Եթե դա տեղի չունեցավ, այն արտագաղթը, որը տեսնում ենք Արցախից, մի քանի ամիս հետո սկսվելու է Հայաստանից. Արմեն Մանվելյան
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից, արցախահայությանը պարտադրաբար ինտեգրելու ադրբեջանական պայմաններից հետո Արցախից շարունակում են տարհանվել մեր հայրենակիցները:
Սրան զուգահեռ իրականությունում՝ ՀՀ գործող իշխանությունները, որոնք պատասխանատվություն են կրում Արցախում ապրող 120 հազար հայերի համար, շարունակ խոսում են Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու ժողովրդավարության մասին:
Նույն մեսիջներով էլ Արևմուտքն է պատասխանում Նիկոլ Փաշինյանին. նախ Ֆրանսիան է ընդգծում Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ իր զգոնությունը, խոսում աջակցության մասին, ապա նաև՝ ԱՄՆ-ը ՝ ամենաբարձր խոսափողներով, անգամ Միացյալ Նահանգների պաշտոնյաներն են անձամբ այցելում Հայաստան:
Արևմուտքից հնչող տեղ-տեղ պահանջկոտ ու խրոխտ կոչերին, ըստ անհրաժեշտության, արդյոք կհաջորդի՞ նաև ռազմական աջակցություն՝ 168.am-ի այս հարցադրմանն ի պատասխան՝ միջազգայնագետ Արմեն Մանվելյանը մանրամասնեց.
«Ռազմական աջակցությունը բացառվում է. իրենց մաքսիմումը հենց այդ ոգևորող հայտարարություններն են, գուցե նաև ինչ-որ ֆինանսական օգնություն տրամադրեն գործող քաղաքական ռեժիմին, ինչը կոռուպցիոն լրջագույն ռիսկեր է իր մեջ պարունակում ու միշտ էլ ուղղված է եղել գործող ռեժիմները գնելու համար:
Իրենք կարող են շարունակաբար խրոխտ հայտարարություններ անել, շատերը կկարդան, կհավանեն, լայք կդնեն, բայց տարածաշրջանում ռեալ ռազմական ուժ ունեցող երեք պետություն կա՝ ՌԴ, Իրան, Թուրքիա:
Այսինքն՝ այս երկրներն են իրական, ուժային հողի վրա տարաշրջանի ապագան որոշողը, որովհետև սա իրենց համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան է: ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի համար Հարավային Կովկասը չունի այդ նշանակությունը. իրենք ինչ-որ հայտարարություններ կանեն՝ իրենց շահերից ելնելով, կամ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի դեմ իրենց քաղաքականությունից ելնելով, բայց ոչ ավելին:
Մնացյալը՝ ինչ-որ մասսաների ուրախացնելու համար է, կոշտ հայտարարություններ լսել ցանկացողների համար ականջները շոյող հայտարարություններ են»:
Միջազգայնագետը չի կարծում, թե հավաքական Արևմուտքից հայտարարությունները կարող են որոշակիորեն զսպել Ադրբեջանի ամենաթող քաղաքականությունը՝ շեշտելով, որ Ադրբեջանն ինքն էլ շատ լավ հասկանում է, որ հայտարարողներն այդ հայտարարությունից այն կողմ չեն գնա:
Մեր զրուցակիցն այս համատեքստում հիշեցնում է նաև ԵՄ-Ադրբեջան միլիարդավոր դոլարների գազի պայմանագրի մասին:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի թափանցիկ ակնարկներին՝ ուղղված ՌԴ-ին, ապա նաև՝ ՀՀ-ում մեկնարկած ներքաղաքական գործընթացներին և, մասնավորապես, այն դիտարկմանը, թե «ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի՝ ինքն անկախությա՞ն պաշտպանության շարժման մասնակից է, թե՞ ծայրագավառային հնազանդության», Արմեն Մանվելյանը շեշտեց.
«Նիկոլ Փաշինյանը հայտնի է իր մանիպուլյացիաներով. նրան կարելի է բնութագրել որպես մանիպուլյացիաների արքա: Նա վերջին 5 տարում ՀՀ-ն վերածել է ծայրագավառի, այսօր մենք արդեն ծայրագավառ ենք, հետևաբար՝ այն մարդը, որը ՀՀ-ն վերածել է ծայրագավառի, ընդամենը խաբում է, և իրեն դեռ հավատացողներին փորձում է համոզել, որ ինչ-որ մեկն իշխանություն է վերցնում, որ երկիրը վերածի ծայրագավառի:
Ընդդիմությունն այսօր ցանկանում է երկիրը փրկել, փրկել այն, ինչ մնացել է Արցախից: Ասեմ ձեզ՝ դրա հնարավորությունը դեռ կա, դեռ Արցախը փրկելու հնարավորություն կա, մինչև հոկտեմբերի 5-ը, երբ Նիկոլ Փաշինյան կոչվող անձը հանդիպի Ադրբեջանի նախագահի հետ: Մինչ այդ՝ եթե հնարավոր լինի ՀՀ-ում ինչ-որ բան փոխել, հնարավորություն կա Արցախից ինչ-որ բան փրկել:
Եթե դա տեղի չունեցավ, դա ոչ միայն Արցախի վերջը կլինի, այլև Հայաստանի վերջը, ու այն մասսայական արտագաղթը, որն այսօր տեսնում ենք Արցախից, մի քանի ամիս հետո սկսվելու է ՀՀ-ից»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում՝ Եվրոպական Միության կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում, նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցելու են ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: