Հիմա թող տեսնեն՝ Արցախը մեր պրոբլեմների՞ աղբյուրն էր, թե՞ մեր կյանքի ու անվտանգության աղբյուրը. Կարինե Նալչաջյան

Արցախում ադրբեջանական թշնամական ուժերի կողմից իրականացված ցեղասպանական գործողություններից հետո, Արցախցի մեր հազարավոր հայրենակիցներ, ենթարկվելով բռնի ու հարկադիր տեղահանման, ստիպված եղան հերթական անգամ լքել իրենց բնօրրանը:

Այսքանից հետո էլ թշնամական երկրի իշխանությունները չեն դադարում տեռորի ենթարկել Արցախից Հայաստան տեղափոխվող մեր հայրենակիցներին՝ նրանց առևանգելով Բերձորի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետից:

«Նաև չպետք է մոռանալ, թե արցախցի մեր հայրենակիցներն ինչ դժոխքում են ապրել վերջին տարիներին ու հատկապես վերջին 9 ամիսներին, ու, թե ինչ դժոխքից են դուրս եկել: Ոչ միայն տուն են կորցրել, այլև հարազատներ ու ամուսիններ, միմյանց չեն կարողանում գտնել: Այսպիսի վիճակում մարդկանց մոտ կարող են անգամ ագրեսիվության ու հիասթափության երանգներ նկատվել, ինչը լիարժեքորեն կարելի է հասկանալ»,- 168.amի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Նրա խոսքով՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն արդեն իսկ անցել են բազմաթիվ զրկանքների միջով: Այս պարագայում հոգեբանն անընդունելի համարեց հանրության որևէ շերտի կողմից նրանց նկատմամբ որևէ մեղադրանք՝ հավելելով, որ հենց այդ մարդկանց այդ ճակատագրերի համար մեղքի մի հսկայական բաժին նաև այն մարդկանց վրա է, որոնք այսքան ժամանակ շարունակում են հանդուրժել ՀՀ ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը, նրանց հայտարարությունները:

Կարդացեք նաև

«Հենց նրանք էին, որ արեցին Արցախի մասին այդ ստոր հայտարարությունները՝ «Հայաստան չէ, Ադրբեջան է…»: Այսինքն, Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությունը հենց ՀՀ իշխանություններն են իրականացնում: Եկեք նաև հասկանանք, որ արցախցի մեր հայրենակիցները ևս հասկանում են, թե հազարամյակների իրենց բնօրրանը կորցնելու հարցում ովքեր են մեղավոր, և այո՛, իրենք կարող են նաև զայրացած լինել: Հենց այսօր մի աղջկա տեսա, ասում էր՝ մեր կուրսից մի հատ արցախցի աղջիկ կար, միայն տեսնեիք՝ ոնց էր մեզ հետ խոսում: Ասում է՝ մինչև հիմա ես լաց էի լինում, ամեն ինչի համար ապրումներ էի ունենում, բայց իրեն լսելուց հետո վերանայել եմ տեսակետս: Բայց պետք է հասկանալ իրենց ու թույլ չտալ որևէ տեսակի տարաձայնություն ու բախում»,- ասաց հոգեբանը՝ հավելելով, որ պառակտման դեպքում նույն սցենարը կարող է տեղի ունենալ նաև Հայաստանում:

Կարինե Նալչաջյանը կարևորեց ՀՀ-ում մեր ազգակիցների նկատմամբ սրտացավ վերաբերմունքի ցուցաբերումը: Նաև այս համատեքստում՝ նա հիշեց, թե ինչպիսի ջերմությամբ էին իրեն անցյալում դիմավորում հենց Արցախում բնակվող մեր հայրենակիցները: Հոգեբանը հիշեցրեց, որ դեռևս 1990-ականների սկզբին գլուխ բարձրացրեց «արցախցի- հայաստանցի» տարանջատող եզրույթը, բայց այդ տարանջատումը մինչև վերջին տարիները գրեթե ամբողջությամբ հաղթահարվել էր: Ըստ նրա, այն կրկին գլուխ բարձրացրեց 2018 թվականի «դագաղային հեղափոխություն»-ից հետո, երբ ժողովրդին ներշնչեցին, թե մեր բոլոր խնդիրների աղբյուրն Արցախն է:

«Հիմա թող տեսնեն՝ Արցախը մեր պրոբլեմների՞ աղբյուրն էր, թե՞ մեր կյանքի ու անվտանգության աղբյուրը»,- ասաց նա:

168.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանական ցեղասպանությունից մազապուրծ եղած ու ՀՀ տարածք տեղափոխված մեր հայրենակիցներին մի շարք հայաստանցիներ կա՛մ հրաժարվում են բնակարաններ տրամադրել, կա՛մ դրանք տրամադրվում են աստղաբաշխական գներով:

Միևնույն ժամանակ, հասարակության մի զանգված էլ չդադարող մեղադրանքներով բացասական վերաբերմունք են ցուցաբերում արդեն իսկ իրադարձությունների բերմամբ տուժած արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ:

Հասարակության այս հատվածն էլ, ըստ հոգեբանի, պետք է վերանայի բարոյական հասունության իր աստիճանը: Կարինե Նալչաջյանի գնահատմամբ՝ այս դեպքում գործ ունենք անձանց հետ, որոնց մտահոգությունները չեն անցնում իրենց անձի շրջանակներից: Մյուս կողմից, հոգեբանը խնդիր է տեսնում նաև ազգային ինքնագիտակցության մակարդակում:

«Մեր երեխաների մեջ հենց փոքրուց պետք է ներարկել դիմացինի հանդեպ կարեկցանքի հոգեբանությունը: Դա չանելու դեպքում, հետագայում հետևանքները շատ ավելի վատը կարող են լինել: Պետք է փորձել հասկանալ միմյանց, պետք է մտնել միմյանց դրության մեջ, միասնաբար դուրս գալ նաև ներքին թշնամու դեմ: Եթե խելքի չգանք, մեզ շատ ավելի մեծ աղետ կսպասի, կկրկնվի այն նույն սցենարը, որը, այսպես ասած, «հաջողությամբ» իրականացվեց Արցախում»,- եզրափակեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս