«Նիկոլ Փաշինյանը շատ լավ և վաղուց հասկանում էր, որ ունի պիտանելիության ժամկետ». Վիգեն Հակոբյան
Նախօրեին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը, հնչեցրած թեզերը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նորություն չի համարում: 168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգը շեշտեց՝ հատկապես վերջին 3 տարիներին, երբ խոսքը մեղավորների ու պատասխանատուների մասին է լինում, Փաշինյանը նույն խոսույթը տարբեր փաթեթավորմամբ պարբերաբար հրամցնում է:
«Ես միշտ ասել եմ, որ այդկերպ նա աշխատում է իր՝ դեռևս մնացած ընտրազանգվածի վրա, փորձում է գոնե պահպանել այն:
Իր այդ ինքնապաշտպանական բնազդից բխող ագրեսիվությունը, որոշ թիմակիցների (ի դեպ, արդեն ոչ բոլոր թիմակիցների) ֆանատիկ ելույթները վկայությունն են նրա, որ իրենք շատ լավ հասկանում են՝ իրենց ռեսուրսը՝ փողոցը, որը նաև ընտրազանգված է եղել, այժմ չկա: Դա ցույց տվեցին նաև Երևանի ավագանու ընտրությունները: Ոչ փողոցն ունեն, ոչ ընտրազանգվածը. ունեն բոլոր ասպարեզներում անհաջողություններ, տապալումներ:
Նոր բան չի ասել, միայն նոր մեղավոր է ի հայտ եկել. այժմ ասում են՝ մենք չենք հանձնել Արցախը, այլ Արցախի իշխանությունները: Այսինքն՝ այս անգամ նախկինները չեն, Մոսկվան չի, թուրքերն ու արդբեջանցիները չեն, այժմ էլ Արցախի ղեկավարությունն է մեղավոր, որ ի սկզբանե չի գնացել հանձնվելու»,- մանրամասնեց նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում «ամենաարդար մեղադրանք»-ն էր համարել ԼՂ-ն մենակ թողնելու մասին խոսույթը, իսկ ԼՂ շուրջ տեղի ունեցած գործընթացների պատասխանատվությունն ուղղակի դրեց ԼՂ իշխանությունների ուսերին՝ արձանագրմամբ.
«Հիմա չգիտեմ էլ, թե ինչքանով է ճիշտ դա ասելը, բայց պետք է ասեմ։ Այո, մենք նշաձողը ցածրացրինք, փորձեցինք ցածրացնել։ Եվ ձեզ մի գաղտնիք էլ ասեմ՝ ընդ որում, Լեռնային Ղարաբաղի գործընկերների համաձայնեցված ձևով։ Բայց փոխարենն ի՞նչ տեղի ունեցավ, մենք ցածրացրինք, Լեռնային Ղարաբաղը բարձրացրեց։ Այստեղ է պրոբլեմը։ Եվ Լեռնային Ղարաբաղը բարձրացրեց, դա արեց ձեր քաջալերմամբ։ Եթե նրանք մեր ընդհանուր պայմանավորվածությունը և ըմբռնումը պահեին, այդպես չէր լինի։ Մենք ասացինք, որ միջազգային հանրությունը կոնսոլիդացիա կապահովի։ Այո, միջազգային հանրությունը Սոֆիայում միջազգային մեխանիզմի շրջանակներում հանդիպում էր առաջարկել ԼՂ-ին։ Իսկ ինչո՞ւ չգնացին, որովհետև Լեռնային Ղարաբաղին արգելեցին գնալ։ Ո՞վ արգելեց, դա ոչ մեկը չգիտի»:
Նա նաև շեշտել էր, թե պրահյան պայմանավորվածություններից և Ալմա Աթայի գործընթացից հրաժարվելը նշանակում է հրաժարվել ՀՀ անկախությունից, որովհետև պրահյան պայմանավորվածությունը և Ալմա Աթայի հռչակագիրը արձանագրել են ՀՀ տարածքային ամբողջականությունը այն բանից հետո, երբ դա տեղի է ունեցել 2022 թ. հոկտեմբերի 6-ին:
Այս դրվագներին անդրադառնալով՝ Վիգեն Հակոբյանը շեշտեց՝ Պրահայի գործընթացի գնահատականը տալիս են արդյունքները, իսկ դրանցից պարզ է դառնում, որ «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք» թեզը չաշխատեց:
«Արցախը հանձնեց, հետո էլ այդ հանձնումը վերահաստատեց սեպտեմբերի 19-ի իր խայտառակ ելույթով, երբ ասեց՝ մեզ ուզում են ներքաշել ռազմական գործողությունների մեջ, բայց մենք չենք ներքաշվելու: Դա ուղղակիորեն Արցախի ժողովրդին և Արցախի Հանրապետությանը դավաճանելու ակտ էր, որովհետև դու քո ժողովրդի մի հատվածին հենց այնպես հանձնեցիր՝ ասելով, որ մենք չենք ներքաշվելու որևէ գործողության մեջ, կամ, ասել է թե, իրենք ինչ ուզում են լինեն, մենք գոնե ողջ մնանք:
Բայց տեսնում ենք, որ ՀՀ հասարակությունն էլ հանգիստ չէ. հաշվի առնելով այն պանիկան, որ կա, այդ թվում՝ արտարժույթի շուկայում, նաև օդում կախված այն խոսակցությունները, թե՝ ադրբեջանցիները երբ են խփելու Գեղարքունիքին, Սյունիքին, այսօ՞ր, վա՞ղը, մյուս տարի՞, ո՞վ է մեզ փրկելու այդ դեպքում:
Նա Պրահայում հանձնեց Արցախը, դրանով դուրս եկավ նոյեմբերի 9-ի՝ իր ստորագրած նախակապիտուլյացիոն փաստաթղթի տրամաբանությունից, առիթ ստեղծեց, որպեսզի նույն ՌԴ-ն, ըստ էության, գործողություններ անի, որոնք չեն բխել Հայաստանի և Արցախի շահերից»,- պարզաբանեց նա:
Այս համատեքստում անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների առկա ոչ դաշնակցային էությանը՝ քաղտեխնոլոգը նկատեց, որ ՌԴ-ն Նիկոլին համարում է գցող, և հիշեցրեց ՌԴ-ից հնչող հայտարարությունները՝ բանավոր կամ ջենթլմենական պայմանավորվածությունների մասին:
«Բայց Նիկոլ Փաշինյանն իր այդ խոստումները չի կատարել, ինչն առիթ է հանդիսացել, որպսզի երկիրը կորցնի թեկուզ վատ, բայց այնուամենայնիվ դաշնակցի և ձեռք բերի թղթե շերեփի մակարդակի ինչ-որ իբր դաշնակիցներ, որոնք սահմանափակվում են դեկլարատիվ հայտարարություններով և որոնց նպատակն իրենց աշխարհագրական մրցակցին այս տարածաշրջանից հանելն է:
Սրանք են պրահյան գործընթացի իր արդյունքները,- նշեց վերլուծաբանը՝ նաև «խաղաղության դարաշրջան» հասկացողությունը համարելով ձախողված,- Ադրբեջանը Գրանադա չգնալով՝ ցույց տվեց, որ ինքը թքած ունի Նիկոլ Փաշինյանի «բանտիկների վրա»: Ադրբեջանը եվրոպական հարթակներում իր մաքսիմումը ստացել է՝ Նիկոլ Փաշինյանից կորզելով Պրահայի այդ հայտարարությունը, այժմ շատ լավ հասկանում է, որ արդեն Հայաստանի հետ կապված կոնկրետ խնդիրները՝ միջանցք, անկլավներ, արդեն եվրոպացիները չեն լուծում. այդ հարցերը պետք է լուծվեն այս տարածաշրջանում գետնի վրա գոյություն ունեցող պետությունների հետ՝ ՌԴ, Իրան, Թուրքիա»:
Հարցին, թե նման իրավիճակում, երբ Հայաստանի համար ՌԴ-ին չկա կոնկրետ այլընտրանք, Ռուսաստանի դեմ իրականացվող դեմարշները, այդ թվում՝ վերջին օրերին Հռոմի ստատուտի ընդունումն ի՞նչ հետևանքներ կունենա, նա պատասխանեց.
«Նիկոլ Փաշինյանը շատ լավ և վաղուց հասկանում էր, որ ունի պիտանելիության ժամկետ՝ նկատի ունեմ այն առումով, որ ունի պարտավորություններ` և՛ ստորագրված, և՛, ինչպես ռուսներն են ասում, ջենթլմենական համաձայնությունների շրջանակում, որը պետք է անի: Ինքը շատ լավ գիտեր, որ իր շուրջ ձևավորված կոնսենսուսը՝ և՛ 2018 թվականին իրեն իշխանութան բերելու առումով, և՛ 2021 թվականին՝ իր իշխանությունը պարադոքսալ կերպով պահպանելու, հիմնված էր զուտ խոստումները կատարելու սպասումների վրա, և հենց դրանք կատարի, դուրս գրված է լինելու ստրատեգիական և տակտիկական առումով:
Աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները փորձեցին մաքսիմումը քամել Նիկոլ Փաշինյանի գործոնից, այդ թվում՝ նաև ռուսները, որոնք շատ հմուտ փորձեցին օգտագործել Փաշինյանի հակառուսական նարատիվները՝ արդարացնելով իրենց պրոադրբեջանական, պրոթուրքական գործողությունները՝ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ղեկավարության հակառուսական կեցվածքով: Իրենք փորձեցին ՀՀ և Արցախի հաշվին լավություն անել իրենց սիտուացիոն դաշնակից Թուրքիային և Ադրբեջանին:
Բայց եկավ մի պահ, երբ Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ իրեն դուրս են գրում (իսկ դա հասկացավ, երբ ՌԴ-ն սկսեց նման հայտարարություններ անել, հետո Թուրքիայի նախագահը խոսեց Արցախի վրա հարձակման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տեղյակ լինելու մասին, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Բայրամովն ուղղակիորեն ցիտեց Նիկոլ Փաշինյանին), որոշեց ինքնապաշտպանության բնազդից ելնելով՝ միանգամից աշխարհաքաղաքական ռեվերս անի դեպի Արևմուտք: Եվ սկսեց մեկը մյուսից ավելի կոշտ գործողություններ, որի գագաթնակետն այս պահի դրությամբ Հռոմնի ստատուտի հարցն է, որը ոչ միայն քաղաքական բնույթ ունի, այլև ՌԴ-ում ընկալում են՝ որպես անձնական թշնամանք Պուտինի նկատամամբ՝ դրսից թելադրված, իսկ դա բավականին լուրջ է, և, սովորաբար, որոշակի հետևանքներ է բերում»:
Այդուհանդերձ, քաղտեխնոլոգն օբյեկտիվ համարեց հանրության մեջ առկա հակառուսական տրամադրությունները, անվստահությունը, որոնք ի հայտ են եկել հատկապես ՌԴ խաղաղապահների ձախողած առաքելությունից հետո, սակայն նկատեց. «Այնուամենայնիվ բազային պատճառը մեր այսօրվա կատաստրոֆայի ՀՀ իշխանություններն են, որոնք առիթ են ստեղծել, որպեսզի կորցնենք ռազմավարական դաշնակցի ու ձեռք չբերենք որևէ այլընտրանք՝ լինի Արևմուտքից, Արևելքից, թե Անտարկտիդայից»: