Ադրբեջանը նոր երաշխիքնե՞ր է ստացել. 30 տարի հետո Տավուշի հատվածում ՀՀ սահմանին շատ մոտ ադրբեջանական մանկապարտեզ է գործելու

Հոկտեմբերի 4-ին հանրության ուշադրությունից աննկատ մնաց ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած մի լուր, որ Ղազախի շրջանի Մազամ գյուղում 30 տարի հետո նորից մանկապարտեզ է գործելու:

Ընդ որում, Ադրբեջանի Կրթության և գիտության նախարարության 2023 թվականի հուլիսի 26-ի որոշման համաձայն:

Նշվում է, որ Մազամ գյուղը շատ մոտ է գտնվում Հայաստանի հետ սահմանին՝ Տավուշի հատվածում: Այսինքն, սա խոսում է անվտանգության որոշակի նոր երաշխիքներ մասին, թեպետ հայկական կողմը երբեք չի թիրախավորել խաղաղ բնակչությանը:

Հավելենք, որ 2023 թվականի մայիսին Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Տավուշի գյուղերի հետ կապված ադրբեջանական պահանջին՝ նշելով, որ պատրաստ է Տավուշի գյուղերը հանձնել:

Կարդացեք նաև

«Ես Ձեզ ուղիղ ասեմ՝ Մյունխենի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը բարձրացրեց այդ հարցը, ես ասացի, որ մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, գյուղը մենակ գյուղապետարանի շենքը չի, կամ, ենթադրենք, Բերքաբեր գյուղը, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար: Բերքաբեր և Պառավաքար գյուղերի վարելահողերի ճնշող մեծամասնությունն օկուպացիայի տակ է, պատրա՞ստ է Ադրբեջանը վերադարձնել:

Եթե պատրաստ է, այո՛, մենք պատրաստ ենք: Բայց այստեղ ուրիշ հարց կա. մենք ասում ենք՝ պիտի սահմանի հարց դրվի և դիտարկվի, իրենք ասում են՝ սահման չկա, դելիմիտացված սահման չկա: Մենք ասում ենք՝ եթե դելիմիտացված սահման չկա, դուք ո՞նց եք որոշում՝ մատը որ դնում եք քարտեզի վրա, դա Ադրբեջանի տարածք է: Հիմա Ադրբեջանի զորքը, ասենք, կանգնած է Պառավաքարում իքս կետի վրա, մի ուրիշ տեղ էլ Հայաստանի զորքն է կանգնած:

Մենք ասում ենք՝ պատրաստ ենք ամբողջ սահմանագիծն ընդունել 1975 թվականի քարտեզներով, բայց մեր դիրքորոշումն այն է, որ պետք է իրավական հիմքերը նայենք:

Հիմա ենթադրենք՝ Ադրբեջանի կամ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա, և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի, գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում:

Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը, և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի:

Շատ հնարավոր է՝ ոչ թե դա տեղի ունենա, նոր ստորագրվի խաղաղության պայմանագիր, այլ պայմանագիրը ստորագրվի այն մասին, թե դա ֆիզիկապես ինչպես և ինչ ժամկետներում պետք է տեղի ունենա: Մենք պատրաստ ենք ոչ թե իրենք հետ գնան, նոր ստորագրենք, այլ՝ ստորագրենք, նոր հետ գնան, մենք էլ, իրենք էլ, բայց դա պետք է գրվի և ստորագրվի այնպես, որ տարընթերցման տեղիք չտա»,- ասել էր Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Մյունխեն էր գնացել 2023 թվականի փետրվարի կեսերին:

Այցի շրջանակում Մյունխենում տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

168.amգրել էր, որ Տավուշի գյուղերը մտնում են 86.600 քկմ-ի մեջ, որ Ալիևը Փաշինյանից պահանջել է կատարել «Բ» կետը:

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 20-ին հարցազրույց էր տվել China Media Group-ին, որը հուլիսի 22-ին էր եթեր հեռարձակել China Global Television Network-ը, որտեղ նա նշել էր՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում:

«Որովհետև Հայաստանը ստիպված եղավ շատ կարևոր հայտարարություն անել, որ ոչ միայն ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև նրանք դա պաշտոնապես հաստատեցին նախորդ տարի հոկտեմբերին, իսկ այս տարվա մայիսին ՀՀ իշխանությունները հստակեցում մտցրեցին այդ հարցում, քանի որ մենք պահանջել էինք հստակ ասել, որ Ղարաբաղը ճանաչում են Ադրբեջանի մաս: Նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով, ինչն իր մեջ ներառում է Ղարաբաղը և ՀՀ տարածքում ադրբեջանական 8 անկլավները: Սա, իրապես, կարևոր հայտարարություն է, ինչը մնում է ամրագրել թղթի վրա և ստորագրել: Այսինքն, Հայաստանն ասել է «Ա»-ն, որ Ղարաբաղը դա Ադրբեջան է, մնում է անցնեն «Բ» կետին և ստորագրեն այդ համաձայնագիրը»,- մանրամասնել էր Ալիևը:

Տավուշի մասին կետ է եղել նաև 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հայտարարության նախնական տարբերակում, որը հետո հանվել է ռազմական ղեկավարության պահանջով:

Այս հարցը շատ է քննարկվել նաև այս տարվա մարտի 16-ից փողերի լվացման մեղադրանքով և «ժամկետանց» և անհեթեթ գործով 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի անազատության մեջ գտնվելու համատեքստում։ 

Եվ երեկ վերևում հիշատակված ադրբեջանական տեղեկատվությանը զուգահեռ՝ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգել է ևս երկու ամսով։

Գեներալների հանդեպ Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրությանը դեռ կանդրադառնանք, այդ թվում՝ հայ գեներալների և Արցախի նախկին նախագահների՝ Բաքվում պահվելու և մեղադրվելու համատեքստում:

Տեսանյութեր

Լրահոս