Վրացական միջնորդությամբ գործընթացների իրականացման դեպքում Հայաստանի նկատմամբ ճնշումներն ավելի կմեծանան. ադրբեջանագետ
Այս տարվա հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումն անցկացվեց քառակողմ ձևաչափով: Հանդիպմանը ներկա չէր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալիևը պայման էր առաջ քաշել, որ Եվրոպայում անցկացվող հանդիպմանը ներկա լինի նաև Թուրքիայի նախագահը, սակայն մերժում էր ստացել Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների կողմից: Դրանից հետո արդեն նա հայտարարել էր հանդիպմանը չմասնակցելու մասին:
Իսպանիայում կայացած հանդիպմանը չմասնակցելուց հետո, սակայն, Ալիևն աշխատանքային այցով մեկնել էր Վրաստանի Հանրապետություն, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպման արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ Ալիևը ցանկություն էր հայտնել, որպեսզի Վրաստանի միջնորդությամբ «խաղաղության համաձայնագրի» ուղղությամբ համատեղ աշխատանք տարվի երկկողմ ու եռակողմ ձևաչափերով: Իրակլի Ղարիբաշվիլին էլ արձագանքել էր Ադրբեջանի ղեկավարի հայտարարությանը՝ պատրաստակամություն հայտնելով ներգրավվելու գործընթացում:
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Ալիևի՝ Գրանադայի հանդիպումից հրաժարվելը տրամաբանական էր, քանի որ, գոնե այս ընթացքում, նա այլևս որևէ բան չունի ստանալու Արևմուտքից: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն արդեն իսկ ստացավ այն, ինչ ցանկանում էր՝ Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում, և պաշտոնական հայտարարություններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության թվային ճանաչումը:
«Ի դեպ, նշեմ, որ այդ պրոցեսում Ալիևը ճիշտ խաղաքարտեր օգտագործեց՝ հաշվի առնելով Նիկոլի՝ Արևմուտքի հետևից վազվզելն ու հակառուսական քարոզչությամբ հակառուսական տրամադրություններ ստեղծելու հանգամանքը, այսինքն, մաքսիմալ հենվելն Արևմուտքի վրա: Այս առումով, գիտենք նաև, որ Ադրբեջանն ուժեղ կողմեր ունի Արևմուտքում՝ հատկապես տնտեսական առումով: Դրա համար, այդ հարթակն օգտագործելով, նաև կարողացավ հասնել մաքսիմալ արդյունքի, որը մեր ամբողջ հայկական պետականության համար կործանարար էր՝ Արցախի ժամանակավոր կորստով պայմանավորված»,- ասաց փորձագետը:
Ինչ վերաբերում է Վրաստանում հանդիպում անցկացնելուն՝ Դավթյանը տեսակետ հայտնեց, որ հարևան պետությունների գործակցության հիմքով խաղաղության կամ տարածաշրջանային այլ հարց լուծող համաձայնություն ձեռք բերելու տարբերակը կարող էր արդյունավետ լինել, եթե այդ երկրի հարևանները չլինեին Ադրբեջանն ու Թուրքիան:
«Բոլորին է հայտնի, որ այս պետությունները ռազմական գործոնով են միայն պարտադրում ու միշտ շեղվում են իրենց իսկ պարտավորություններից: Հետևաբար, սա հերթական անգամ, ժողովրդական խոսքով ասած՝ «համեղ պատառն իր կողմ քաշելու» պրոցես է: Եթե նույն բանը բնութագրենք քաղաքական իմաստով, ապա ակնհայտ է, որ արտաքին քաղաքականության սեփական ուղին չունեցող ու մե՛կ Արևմուտք, մե՛կ Արևելք վազվզող Փաշինյանին հիմա էլ Ալիևն է վազեցնելու իր համար ցանկալի պրոցեսներով, որով Հայաստանը ևս մեկ անգամ նոր զիջումների առջև կկանգնեցվի»,- համոզմունք հայտնեց ադրբեջանագետը:
Փորձագետը նկատեց, որ այս ֆորմատի առաջարկը նաև ենթադրում է այս շրջանում Ալիևի կողմից արևմտյան ուժերի դուրսբերման նպատակ: Նրա խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարը շատ լավ հասկանում է, Արևմուտքի՝ որոշակի հայտարարությունների տեսքով, հակաադրբեջանական դիրքորոշում որդեգրելու փաստը: Այս համատեքստում, ադրբեջանագետը համոզմունք հայտնեց, որ խաղաքարտերի փոփոխության պրոցես է սկսված:
Անդրադառնալով տեղի ունեցող գործընթացներում վրացական կողմին ներգրավելու հարցին՝ ադրբեջանագետը նկատեց, որ դա ոչ միայն արդարացված չէ, այլև որոշ չափով անգամ վտանգավոր է:
«Լավ գիտենք, որ Վրաստանում թուրքական մեծ կապիտալ կա: Գիտենք նաև, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո թուրքական ազդեցությունը Վրաստանում էապես աճել է: Այստեղ կա նաև ծածուկ պրոցես՝ հատկապես Թուրքիայի ներգրավման մասով: Գիտենք, որ Թուրքիան ամեն ջանք գործադրում է, որպեսզի «խաղաղության» վերջնական փաստաթղթում, կլինի կնքման կամ կազմման գործընթացում, անպայման ներգրավված լինի: Հետևաբար, հասկանալով բացեիբաց ներգրավմամբ որոշակի բացասական հետևանքները, փորձում է միջնորդավորված ազդեցություն ունենալ Վրաստանի միջոցով:
Իհարկե, Վրաստանը մեզ բարեկամական երկիր է, բայց հատկապես վերջին տարիների «խեղափոխությունից» առաջ Վրաստանի կողմից միշտ եղել են նման առաջարկներ: Ճիշտ է, դա բարեկամական կարող ենք համարել, բայց նաև պետք է հասկանալ, որ այդ պետությունը, ըստ հայտարարությունների համատեքստի, նեյտրալ հարթակ է առաջարկում, որտեղ կարող են հանդիպել խնդրահարույց կողմերը և որոշակի հարցերում պայմանավորվածություն ձեռք բերել: Բայց, ինչպես ասացի, դա չի կարող զերծ լինել թուրքական ազդեցությունից: Եթե, իհարկե, վրացական տարբերակը կայանա, այդ պրոցեսի արդյունքում ավելի մեծ ակնկալիքներ ու ճնշումներ կլինեն Հայաստանի դեմ»,- ասաց մեր զրուցակիցը:
Ադրբեջանագետը ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը տեսնում է ՀՀ-ում իշխանափոխությունը:
«Սրանց մոտ կա միայն մեկ նպատակ՝ լուծարել ամբողջ հայկական պետականությունը: Դա պետք է կանգնեցնել իշխանափոխությամբ՝ Նիկոլ Փաշինյանին իր աթոռից վռնդելով»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը:
Նազելի Ստեփանյան