ԵՄ-ն կարող է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները ԼՂ-ում ճգնաժամի վատթարացման դեպքում․ Reuters

Եվրամիությունը կարող է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները, ներառյալ՝ ֆինանսական օգնությունը, և անհատական պատժամիջոցներ կիրառել, եթե իրավիճակը վատթարանա Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական ճանապարհով վերահսկողություն սահմանելուց հետո։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտական ծառայության փաստաթուղթը, որը հայտնվել է իր տրամադրության տակ։

Ըստ փաստաթղթի՝ ԵՄ-ն կարող է վերանայել քաղաքական ներգրավվածությունը, ֆինանսական աջակցությունը և ոլորտային համագործակցությունը, սակայն ավելի հստակ մանրամասներ չեն հաղորդվում։ Ի դեպ, ըստ Reuters-ի, փաստաթղթում նաև չի նշվում Ադրբեջանի էներգետիկ հատվածը։

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը և 27 անդամ երկրներից շատերի ղեկավարները դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա սեպտեմբերի 19-20-ին իրականացված լայնածավալ հարձակումը։ Այնուամենայնիվ, ըստ Reuters-ի, դիվանագետները նշում են, որ ԵՄ երկրների շրջանում տարաձայնություններ կան Բաքվի նկատմամբ ավելի խիստ դիվանագիտական կամ քաղաքական գործողություններ ձեռնարկելու շուրջ։ Դրա պատճառներից է նաև այն, որ ԵՄ-ն ավելի շատ կախվածություն է ձեռք բերում ադրբեջանական նավթից ու գազից՝ որպես ռուսականին այլընտրանք։

Ըստ Reuters-ի՝ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության կողմից պատրաստված փաստաթղթում ուրվագծվում է հետագա հնարավոր արձագանքը, սակայն փաստաթղթի տոնայնությունը զգուշավոր է։

Նշվում է, որ «եթե իրավիճակը վատթարանա», ԵՄ-ն կարող է դիտարկել Ադրբեջանի հետ հարաբերությունների վերանայումը «աստիճանական մոտեցման հիմունքներով»։

«Եթե իրականացվեն մարդու իրավունքների լուրջ խախտումներ, նման խախտումների համար պատասխանատու անհատների նկատմամբ սահմանափակող միջոցառումներ կարող են դիտարկվել», – գրված է Reuters-ի տրամադրության տակ գտնվող փաստաթղթում։

Եվրամիությունում պատժամիջոցների շուրջ որոշումը պետք է միաձայն հաստատվի բոլոր անդամ երկրների կողմից։ Ըստ Ադրբեջանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցների կողմնակից երկրի մի դիվանագետի, որը նախընտրել է չբացահայտել իր անունը, փաստաթուղթն «արտացոլում է անդամ երկրների տարբեր դիրքորոշումների հավասարակշռությունը․ մենք ուզում ենք ավելին, իսկ մյուսներն ընդհանրապես ոչինչ չեն ուզում»։

Reuters-ը շեշտում է՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Նիդերլանդների դիվանագետները Բաքվի նկատմամբ ավելի խիստ միջոցների կողմնակից են, մինչդեռ մյուսները, այդ թվում՝ Ավստրիան և Հունգարիան, դեմ են դրան։

Մեկ այլ դիվանագետ էլ հայտնել է, որ արդյունքում ԵՄ-ն Ադրբեջանի գործողությունները դատապարտելուց բացի հազիվ թե որևէ այլ բան անի, սակայն փոխարենը կարող է կենտրոնանալ Հայաստանին աջակցելու վրա ինչպես տնտեսական, այնպես էլ, հնարավոր է, ռազմական օգնության տրամադրմամբ։

Փաստաթուղթը նաև ԵՄ-ին առաջարկում է դիտարկել «Հայաստանի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին հետագա աջակցություն ցուցաբերելուն ուղղված քաղաքական և տնտեսական գործողություններ, այդ թվում՝ անվտանգության և ուժի, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների շարունակման ոլորտում»:

Տեսանյութեր

Լրահոս