Ինչքան չունենաս պետական մտածողություն, որ ձեռքդ տանես կատաղած արջի բերանը. Նաիրա Զոհրաբյանը՝ Հռոմի ստատուտի շուրջ իշխանական «կռուտիտների» մասին

Հայաստանի և Ռուսաստանի միջև առերևույթ լարվածության ֆոնին՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը, արդեն Ազգային ժողովում է.  ՀՀ Օրենսդիր մարմնի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի այն վավերացնելու հարցը։ Նախագիծն ընդգրկված է հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստի օրակարգում։

Իշխանություններն ու իշխանամերձ շրջանակները վստահեցնում են՝ այս ստատուտի ընդունումը միտված է նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմանը,  Հայաստանի պետական շահին. Հիշեցնենք՝ ՄՔԴ իրավասության սահմաններում են ցեղասպանության, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց հետապնդումները։ Մինչդեռ քաղաքական ու հանրային տարբեր շրջանակներ սա համարում են բացառապես քաղաքական որոշում՝ իրավական փաթեթավորմամբ, քանի որ այն ռիսկային է հայ-ռուսական հարաբերությունների համար:

Մոսկվան պարզաբանումներ է խնդրել հայկական կողմից` Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն ուղարկելու ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ. ամսվա սկզբին՝ ճեպազրույցի ժամանակ, այս մասին հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում ՀՀ ԱԺ-ին կոչ էր արել ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու հետևանքները:

Կարդացեք նաև

Հիշեցնենք՝ Հաագայի դատարանն այս փետրվարին նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, իսկ ըստ մասնագետների՝ Հռոմի կանոնադրությունը վավերացրած և դատարանի իրավազորությունը ճանաչած պետությունները Վլադիմիր Պուտինին ձերբակալելու պարտավորություն ունեն:

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների տարբեր ներկայացուցիչներ արդեն իսկ նշել են իրենց վերապահումներն այս կանոնադրության առնչությամբ, իսկ արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունը՝ Հանրապետականը, ընդգծել է՝ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու իշխանությունների որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է՝ հղի անկախատեսելի հետևանքներով:

«Այս փաստաթղթի՝ Հռոմի ստատուտի ընդունումն ուղղակիորեն ուղղված է Ռուսաստանի, և ավելի կոնկրետ՝ ՌԴ նախագահ Պուտինի դեմ: Իրենց բոլոր կռուտիտները, թե Հռոմի ստատուտն առանց որևէ վերապահումի ընդունում ենք, որպեսզի իրավունք ունենանք Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների համար դիմել ՄՔԴ, անամոթ և լկտի սուտ են,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ապա պարզաբանեց, թե ինչու,- Ադրբեջանը չի վավերացրել, և Ադրբեջանի Միլի-մեջլիսը հայտարարեց, որ առաջիկայում չի էլ պատրաստվում վավերացնել Հռոմի ստատուտը: Իսկ դա նշանակում է, որ դու չես կարող Միջազգային քրեական դատարան դիմել մի երկրի հանդեպ, որը ստատուտի անդամ չէ»:

Նաիրա Զոհրաբյանը համոզված է՝ Արևմուտքի տոտալ ճնշմամբ, տարածաշրջանից ՌԴ-ին վռնդելու ակցիայի շրջանակում, չհաշվարկելով դրա կործանարար հետևանքները ՀՀ-ի  համար՝ այս քայլով Նիկոլ Փաշինյանը գնում է ընդդեմ Ռուսաստանի:

«Այս պահին ես ինքս բազմաթիվ հարցեր ունեմ ՌԴ-ին և չեմ կարող ասել, որ ՌԴ-ն լավագույն բարեկամն է, բայց որ կարող է լինել ամենադաժան թշնամին, ինչը մենք առաջիկայում, ցավոք սրտի, կտեսնենք՝ դա ես միանշանակ կարող եմ պնդել:

Ինչքան պիտի չունենաս դիվանագիտական, աշխարհաքաղաքական, պետական մտածողություն, որ չհասկանաս, որ մի երկրի հանդեպ, որտեղ ունես քո երկրից ավելի բնակիչ, որի խաղաղապահն է, լավ թե վատ,  կանգնած քո սահմաններին (այն դեպքում, երբ քո իսկ հատուկ նշանակության դեսպան Էդմոն Մարուքյանն իր թվիթերյան էջում գրեց՝ ցավոք, ԵՄ-ն և Արևմուտքը որևէ կերպ չաջակցեցին Հայաստանին), երբ քեզ անվտանգային որևէ ալտերնատիվ առաջարկ չկա, ձեռքդ տանես-մտցնես կատաղած արջի բերանը»,- ամփոփեց նա:

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման:

Տեսանյութեր

Լրահոս