«Գնում են Բրյուսել, Վաշինգտոն, Մոսկվա ու ասում՝ ասեք՝ կանենք, դրա համար մենք այսօր այս վիճակում ենք». Գևորգ Իսկաջյան

Երբ իմացանք, որ Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական զորքերը բռնել էին, ես այլ երկրի քաղաքացիություն ունեմ և այդ պայմաններում դժվար է լինել Արցախում։ Ինձ ասացին, որքան շուտ կարող եմ, պետք է դուրս գամ Արցախից։ Իմ և ամբողջ արցախահայության համար Ստեփանակերտից-Գորիս եղած 40 կմ ճանապարհը շատ դժվար է, 38-40 ժամ ենք անցել այդ ճանապարհը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայ դատի Արցախի գրասենյակի ներկայացուցիչ Գևորգ Իսկաջյանը՝ պատմելով, թե ինչ պայմաններում է բռնի տեղահանվել Արցախից ու ինչպես է անցել գաղթի ճանապարհը՝ Ստեփանակերտից մինչև Գորիս, ապա՝ Երևան։

Գևորգը պատմեց, որ 40 ժամվա ճանապարհի դժվարությունները մեծամասամբ չի զգացել, քանի որ երիտասարդ է, սակայն երեխաների, ծերերի, հիվանդություն ունեցողների համար շատ դժվար է եղել։

«Իմ սիրտն այդ մարդկանց համար ցավում էր։ Մի կողմից՝ դժվար է թողնել քո հայրենիքը, մյուս կողմից՝ գաղթի ճանապարհն էր շատ դժվար։ Ում հետ խոսում էինք, ասում էին, որ Հակարիի կամրջի վրա դրված ապօրինի անցակետում անձնագրերը մեծամասամբ չեն ստուգում, բայց երբ ես հասա անցակետին՝ ստուգեցին, իրենք շատ լավ գիտեն, թե ով է գալիս կամ ով է գնում։ Կարծում եմ՝ ինձ թողեցին անցնեմ անցակետը, քանի որ իրենց համար գլխացավանք կլիներ ԱՄՆ քաղաքացի բռնել։ Իրենք անձնագիրս նայեցին, 10-15 րոպե պահեցին, խոսակցություններ եղան, հետո ասացին, որ գնանք։ Բայց 100 տոկոս ադրբեջանցիները չէին ուզում, որ մենք Արցախում լինեինք, որովհետև երբ սփյուռքահայեր են գալիս Արցախ, նշանակում է հավատ կա, որ Արցախում պայքար կա, աշխատելու տեղ կա։ Այս նույն մտայնությամբ Ադրբեջանն ատում է Ռուբեն Վարդանյանին, որովհետև հայրենիքը լքելու համար չեն գնում Արցախ, այլ պահելու»,- վերհիշելով գաղթի ճանապարհը՝ պատմեց Գևորգ Իսկաջյանը։

Կարդացեք նաև

Նա անհասկանալի որակեց ՄԱԿ առաքելության ուշացած այցն Արցախ, հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ առաքելությունը սպասեց, մինչև մարդիկ բռնի տեղահանվեն իրենց բնակավայրերից, և միայն դրանից հետո այցելեցին Արցախ։

«Երբ ասում են, թե իրենք էթնիկ զտման փաստ չեն տեսել։ 9 ամիս արցախահայությանն առանց լույս, առանց հաց ու առանց որևէ բանի պահում էին, փակում մեր ճանապարհը, պահում էին կրակոցների տակ, այդ ժամանակ ՄԱԿ առաքելությունը պետք է լիներ Արցախում։ Դա պատահական չի, որ ՄԱԿ առաքելությունը բնակչության բռնի տեղահանությունից մեկ օր հետո է գնացել Արցախ, թող գային ու մարդկանց հետ խոսեին, խոսեին գաղթի ճանապարհը բռնած մարդկանց հետ, այն մարդկանց, որոնց երեխաները զոհ են գնացել ադրբեջանական ռեժիմին»,- հավելեց նա։

Գևորգ Իսկաջյանն ընդգծեց, որ հատկապես շրջափակումից հետո մշտապես մտածել են, որ Ադրբեջանը փորձելու է ամեն միջոց օգտագործել, որպեսզի Արցախում իրականացնի էթնիկ զտում, և շրջափակման 9 ամիսների ընթացքում փորձեցին դա անել՝ լույսն ու հացը կտրելով, ճանապարհը փակելով, սակայն արցախահայությունը չէր կոտրվում։

«Երբ Ադրբեջանը հասկացավ, որ մենք մեկ տարի շրջափակման մեջ ապրել էինք ու դեռ 10 տարի էլ կապրեինք, եթե պետք է, միայն դրանից հետո զորք բերեց։ Մեր զինվորները կռվեցին ու հերոսաբար կռվեցին, Արցախում 100 հազար բնակիչ 10 մլն զորքով Ադրբեջանի դեմ՝ առանց հայկական բանակի աջակցության, այդ ամենի դեմ որևէ երկիր չէր կարող կանգնել այնպես, ինչպես կանգնեցին արցախցիները»,- հավելեց մեր զրուցակիցը։

Գևորգն Արցախ է գնացել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, պատմում է, որ դրսից տեսնել Արցախում ընթացող պատերազմը՝ շատ դժվար էր, քանի որ լինելով Միացյալ Նահանգներում՝ որևէ կերպ չէր կարողանում աջակցել իր այն եղբայրներին, որոնք մարտի դաշտում էին։

«Ես որոշեցի, որ այլևս այդպես չպետք է լինի, ու նաև գիտեինք, որ պատերազմից հետո շատ դժվարություններ են լինելու, նաև գիտեինք, որ որևէ լրագրող չպետք է մտներ Արցախ ու Արցախից լուր տաներ դուրս։ Այդ պատճառով որոշեցինք, որ Արցախում պետք է բացվի Հայ դատի գրասենյակ, որպեսզի այդ աշխատանքներն իրականացնի։

Երբ Արցախից խոսում էի սփյուռքի ու Հայաստանի հետ՝ միշտ ասում էի, որ պատմությանն այնպես ենք նայում, որ Արցախը կա, եղել է ու պիտի լինի։ Բայց այդ «եղել է, կա ու պետք է լինին»,  մարդիկ աշխատանքով են արել՝ պահել են արյունով ու քրտինքով, ու մենք հիմա պետք է հասկանանք, որ Հայաստանն արյունով, աշխատանքով ու քրտինքով պիտի պահենք։ Պիտի հասկանանք, որ մեր շուրջ թշնամիներ կան, և այդ մտածելակերպով առաջ գնանք, բայց պետք է Կառավարություն փոխենք, որովհետև այս կառավարությունը իմ ասածների վերաբերյալ  գաղափար չունի, ոչ էլ ազգային արժեքներ ունի, որպեսզի կարողանա աշխատել։

Մեզ համար կարևոր է առաջին քայլը, մեզ անհրաժեշտ են լավ դիվանագետներ, որոնք փորձ ունեն։ Եթե քայլարշավ են արել մեկի հետ, իր ընկերն եմ: Պետք է արտգործնախարար  դառնամ՝ կդառնամ։ Իրենք գնում են Բրյուսել, Վաշինգտոն, Մոսկվա  ու ասում՝ ասեք՝ կանենք, սակայն հաշվի չեն առնում հայկական շահը, իրենց որոշումներն ի նպաստ հայրենիքի ու ազգի չեն կայացնում, ասում են՝ «ասեք՝ կանենք», դրա համար էլ այսօր այս վիճակում ենք։ Ազատ ու անկախ Հայաստանից են խոսում, բայց իրենց դիվանագիտությունը Հայաստանի շահերից չի բխում»,- եզրափակեց Գևորգ Իսկաջյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս