Ռուսաստանը չի ցանկանում հեռանալ Արցախից․ ի՞նչ է առաջարկվելու

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» կայքում «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխանությունն և փոխկապակցվածությունը միջազգային խաղաղության և կայունության բանալին է» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է միջազգային հարաբերությունների ամենասուր հարցերին, այդ թվում՝ Արևմուտքի դերակատարությանը հայ-ադրբեջանական բանակցություններում։ «Արևմուտքակենտրոն լիբերալ աշխարհակարգն անհնար է պատկերացնել առանց երկակի ստանդարտների» ենթավերնագրի ներքո Սերգեյ Լավրովը խոսում է երկակի ստանդարտների մասին, որոնք, ըստ նրա, Արևմուտքը կիրառում է ինքնորոշման սկզբունքի իրացման հարցում։ Սա հատկապես ուշագրավ հատված է՝ հաշվի առնելով ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունն Արցախյան հիմնահարցի դեպքում և այն ՀՀ իշխանությունների դիվանագիտական բառապաշարից դուրսբերման կործանարար հետևանքները։

Լավրովը նշում է՝ երբ ինքնորոշման սկզբունքը հակասում է Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերին, ինչպես, օրինակ՝ Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների ազատ կամարտահայտման դեպքում՝ հօգուտ ՌԴ-ի հետ միասնության, Արևմուտքը ոչ միայն մոռանում է դրա մասին, այլև զայրացած դատապարտում է ժողովրդի ընտրությունը, պատժում նրանց սանկցիաներով, իսկ երբ դա ձեռնտու է Արևմուտքին, ինքնորոշումը ճանաչվում է՝ որպես բացարձակ «իրավունք»: «Բավական է նշել Սերբիայից Կոսովոյի անջատումը, այն էլ՝ առանց հանրաքվեի»,- հիշեցնում է Լավրովը։

Ըստ ՌԴ ԱԳ նախարարի, սերբական այս տարածաշրջանում իրավիճակի շարունակական վատթարացումը խորը մտահոգություն է առաջացնում, կոսովցիներին ՆԱՏՕ-ի զենքի մատակարարումները և բանակ ստեղծելու հարցում նրանց օգնությունը կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հիմնարար 1244 բանաձևը:

Կարդացեք նաև

Լավրովը գտնում է, որ ողջ աշխարհը տեսնում է, թե ինչպես է Բալկաններում կրկնվում Ուկրաինայի իրավիճակը, Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի տխուր պատմությունը, որը հատուկ կարգավիճակ էր նախատեսում Դոնբասի հանրապետությունների համար, և որը Կիևը բացահայտ սաբոտաժի ենթարկեց։

«Այժմ Եվրամիությունը չի ցանկանում և չի կարող ստիպել իր Կոսովոյի հովանավորյալներին կատարել 2013 թվականի համաձայնագրերը Բելգրադի և Պրիշտինայի միջև Կոսովոյի սերբական համայնքների քաղաքապետարան ստեղծելու մասին, որն ունի իր լեզվի և իր ավանդույթների հատուկ իրավունքները: Երկու դեպքում էլ ԵՄ-ն հանդես է եկել՝ որպես համաձայնագրերի երաշխավոր, և, ըստ ամենայնի, նրանց ճակատագիրը նույնն է։ Ինչ էլ որ լինի «հովանավորը», արդյունքն այդպիսին է»,- կարծում է Լավրովը: Նա նաև նշում է, որ այժմ Բրյուսելը, ելնելով իր աշխարհաքաղաքական հավակնություններից, Վաշինգտոնի հետ միասին, իր «միջնորդական ծառայությունները» պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ «ապակայունացում բերելով Հարավային Կովկասում»։

«Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան»,- նշել է Լավրովը՝ անսպասելիորեն այս հարցին իր հոդվածում տրամադրելով ընդամենը երեք նախադասություն՝ այն դեպքում, երբ Արցախը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտին է, այնտեղ շարունակում է տեղակայված մնալ ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, իսկ անցնող շաբաթների ընթացքում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով ոչ միայն եղան հարյուրավոր զոհեր, այնպես էլ Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։

Եվ թեև Արցախը հայաթափվել է, ռուսական կողմը հերքում է լուրը, թե Բաքվում կամ Երևանում քննարկվում է Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման հարցը։ Այս մասին օրերս ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է մի անանուն աղբյուր ռուսական դիվանագիտական շրջանակներից:

«Իրականությանը չի համապատասխանում մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման հարցը,- ասել է գործակալության զրուցակիցը և հստակեցրել,- Խոսքը խաղաղապահների ընթացիկ գործունեության վերաբերյալ ծրագրված շփումների մասին է»։

Նախօրեին էլ Ռուսաստանի արտգործնախարարի՝ ԱՊՀ հարցերով տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարեց, թե խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում ավելի քան պահանջված է։ Թե կոնկրետ ինչպես են Մոսկվայում պատկերացնում արցախահայերի իրավունքների ու անվտանգության երաշխավորումը, և խաղաղության պայմանագրի իրագործման ինչ մեխանիզմ են առաջարկում՝ Գալուզինը չի հստակեցրել։ Փոխարենը նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար ղարաբաղյան հակամարտության թեման փակված չէ։

Ավելին՝ թեև անգամ Ռուսաստանի նախագահն է փաստում, որ Արցախում գրեթե հայ չի մնացել, փոխարտգործնախարարն ասել է՝ ռուս խաղաղապահների առաքելությունն այնտեղ ավելի քան պահանջված է։

«Մեր առաքելության կարիքը կա, և կարծում եմ՝ կլինի նաև ապագայում։ Նախ՝ բաց է մնում Ղարաբաղի այն բնակիչների անվտանգության հարցը, որոնք մնացել են իրենց տներում։ Նաև չի կարելի բացառել, որ այսօր Ղարաբաղից հեռացածներից ոմանք ինչ-որ փուլում կորոշեն հետ գնալ։ Հարցը, թե ինչ գործառույթներ է ունենալու հետագայում այդ առաքելությունը, քննարկվելու և որոշվելու է Մոսկվայի ու Բաքվի միջև»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահականի հետ սերտ կապերով հայտնի փորձագետ Ֆարիդ Շաֆիևն էլ ասել էր, թե ռուս խաղաղապահները մինչև 2025 թվականը մնալու են Ղարաբաղի հայաբնակ տարածքներում՝ բացառությամբ այն շրջանների, որոնք սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Սա մեր պարտավորությունն է: Ռուս խաղաղապահներն այնտեղ կլինեն մինչև 2025 թվականը։ Այս պահին մեղադրանքներ են հնչում, թե ցեղասպանություն կարող է լինել և այլն: Ռուս խաղաղապահների ներկայությունը անվտանգության երաշխիք է»,- ասել էր Շաֆիևը։

Այնուամենայնիվ, դատելով Լավրովի հոդվածում, ինչպես նաև Գալուզինի հարցազրույցում տեղ գտած ձևակերպումներից, ռուսական կողմը դիտարկում է խաղաղապահ կոնտինգենտի գործունեության շարունակումը Արցախում։

168am-ի ՌԴ մերձդիվանագիտական աղբյուրն ասաց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ երկխոսություն է ընթանում խաղաղապահների տեղակայման հարցի շուրջ։ Ըստ մեր զրուցակցի, եթե Ադրբեջանի հետ փոխըմբռնում ձեռք չբերվեր, ապա խաղաղապահները ստիպված կլինեին լքել Լեռնային Ղարաբաղը գոնե հունվարի 1-ին:

«Թեև ԼՂ-ում հայեր չեն մնացել, խաղաղապահները կշարունակեն մնալ գոնե մինչև 2025 թվականը, ինչն առանցքային ամսաթիվ է Ռուսաստանի Դաշնության համար, կփորձեն անվտանգության ապահովման որոշակի մեխանիզմներ ապահովել, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ և ապրել իրենց տներում։ Այս հարցը կունենա իր ամրագրումը նաև Խաղաղության համաձայնագրի, այսպես ասած, ռուսական տարբերակում, եթե վերջնարդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները բանակցեն ՌԴ ԱԳՆ հովանու ներքո։ Ռուսական առաջարկը կրկին շատ հստակ է, ու այդ մասին եղել են ակնարկներ ՌԴ նախագահի կողմից, որ համաձայնագրի արևմտյան տարբերակում չի խոսվում ընդհանրապես Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքի մասին, ինչն ավտոմատ կերպով նշանակում է, որ այս հարցը ռուսական կողմը չի անտեսում։ Այո, բազմաթիվ հարցեր կան խաղաղապահներին, սակայն ռուսական կողմի հետ աշխատելու պարագայում կան որոշ հնարավորություններ Ղարաբաղի բնակչության համար, իսկ Արևմուտքի համար հարցը լիարժեքորեն լուծված է, մնացել են Հայաստան-Ադրբեջան տիրույթի որոշ հարցեր, Արևմուտքի գլխավոր նպատակը, որ հարցը պարզապես լուծվի, թե ինչպես՝ դա էական չէ։

Իսկ ռուսական տարբերակը հայկական կողմին կտա հնարավորություններ, այսինքն՝ նրանց, ում համար կարևոր է ԼՂ հայկական բնակչության պահպանումը և հայկականության պահպանումը։

Բնականաբար, առանց բնակչության դա հնարավոր չէ։ Ուստի կարծում եմ՝ մի քանի հնարավոր տարբերակներից ռուսական կողմը որոշ փակագծեր կբացի հայկական կողմի համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ նրա, ՌԴ-ում հասկանում են նաև, որ առանց անվտանգության իրական երաշխիքների, ամուր պայմանավորվածությունների՝ հայ բնակչությունը չի կարող վստահ լինել անվտանգության հարցում։

«Ուստի այս հարցն ամենաբարդն է, և ընթանում են բանակցություններ։ Եթե առաջիկայում Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանն առանցքային պայմանավորվածություններ ձեռք բերվեն խաղաղության համաձայնագրի շուրջ, ռուսական կողմը մարտավարությունը կփոխի։ Կարող եմ ասել, որ ՌԴ ԱԳՆ-ում պատրաստ են ցանկացած սցենարի, սակայն կա հակվածություն պահպանել ներկայություն Ղարաբաղում»,- ասաց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս