Ասֆալտով մարդկանց «կերակրելու» ֆենոմենը

Իշխանության համատարած ձախողումները, երկրին հասցրած ահռելի մարդկային ու նյութական կորուստները, ստեղծված անվտանգային լրջագույն խնդիրներն ու բացթողումները վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը փորձել է մոռացության տալ մարդկանց ասֆալտով «կերակրելով»։ Ու ցավալին այն է, որ դա նրան հիմնականում հաջողվել է։

Այնտեղ են հասցրել, որ շատերն իրենց ճանապարհի կամ բակի ասֆալտապատումն ավելի կարևոր են համարում, քան Արցախի կորուստը, Հայաստանի պետականության գոյությանը սպառնացող անվտանգային խնդիրները, որոնք առաջացել են բացառապես այս իշխանության մեղքով։

Հինգ տարի շարունակ «ասֆալտով» կերակրել են մարդկանց։ Բայց վերջին իրադարձությունները, մասնավորապես՝ Երևանի ավագանու ընտրություններն ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց են տալիս, որ ասֆալտի ֆենոմենը կարծես քիչ-քիչ սկսել է կոտրվել։ Մարդիկ հասկացել են, որ կան շատ ավելի կարևոր ու առաջնային բաներ, քան իրենց բակի ու ճանապարհի ասֆալտապատումն է, լուսավորության անցկացումը կամ մանկապարտեզի ու դպրոցի վերանորոգումը։

Ասֆալտով մարդկանց «կերակրելն» այլևս այն ազդեցությունը չունի, ինչ ուներ նախկինում։ Թեև Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է ասֆալտով բթացնել մարդկանց ուղեղները։ Գրեթե չկա կառավարության նիստ, որ մեկ առ մեկ չթվարկի պետության հաշվին իրականացվող սուբվենցիոն ծրագրերը ու չփորձի հերթական անգամ «ասֆալտով» կերակրել մարդկանց։

Կարդացեք նաև

Քանի դեռ այդ հնարավորությունը կա, անում է։ Բայց լավ գիտի, որ վաղը չի լինելու։

Տնտեսական իրավիճակը Հայաստանում նոր փուլ է մտնում, որտեղ այլևս չեն լինելու այն «աննախադեպ» հաջողություններն ու ձեռքբերումները, որոնցով մինչև վերջերս այդքան հպարտանում էին իշխանությունները։ Արտաքին գործոնների ազդեցությունները գնալով թուլանում են, ու դա արդեն տեսնում ենք տնտեսական աճի ցուցանիշների վրա։

Հայտնի պատճառներով արձանագրվող նախկին երկնիշ աճերի փոխարեն, վերջին ամիսներին տնտեսական աճի տեմպն առնվազն կիսով չափ կրճատվել է ու դեռ շարունակում է նահանջել։

Բայց դա նույնիսկ անքան մտահոգիչ չէ, որքան տնտեսության իրական վիճակը։

Հայաստանի տնտեսության իրական վիճակը սարսափելի վատ է։ Այսօր դեռ հաջողվում է այն թաքցնել արձանագրվող աճերի հետևում։ Վաղը, երբ այդ արհեստական աճերը դադարեն՝ տնտեսությունը երևալու է իր ամբողջ «հմայքով»։

Այն, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում դեռևս համարվում է ամենաբարձր աճն ապահոված երկիրը, ու դա երբեմն իշխանությունները հրճվանքով են փաստում, ոչ մի արժեք չունի։ Դա դատարկ տնտեսական աճ է՝ կտրված տնտեսության իրական զարգացումներից։ Անգամ այդպիսի բարձր աճերի պայմաններում մեր տնտեսության որակը շատ ավելի անմխիթար է ու վտանգավոր, քան անհամեմատ ավելի ցածր աճեր ապահոված ԵԱՏՄ այլ երկրներինը։ Դա տեսնում ենք առաջին հերթին արդյունաբերության մեջ, որտեղ վատագույն պատկերն է՝ մյուս բոլորի համեմատ։

Արդյունաբերության բազմաթիվ ճյուղեր կաթվածահար վիճակում են։ Արտադրության ծավալները մեծ տեմպերով նվազել են։ Տնտեսությունը կորցրել է մրցունակությունը՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին միջավայրում։ Գլխավոր պատճառը այն տնտեսական ու ֆինանսական քաղաքականությունն է, որն իրականացնում է կառավարությունը՝ իրեն հարող իշխանության մյուս թևերի հետ համատեղ։

Տնտեսությունը շուտով հայտնվելու է տեղապտույտի մեջ. դրան ականատես ենք լինելու եթե ոչ՝ այս տարվա վերջին, ապա՝ հաջորդ տարվա սկզբում։

Դա ուղեկցվելու է նաև բյուջեի խնդիրներով։

Եթե նկատել եք, վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանը գրեթե չի խոսում տնտեսության երկնիշ աճերի, աշխատատեղերի ու աշխատավարձերի, բյուջեի եկամուտների չտեսնված ավելացումների մասին։

Այդպես է, որովհետև տնտեսական երկնիշ աճերն այլևս անցյալում են, աշխատատեղերը գրեթե դադարել են ավելանալ, իսկ աշխատավարձերի աճի տեմպն էապես ընկել է։

Տնտեսության առանձին ոլորտներում աշխատավարձերը նույնիսկ սկսել են նվազել։

Այդ երևույթն արդեն նկատվում է առևտրում, տնտեսության մի շարք այլ ճյուղերում։

Շուտով կառավարությունը կանգնելու է նաև բյուջեի եկամուտների ապահովման խնդիրների առաջ։

Դրանք արդեն նշմարվում են։ Վերջին ամիսներին էապես ընկել է հարկային եկամուտների հավաքագրման մակարդակը։ Նախկին բարձր աճերը դադարել են։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը խուսափում է խոսել այդ մասին։ Բայց դա չի նշանակում, թե դրանից իրավիճակն ավելի լավն է դառնում։

Ընդհակառակ՝ առաջիկայում ավելի վատ է լինելու։ Տարեվերջին բյուջեի եկամատային խնդիրներն ավելի են սրվելու։ Ամենայն հավանականությամբ, հերթական անգամ թերակատարումից չենք խուսափելու։

Բայց դրանով ամեն ինչ չի ավարտվելու։ Շատ ավելի դժվար է լինելու հաջորդ տարվա բյուջեի եկամուտների ապահովման ու ծախսերի կատարման խնդիրը։

Չեն լինելու մի շարք ուղղություններով ստացված այն հսկայական եկամուտները, որոնք այս տարվա սկզբին դարձան հարկային բարձր մուտքերի ապահովման հիմքը։

Մասնավորապես՝ գնալով նվազում է ներմուծում-վերարտահանումների ազդեցությունը՝ ինչպես տնտեսության աճի, այնպես էլ՝ բյուջեի եկամուտների վրա։

Հաջորդ տարի չի լինելու նաև այն հսկայական եկամտային աճը, ինչը բանկային համակարգի ու որոշ այլ հարկատուների վճարած շահութահարկի մասով ստացավ բյուջեն։

Այնքան են անհարկի ծանրաբեռնել բյուջեն, որ դա առաջիկայում լուրջ գլխացավանք է դառնալու, եթե չհաջողվի այլ աղբյուրների հաշվին կոմպենսացնել բացը։ Տնտեսության մեջ նման հնարավորությունները շատ սահմանափակ են, հատկապես որ, տնտեսությունը փակուղու առաջ է։ Դրա համար էլ ջանասիրաբար այլ աղբյուրներ են փնտրում։ Բայց ինչպես միշտ, գալիս կանգնում են քաղաքացու գրպանի վրա։ Անգամներով բարձրացնում են տուգանքները, ծանրացնում հարկային բեռն ու պատրաստվում նոր հարկեր մտցնել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս