«Տխուր է՝ նայում ես, կարծես աշխարհի վերջը լինի». Կոռնիձորի գյուղապետ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների արդյունքում 120 հազար խաղաղ բնակիչներ բռնի տեղահանվում են իրենց բնակավայրերից։ Նրանք իրենց բնակավայրերը լքում են ադրբեջանական ցեղասպանության ենթարկվելու սպառնալիքի տակ: Այս պահին հայտնի տեղեկությունների համաձայն արդեն ադրբեջանական կողմից սպանվել ու խոշտանգվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։ Կան անհետ կորածներ, գերեվարվածներ, նրանց ճակատագրի վերաբերյալ մինչև այս պահը որևէ տեղեկություն հայտնի չէ։
Բռնի տեղհանվող արցախահայերն անցնում են Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետով, այնուհետև ուղևորվում Կոռնիձոր, որտեղ և հաշվառվում են։
168.am-ի հետ զրույցում Կոռնիձորի գյուղապետ Արշակ Կարապետյանն ասաց, որ փորձում են այնպես անել, որ Արցախից բռնի տեղահանված հայությունը գլխին տանիք ունենա, գոնե ժամանակավոր, որպեսզի հասկանան, թե հետագայում ինչ կարող են անել։
«Գյուղում դատարկ տները ճշտվել են, որոշները դեռ կան ճշտելու։ Կան տներ, որ դատարկ են, ու կկարողանանք ընտանիքներին տեղավորել։
Նկարագրելու ու պատմելու բան չկա, տխուր է, դե որ այսպես նայում ես, կարծես թե աշխարհի վերջը լինի»,- նշեց Արշակ Կարապետյանը։
Արցախից մարդկանց հոսքի և առկա իրավիճակի մասին Կոռնիձորի գյուղապետը չցանկացավ շատ բան ասել, նկարագրել այդ պատկերը։