկ կամ երկու օրվա հարց չէ: Իսկ այդ պարագայում պատկերացրեք, թե որքան վնաս կարող է կրել բեռնափոխադրողը: Մենք 2021 թվականին երկու բեռնատար ունեցանք անցակետում, որը ստիպված էր մեկ ամիս սպասել՝ անցնելու համար: Նաև կախված է նրանից, թե այդ մեքենան ինչպես է ձեռք բերվել՝ վարկով, լիզինգով… եթե հաշվենք մեքենայի ձեռքբերման ամենավատ տարբերակը, այսինքն՝ այլ միջոցներով, ու ոչ սեփական, ապա օրական միջին վնասը կազմում է մինիմում 200 դոլար: Այնպես որ՝ անգամ մեկ օրը վնաս է՝ անկախ նրանից, թե ինչի համար է կանգնել մեքենան»,- ասաց բեռնափոխադրողը:

Այս դեպքում էլ մեր զրուցակիցը հաշվարկեց միայն տրանսպորտի ծախսերի մասը՝ դեռևս չանդրադառնալով մատակարարողի ու ստացողի կրած վնասներին, որոնք այդ ամբողջ ընթացքում զրկվում են իրենց ապրանքն իրացնելու ու ձեռք բերելու հնարավորությունից:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս