ՄԱԿ-ում քննարկվել է Հայաստանի 4-րդ պարբերական զեկույց. Կոմիտեն կներկայացնի իր եզրափակիչ դիտարկումները

Հոկտեմբերի 4-5-ը Ժնևում ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 74-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել համանուն դաշնագրի շրջանակում ներկայացված Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցի քննարկումը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ԱԳՆ, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, ԿԳՄՍ, ներքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության ներկայացուցիչները: Պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը:

Կոմիտեի անդամների ուշադրությունը հրավիրվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացված էթնիկ զտման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա:

Նշվել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանն ընդունել է ԼՂ-ից բռնագաղթած 100 000-ից ավելի փախստականների։ Կոմիտեի անդամներն իրենց համերաշխությունն են հայտնել հումանիտար ճգնաժամը հաղթահարելու Հայաստանի ջանքերին՝ այս ուղղությամբ կարևորելով միջազգային համակողմանի աջակցությունը։

Պատվիրակության անդամները հանգամանալից կերպով պատասխանել են Կոմիտեի փորձագետների կողմից բարձրացված բազմաթիվ հարցերին: Կոմիտեին տեղեկատվություն է տրամադրվել օրենսդրական նախաձեռնությունների, ինչպես նաև սոցիալական, տնտեսական, մշակութային, կրթական և այլ բնագավառներում իրականացվող քայլերի վերաբերյալ:

Քննարկման արդյունքում Կոմիտեն կներկայացնի Հայաստանի վերաբերյալ իր եզրափակիչ դիտարկումները:

Տեսանյութեր

Լրահոս