Ինչո՞ւ Ալիևը հրաժարվեց Գրանադայում սպասվող բանակցություններից

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատեց՝ Արցախում սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից առաջ ԱՄՆ, ԵՄ և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպել և շփումներ են ունեցել։ Զախարովան տեղեկացրեց, որ իրենց դիմել են Միացյալ Նահանգները և Եվրամիությունը՝ հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ։ «Կողմերը տեսակետներ են փոխանակել իրավիճակի հետ կապված, միայն այդքանը»,- երեկ ճեպազրույցում ասաց Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ևս նշել էր, թե Մոսկվան որոշակի շփումներ է ունեցել Արևմուտքի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց ոչ այն, ինչի մասին գրել է Politico-ն։

Իսկ եվրոպական Politico թերթը, վկայակոչելով անանուն բարձրաստիճան դիվանագետին և ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են վարել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ Ղարաբաղում նոր սրացումից երկու օր առաջ։

Արցախի հայաթափման ֆոնին ի հայտ եկող ուշագրավ տեղեկությունների ֆոնին և Գրանադայում հոկտեմբերի 5-ին սպասվելիք Փաշինյան-Մակրոն-Շոլց-Միշել-Ալիև բանակցություններին ընդառաջ՝ երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է այս բանակցություններից։ Ադրբեջանական լրատվամիջոցները՝ իրենց աղբյուրներին հղում անելով, հայտնում են, որ մերժման պատճառը «Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է», ինչպես նաև «Թուրքիայի նախագահի՝ հանդիպմանը մասնակցելու հարցում Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը»։ Նման պայմաններում Ադրբեջանը հրաժարվել է բանակցել։

Կարդացեք նաև

Հիշեցնենք նաև, որ աշխատանքային այցով ՀՀ-ում է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան, ով Երևանում խոսեց հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության մեկնարկի, Սյունիքի մարզում հյուպատոսական գրասենյակի բացման, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին։

Ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը 168am-ի հետ զրույցում ասաց, որ Ալիևը բանակցային տարբեր հարթակներից փորձում է հերթով ստանալ այն, ինչ իրեն անհրաժեշտ է Հայաստանի հետ կարգավորման գործընթացում։

Ըստ նրա, ժամանակավոր հրաժարվելով հետպատերազմյան ՌԴ հովանու ներքո պայմանավորվածություններից՝ Ալիևը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցից և կարողացավ իր համար ընդունելի լուծումներ ստանալ եվրոպական հարթակում։ Արեշևը հիշեցրեց այն, ինչ պնդում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը տեղ էր թողնում կարգավիճակի մասին խոսակցությունների համար, այդ հարցի շուրջ բանակցությունները թողնելով ապագային, սակայն Պրահայի պայմանավորվածությունները հիմնովին փոխեցին իրավիճակը, քանի որ կողմերը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այժմ, վերլուծաբանի կարծիքով, Ալիևը գուցե ցանկանա վերադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և դրանից հետո կնքված երեք փաստաթղթերին, քանի որ դրա 9-րդ կետում խոսվում է ենթակառուցվածքների մասին, և ադրբեջանական կողմի կարծիքով, դա գուցե տա հնարավորություն ինչ-որ հավելյալ առավելությունների հասնելու համար, այսպես կոչված, միջանցքի հարցի շուրջ, թեև կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունները։

«Ալիևը ԼՂ հարցից հետո անցել է իր նպատակների իրագործման երկրորդ փուլին՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների իրագործում, և այստեղ Բաքվի պահանջները և ցանկությունները բոլորի համար ակնհայտ են։ Բաքուն փոխելով բանակցային հարթակները՝ հավելյալ հնարավորություններ է փնտրում այս հարցում։ Ավելին՝ Բաքուն չի ցանկանում բանակցել Մակրոնի միջնորդությամբ, որը աջակցություն է հայտնում Երևանին, իր հերթին ցանկանալով գործընթացում ներառել իր դաշնակից Թուրքիային։ Կարծում եմ՝ հրաժարվելով առաջիկայում Գրանադայում սպասվող բանակցություններից՝ Ալիևը ջանում է փոխել բանակցային ձևաչափը, փորձելով դրանից դուրս բերել Մակրոնին և Շոլցին։ Կարծում եմ՝ միայն Միշելը լիովին ձեռնտու տարբերակ է Ադրբեջանի համար։ Իսկ ընդլայնված ձևաչափի լոբբինգը կարծես Երևանն էր արել, որին Ալիևը համաձայնեց միայն Պրահայի պայմանավորվածությունների կոնտեքստում։ Ինչպես տեսնում ենք, բացի գետնի վրա ծանր ու ինտենսիվ զարգացումներից, բարդ ու փոփոխական է նաև բանակցային գործընթացը, սակայն դա թույլ է տվել նաև Երևանը, ինքը ևս տեղափոխվելով մի հարթակից մյուսը»,- ասաց նա։

Արեշևը գտնում է, որ սա հնարավոր է դարձել, քանի որ միջնորդների միջև կա աշխարհաքաղաքական դիմադրություն, և Ռուսաստանն ու Արևմուտքը տարբեր առաջարկներ են անում, իսկ կողմերը և մասնավորապես Ադրբեջանը, որը հանդես է գալիս ուժի, հաղթողի դիրքերից, ամեն փուլում ընտրում է այն, ինչ իրեն հարկավոր է։

«Գրանադայում կարծես պետք է ծավալվեին բանակցություններ հենց այդ, այսպես կոչված, միջանցքի շուրջ, երբ զուգահեռաբար՝ Ֆրանսիան, Իրանը, ՌԴ-ն հայտարարում են ՀՀ տարածքային ամբողջականության կարևորության մասին։ Ալիևը փորձում է ժամանակ շահել»,- ասաց վերլուծաբանը։

Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը մեզ հետ զրույցում ասաց, որ ադրբեջանական կողմը կարող է հետաձգել հանդիպումը, սակայն չի կարող ամբողջությամբ  հրաժարվել այդ ձևաչափից ու Արևմուտքի մասնակցությունից, քանի որ եվրոպական միջնորդությունը գործել է ամերիկյանի հետ միասին ու դրան զուգահեռ։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը ներկայումս ունի ինչ-որ հարցեր այս հարթակի հետ կապված, փորձում է դիվանագիտական ճեղքեր գտնել Թուրքիային գործընթացում ներառելու համար, քանի որ Թուրքիան ևս ակտիվ շրջանառում է միջանցքի հարցը։

«Թեև վերջերս խոսք է եղել այն Իրանով անցկացնելու մասին, սակայն, կարծում եմ, հայկական տարբերակը դեռ սեղանին է, և ակտիվ բանակցություններ են ընթանում այս մասով նաև Ռուսաստանի մասնակցությամբ։ Չի բացառվում, որ Ալիևը պնդի վերադառնալ Մոսկվա բանակցությունների նպատակով»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս