«Եթե 2021 թվականին Հայաստանում իշխանափոխություն լիներ, այսօր արցախցին Երևանում չէր լինի». Արմեն Պետրոսյան
Մինչև սեպտեմբերի 19-ը Արցախում մարդիկ գտնվում էին ադրբեջանական շրջափակման մեջ և տնտեսական ու սոցիալական խնդիրները նրանց մոտ հուսահատության ու ապագան չտեսնելու մտավախություններ էին առաջացրել։ Նաև արտաքին աշխարհից օգնություն չտեսնելուց հետո՝ արցախահայությունը ստիպված ցանկություն հայտնեց, որպեսզի հումանիտար միջանցք բացվի։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, Արցախի վաստակավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը՝ խոսելով սեպտեմբերի 19-ին և դրան հաջորդած օրերին Արցախում ստեղծված իրավիճակի և արցախահայության բռնի տեղահանման մասին։
Նրա խոսքով՝ արցախահայությունը բռնի տեղահանվեց նաև Ադրբեջանի հետ ինտեգրվելու վտանգի պատճառով։
«Ինձ վրա օրինակ բերեմ, ես չէի ուզենա, որպեսզի իմ որդին 18 տարեկանում զորակոչվեր Ադրբեջանի բանակ ու այնտեղ ծառայեր, ո՞ւմ դեմ ծառայի։ Հետևաբար՝ Ադրբեջանի հետ ինտեգրումը բացառվում է։ Բացի այդ, ՀՀ գործող իշխանությունը հրաժարվել էր Արցախից, ամեն պատեհ և անպատեհ առիթով իրենք դրա մասին շեշտում էին, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Արցախահայության ճնշող մեծամասնությունը երբեք Նիկոլ Փաշինյանին չեն ընդունել։ Արցախցին տեսնում էր, որ իր թիկունքը դատարկ է, ինքը մնացել է միայնակ ամբողջ աշխարհի դեմ։ Դրա համար հումանիտար միջանցքը եղավ միակ փրկությունը»,- հավելեց նա։
Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի կողմից, հատկապես բլոկադայի 9 ամիսների ընթացքում, մշտապես սպասել են ռազմական գործողությունների, հատկապես լոկալ բնույթի, սակայն նման մասշտաբի պատերազմ չէին սպասում։
«Հիմա, երբ տեսնում եմ Իսրայելի ու Պաղեստինի պատերազմը, Ադրբեջանի կողմից Արցախի պատերազմն ուղիղ կապված է սրա հետ, որովհետև Կովսականում ու Ֆիզուլիում օդանավակայանները, որոնք հիմնականում ռազմական բնույթի են՝ կառուցվել են Իսրայելի կողմից։ Հետևաբար՝ իսրայելա-պաղեստինյան այս պատերազմի նախաձեռնողն Իսրայելն է, որի մեջ շուտով կմեղադրի Իրանին և միացյալ Նահագների հետ միասին իրենք ռազմական գործողություններ կսկսեն Իրանում, որի ժամանակ օգտագործվելու է նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքը, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքը»,- շեշտեց Ա. Պետրոսյանը։
Նա վստահ է, որ ՀՀ իշխանությունների քննադատությունները, թե Արցախում նախագահի ու ԱԺ նախագահի փոփոխությունը հանգեցրեց պատերազմի՝ արվում է ներքին լսարանի համար։ Արցախում իշխանափոխությունը հետապնդում էր ազգային զարթոնք։
«Ավելին ասեմ՝ եթե 2021 թվականին Հայաստանում իշխանափոխություն լիներ, այսօր արցախցին Երևանում չէր լինի։ Միշտ ասել եմ, որ եթե 2018 թվականին երևանցին դուրս չգար փողոց, այսօր արցախցին Երևանում չէր լինի։ Ինքս չեմ կարող ներել հայ ժողովրդի այն հատվածին, ով 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրեց ներկայիս իշխանություններին։
Ինչ վերաբերում է ադրբեջանական գերության մեջ գտնվող արցախցի նախկին պաշտոնյաներին, ապա նրանց ճակատագրով պետք է զբաղվի Հայաստանը։ Եթե նրանք ինչ-որ արարքների մեջ մեղադրվում են, ապա այդ մեղադրանքները պետք է ներկայացնի Հայաստանը, այլ ոչ թե Ադրբեջանը։ Զարմանում եմ այն մարդկանց հրճվանքի վրա, ովքեր ուրախանում են՝ տեսնելով արցախցի նախկին պաշտոնյաներին ադրբեջանական գերության մեջ։
Այն քաղաքական ուժը, որի մեջ նաև ես եմ եղել, մշտապես դեմ է եղել Արայիկ Հարությունյանին, բայց ինձ ցավ է պատճառում, երբ ես նրան տեսնում եմ գերության մեջ։ Գուցե ավելի հզոր ուժերի մատն է խառը, որ նրանք ադրբեջանական գերության մեջ են»,- ընդգծեց նա։
Խոսելով այն քննադատությունների մասին, որոնք ուղղված են Ռուսաստանին ու Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին, Արմեն Պետրոսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը, ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում, փաստորեն դրանով մերժել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ այն դարձնելով երկկողմ հայտարարություն։
«Արցախի վերջին դեպքերից հետո արցախահայության մի մասի մոտ առաջացել են հակառուսական տրամադրություններ, ինչն օբյեկտիվ է։ 2020 թվականի պատերազմից հետո, երբ արցախցին վերադարձավ Արցախ, լսեց ոչ թե Արցախի իշխանությունների, այլ Պուտինի խոսքը, որ Արցախն անվտանգ կլինի։ Հավատալով այդ կոչին՝ վերադարձան, սակայն այդ հավատն այժմ կոտրվել է։ Միաժամանակ, կարծում եմ՝ հենց խաղաղապահների ձևաչափն է կոտրվել, երբ Հայաստանը դուրս եկավ եռակողմ պայմանագրից։
Հիմա ես չեմ ասում՝ Մայր Հայաստան, ինչն ասում էի նախկինում, որովհետև այդ մեկ օրվա պատերազմը ես համեմատում եմ մի իրավիճակի հետ, երբ երեխան ջրում խեղդվում է, մայրը ջրից չի հանում, որպեսզի շրջազգեստը ջուր չլինի։ Հայաստանի իշխանությունն իրեն այդպես է պահել՝ նրանք այդ ջուրը չեն մտել, որպեսզի չթրջվեն, ինչի պատճառով Արցախը խեղդվել է։ Եթե իրենց այդ քայլը պատճառաբանում են նրանով, որ զոհաբերում են Արցախը, որպեսզի փրկեն ՀՀ սուվերենությունը, ապա ասեմ, որ Հայաստանը դադարել է գոյություն ունենալ 2018 թվականից»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է Արցախից բռնի տեղահանված հազարավոր երեխաներին հայաստանյան դպրոցներում տեղավորելու հանգամանքին, Արմեն Պետրոսյանը փոխանցեց, որ այն ընտանիքները, որոնք արդեն գտել են հիմնական բնակության վայր, նրանց երեխաները սկսել են հաճախել դպրոց, իսկ մյուսների երեխաները դեռ դպրոց չեն գնում, քանի որ բնակարան կամ հիմնական բնակության վայր այժմ շատ դժվար է գտնել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում