Անպատժելիությունն ակնհայտորեն խրախուսել է Ալիևին՝ էթնիկ զտումներ իրականացնելու հարցում․ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ
Այս բանաձեւերը մնում են ապարդյուն, եթե ԵՄ գործադիր իշխանությունը համապատասխան քայլեր չձեռնարկի: Այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանի՝ հոկտեմբերի 5-ին ընդունված բանաձևը:
«Արդեն երկրորդ անգամ Եվրախորհրդարանն ընդունում է բանաձև՝ կոչ անելով ԵՄ գործադիր իշխանություններին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Այս բանաձեւն ավելի կոնկրետ ու մանրամասն է իր պահանջներում։ Այն նաև ցույց է տալիս ԵՄ խորհրդարանի պահանջների և Հայաստանի ու Արցախի վերաբերյալ ԵՄ իրական քաղաքականության միջև հսկայական անջրպետը, մինչդեռ իրականում կարևորը ԵՄ պաշտոնական քաղաքականությունն է:
Բանաձևը նաև դիմում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ Ադրբեջանի նկատմամբ իր ամոթալի քաղաքականության վերաբերյալ։
Մենք, իսկապես, երախտապարտ ենք Եվրախորհրդարանին ԵՄ արժեքային համակարգին հավատարիմ մնալու և արդարության տեր կանգնելու համար։ Այդուհանդերձ, այս բանաձեւերը մնում են ապարդյուն, եթե ԵՄ գործադիր իշխանությունը համապատասխան քայլեր չձեռնարկի: Մինչ այժմ և՛ ԵՄ խորհուրդը, և՛ ԵՄ արտաքին գործողությունների ծառայությունը սատարում էին Արցախի հայերի Ադրբեջանի «ինտեգրման քաղաքականությանը», մինչդեռ պարզ էր, որ այս, այսպես կոչված, ինտեգրումը կա՛մ նշանակում էր ենթարկվել բռնապետական ռեժիմի, կա՛մ արտագաղթ, եթե տեղում անվտանգության շոշափելի երաշխիքներ չկան։
Այս մոտեցումն ու անպատժելիությունը ակնհայտորեն խրախուսել են Ալիևին էթնիկ զտումներ իրականացնելու հարցում։ Թեև պարզ է, որ ռուս խաղաղապահները՝ որպես եռակողմ հայտարարության երաշխավորներ, կրում են առաջնահերթ պատասխանատվություն, սակայն մինչ այժմ ԵՄ-ն շոշափելի ոչինչ չի արել՝ իրականում Ադրբեջանին հասկացնելու, որ նա չի կարող շարունակել իր ցեղասպան քաղաքականությունը։ Սա է տխուր իրականությունը։
Ուստի հայկական կողմը ծայրահեղ սթափությամբ է գնահատել իրավիճակը, որը մինչ այժմ եղել է թերի և գործել համապատասխանաբար, քանի որ աշխարհաքաղաքական այս թոհուբոհում մեր պետականության համար վտանգները հսկայական են»,-մեկնաբանել է նա:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հիշեցնում է, Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 5-ին ընդունված բանաձևով դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումները և Ադրբեջանի կառավարության դեմ պատժամիջոցների կիրառման կոչ արել։ Բանաձեւում ընդգծվել է նաև միջազգային երաշխիքների պահանջը հայերի` Արցախ վերադառնալու իրավունքի իրացման համր։ Ավելին, Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել «Եվրամիության և Ադրբեջանի միջև էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։
Եվրախորհրդարանի բանաձևը, որն ընդունվել է 491 կողմ, 9 դեմ և 36 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, ներկայացվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի վերսկսած հարձակումներից և բռնի ուժով Արցախի բնակչությանն իր հայրենիքից տեղահանելու հետևանքով:
Եվրախորհրդարանի լիագումար նիստը նաև դատապարտել է Ադրբեջանի ռազմական և մարդկության դեմ հանցագործությունները, կոչ արել միջազգային հանրությանը՝ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանին, իր գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Բանաձևը կոչ է անում անհապաղ դուրս բերել ադրբեջանական ուժերն Արցախից և միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել տարածաշրջանում, ինչպես նաև պահանջում է պաշտպանել հայ ժողովրդի ունեցվածքը, ովքեր բռնի ուժով տեղահանվել են: Պահանջվում է Ադրբեջանից՝ ազատ արձակել և լայն համաներում հայտարարել Արցախի բոլոր բնակիչների համար, ովքեր ձերբակալվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ից ի վեր՝ ներառյալ Արցախի նախկին պաշտոնյաները, և առհասարակ բոլոր նրանց հանդեպ ովքեր ձերբակալվել են մինչև այդ թվականը:
Բանաձեւում ընդգծվում է միջազգային երաշխիքներ ապահովելու կարևորությունը՝ Արցախի բնակիչների վերադարձի իրավունքն ապահովելու համար: Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում միջազգային հանրությանը աջակցել հայ ժողովրդին իր կյանքն ու համայնքները վերականգնելու ջանքերում: