Ինչո՞ւ է խոտանվել 5-րդ դասարանի «Ես և իմ Հայրենիքը» առարկայի դասագիրքը
Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ական իշխանության կողմից 2018թ. իշխանազավթումից հետո ձևավորած Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունն ամենասկզբից հենց ձեռնամուխ եղավ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) վարկաբեկմանը, նրա դեմ արշավին: Այդ ճանապարհին ստեղծվեց «Մեկ Հայաստան, մեկ Հայրապետ» տխրահռչակ շարժումը՝ Վեհափառ Հայրապետի դեմ, որի գլխավոր դերակատար Կարեն Պետրոսյանը ներկայումս զբաղեցնում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնը. ի դեպ, նշանակվել է հենց այդ շարժումը ղեկավարելուց հետո: Հաջորդ հարվածը ՀԱԵ-ի դեմ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հանումն էր դպրոցական ծրագրերից: Այդ և այլ նպատակների համար կրթության նոր չափորոշիչներ մշակվեցին, և աստիճանաբար առարկան դուրս մղվեց դպրոցական ծրագրերից: 1-2 տարի անց առհասարակ որևէ դասարանում առարկան չի ուսուցանվի:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Հայոց եկեղեցու պատմություն»-ը՝ որպես առանձին առարկա, չի ուսուցանվի, սակայն առարկայի ծրագիրը կներառվի այլ առարկայի ծրագրում:
Ըստ այդմ՝ 5-րդ դասարաններում այս տարվանից ուսուցանվում է «Ես և իմ հայրենիքը» առարկան, որի ծրագրում էլ ենթադրվում է, որ պետք է լիներ «Հայոց եկեղեցու պատմության» ծրագիրը:
Ինչպես հայտնի է, կրթության նոր չափորոշիչները մեկ տարի Տավուշի մարզում պիլոտային փորձարկում անցնելուց հետո այս տարի ներդրվեց դպրոցներում, սակայն արդեն օգոստոսի վերջից պարզ դարձավ, որ դասագրքեր սեպտեմբերի 1-ից չեն լինի դպրոցներում. չեն հասցրել: Խոստացան մինչև սեպտեմբերի վերջ ապահովել դասագրքերով, սակայն պարզվում է, որ դեռ ոչ բոլոր դասագրքերով են դպրոցներն ապահովված:
Մասնավորապես, 168.am-ին հայտնի դարձավ, որ «Ես և իմ հայրենիքը» առարկայի դասագիրքը դպրոցներում չի լինի: Դասագիրքը խոտանվել է, և այս պահի դրությամբ հասանելի չէ նաև դրա էլեկտրոնային տարբերակը:
Մեր հարցին, թե ինչո՞ւ չկա առարկայի դասագիրքը, ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանն ասաց՝ առարկայի դասագիրքը կրկնակի փորձաքննություն անցնելուց հետո չի հաստատվել, այդ պատճառով էլ չի երաշխավորվել տպագրության համար:
«Այս պահին առարկան դասավանդվում է ուսումնական նյութերով, որոնց էլեկտրոնային տարբերակը հասանելի է»,- ասաց ԿԳՄՍ պաշտոնյան:
Հարցին՝ իսկ ո՞րն է պատճառը, որ դասագիրքը չի անցել փորձաքննությունը, և վերջին պահին հանվել է շրջանառությունից, Կարինե Մանուկյանը նշեց, որ դասագրքերի համար սահմանված են փորձագիտական գնահատման չափանիշներ, որոնցով էլ առաջնորդվել են մրցութային կարգով ընտրված փորձագետները, որոնց խմբերում ներառված են եղել տվյալ առարկայի մասնագետներ, մեթոդիստ, հայերենի մասնագետ, բժիշկ-հիգիենիստ, նկարիչ ձևավորող:
«Յուրաքանչյուր դասագրքի փորձաքննության համար առնվազն 8 հոգանոց մասնագիտական խումբ է աշխատել: Տվյալ պարագայում, հիմք ընդունելով ստացված բողոքները՝ «Իմ հայրենիք» առարկայի դասագիրքը նախարարության կողմից ներկայացվել է կրկնակի փորձաքննության, որի արդյունքում դասագիրքը չի երաշխավորվել, քանի որ չի տրվել դրական եզրակացություն»,- ասաց նա:
ԿԳՄՍ պաշտոնյան ասաց նաև, որ ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների նոր դասագրքերի և ուսումնական նյութերի հղումները, որոնք տեղադրված են նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Պաշարների շտեմարանում»:
«2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների որոշ առարկաների (2-րդ դասարանում՝ «Ռուսաց լեզու», 5-րդ դասարանում՝ «Ռուսաց լեզու», «Ֆրանսերեն», «Իմ հայրենիք», «Կերպարվեստ», 7-րդ դասարանում` «Ռուսաց լեզու», «Գերմաներեն», «Ֆրանսերեն» «Կերպարվեստ», «Արվեստ», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն») համար նոր չափորոշչին համապատասխան դասագրքեր չեն ստեղծվել` պայմանավորված փորձագիտական դրական եզրակացություն չստանալու կամ հայտեր չլինելու հանգամանքով: Կոնկրետ «Իմ հայրենիքը» առարկայի պարագայում պատճառը փորձագիտական դրական եզրակացություն չստանալն է»,- ասաց Կարինե Մանուկյանը:
Վերջինս հավելեց նաև, որ, ինչպես արդեն նշեց, այդ և մնացած առարկաների ուսուցումը, որոնց դասագրքերը առկա չեն, դպրոցներում կազմակերպվելու է նախկին դասագրքերով և Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կողմից մշակված, Տավուշի մարզում փորձարկված ուսումնական նյութերով, որոնց հղումները նույնպես ներկայացված են:
Հարցին՝ իսկ ինչպե՞ս պետք է աշակերտներն առանց դասագրքի յուրացնեն առարկան, ԿԳՄՍ տեղեկատվության բաժնի պետն ասաց՝ դպրոցներն իրենք պետք է ապահովեն աշակերտների համար ուսումնական նյութերի հասանելիությունը, այսինքն՝ պետք է բազմացնեն ու բաժանեն աշակերտներին:
Սա, իհարկե, խնդրի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումն է, իսկ թե ո՞րն է իրականում փորձագիտական խմբի կողմից դասագիրքը չհաստատելու բուն պատճառը, մնում է կռահել: Ի վերջո, Հայրենիքի հետ ծանոթանալը սկսվում է երկրի սահմաններից… ինչևէ, դասագիրքը կմտնի դպրոց, և մենք միայն այդ ժամանակ կկարողանանք հստակ հասկանալ՝ որն է դասագիրքը վերջին պահին շրջանառությունից հանելու պատճառը: