Այստեղ այնքան պետության խնդիրը չէ, ինչքան անհատների՝ ֆիզիկական անձանց. Արա Ղազարյանը՝ Հռոմի ստատուտի և ՀՀ-ի համար դրա նշանակության մասին
Օրերս ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն ընդունվեց Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագիծը, այն ներառվեց ԱԺ քառօրյայի օրակարգ:
Հայաստանի և Ռուսաստանի միջև առերևույթ լարվածության ֆոնին՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության՝ Հռոմի ստատուտի հարցով իշխանությունների շտապողականությունը հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ պատահական չեն համարում՝ նկատելով, որ սա հերթական դեմարշն է ընդդեմ Ռուսաստանի:
Իշխանություններն ու իշխանամերձ շրջանակները վստահեցնում են՝ այս ստատուտի ընդունումը միտված է նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմանը, Հայաստանի պետական շահին:
Հիշեցնենք՝ ՄՔԴ իրավասության սահմաններում են ցեղասպանության, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց հետապնդումները։ Մինչդեռ քաղաքական ու հանրային տարբեր շրջանակներ սա համարում են բացառապես քաղաքական որոշում՝ իրավական փաթեթավորմամբ, քանի որ այն ռիսկային է հայ-ռուսական հարաբերությունների համար:
Նշենք նաև՝ Հաագայի դատարանն այս փետրվարին նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, իսկ ըստ մասնագետների՝ Հռոմի կանոնադրությունը վավերացրած և դատարանի իրավազորությունը ճանաչած պետությունները Վլադիմիր Պուտինին ձերբակալելու պարտավորություն ունեն:
168.am-ը փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ երկու թշնամական պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում ՀՀ-ին ի՞նչ է տալու այս ստատուտի ընդունումը, քանի որ փաստացի Հռոմի ստատուտը և ՄՔԴ-ն իրավասություն ունի միայն անդամների վրա, որոնք ընդգրկված են այդ ստատուտում, իսկ Թուրքիան և Ադրբեջանն անդամ չեն, չեն վավերացրել ստատուտը:
Ի պատասխան՝ Արա Ղազարյանը հստակեցրեց. «Այստեղ այնքան պետության խնդիրը չէ, ինչքան անհատների՝ ֆիզիկական անձանց. այսինքն՝ եթե ՀՀ տարածքում կատարվում է հանցագործություն, ապա ցանկացած քաղաքացի քրեական հետապնդման ենթակա է այն երկրներում, որոնք Հռոմի ստատուտի անդամ-պետություն են, որոնք պարտավոր են Դատարանի որոշումը կատարել, ասենք՝ ձերբակալել-հանձնել դատարանին:
Պատկերացնենք՝ Թուրքիայի, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները հանցագործություն են կատարում ՀՀ տարածքում. հրաման են տալիս պատերազմական հանցագործություն կատարելու, հենց իրենք են կատարում, և Հայաստանը նրանց նկատմամբ քրեական հետապնդում է սկսում Հայաստանում, կամ՝ դիմում է ՄՔԴ, որպեսզի իրենց դատախազը հարուցի վարույթ, որովհետև դա միջազգային հանցագործություն է:
Բնականաբար, Ադրբեջանը և Թուրքիան պարտավորված չեն լինելու համագործակցել դատարանի հետ, որովհետև չեն ճանաչում դատարանի իրավազորությունը, բայց այս մարդիկ կարող են հայտնվել Հռոմի ստատուտի անդամ պետություններից որևէ մեկի տարածքում, և այդ պետությունները պարտավոր են գործել:
Ինչպես ամենավառ օրինակը ՌԴ նախագահի վերաբերյալ է. ՌԴ-ն էլ չի անդամակցում այս դատարանին, բայց եթե նրա քրեական հետապնդման սուբյեկտը՝ Պուտինը, կամ որևէ գեներալ հայտնվի ՀՀ տարածքում, ՀՀ-ն, լինելով կանոնադրության անդամ-պետություն, պարտավոր կլինի գործել. ձերբակալել, հանձնել, կամ՝ այլ իրավական փոխօգնության գործողություններ կատարել»:
Հարցին՝ արդյոք Սև լճի, գերիների գնդակահարության դեպքերով Հայաստանը կարո՞ղ է դիմել ՄՔԴ-ին՝ մասնագետը պատասխանեց. «Այո, դա պատերազմական հանցագործություն է: Հայաստանն արդեն սկսել է քրեական հետապնդում այստեղ, բայց ՀՀ-ն իրավունք ունի նաև դիմել, որպեսզի ՄՔԴ-ն վարույթ հարուցի:
Եթե վարույթ հարուցվեց, արդեն այդ հանցագործությունը կատարած անձինք առնվազն չեն կարող ճանապարհորդել այն պետությունների տարածք, որոնք Հռոմի կանոնադրության անդամ պետություն են:
Այսինքն՝ այստեղ ոչ թե տարածքային իրավազորությունն է գործում, այլ քաղաքացիության. բնական է, դատարանն իրավազորություն չունի պատժել այն հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանում և Թուրքիայում, և ոչ էլ նրանք համագործակցելու են Դատարանի հետ»:
Արա Ղազարյանը հավելեց՝ ՀՀ-ն պարտավոր է այս կանոնադրության շրջանակներում գործել նաև, եթե ՀՀ քաղաքացիներն են կատարում նման հանցագործություններ:
«Բայց 2021 թվականից այս կողմ. հակառակ դեպքում՝ Ադրբեջանն ու Թուրքիան կխնդրեն իրենց որևէ գործընկեր-պետության, որը կանոնադրության անդամ- պետություն է, որպեսզի վարույթ հարուցի ընդդեմ որևէ գեներալի, որի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն իրենք հաստատել են,- շեշտեց նա՝ նկատելով, որ ՀՀ-ն է որոշել իրավազորությունը սահմանել 2021 թվականից,- Հայաստանը մինչև 2021 թվականի մայիսն է իրավազորությունն ընդունում. դա համընկնում է Սև լճի դեպքերի հետ»: