Եթե Արցախն ընկավ, երկրորդ ճակատը բացվելու է Դաղստանի սահմաններին. ռազմական փորձագետ
ՌԴ ՊՆ-ն երեկ տեղեկացրել էր՝ ռուս զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը։
ՊԲ զենք-զինամթերքի հանձնումը տեղի է ունենում՝ ի կատարումն ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների։
Անդրադառնալով այս իրողությանը՝ 168.am-ը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանից հստակեցրեց՝ սա արդյո՞ք նշանակում է հայկական Արցախի հեռանկարին հրաժեշտ տալ:
Ի պատասխան՝ Դավիթ Ջամալյանը նշեց՝ դեմ է տեսակետին, որ ամեն ինչ ավարտված է, որ հայկական Արցախի էջը թերթված է, բայց ծայրահեղ ծանր ու բարդ իրավիճակ է այս պահին:
Ի մի բերելով վերջին 1 ամսվա զարգացումները՝ ռազմական փորձագետը մանրամասնեց.
«Ըստ ամենայնի, Արցախում իշխանության փոփոխությունը, Հայաստանի դավաճանական խունտային առավել կտրուկ հակադրվելու կամք ունեցող իշխանության ձևավորումը պատահական չի եղել. ենթադրում եմ՝ արցախառուսական ինչ-որ սցենար էր խաղարկվելու, որի արդյունքում Արցախը՝ իբրև սուբյեկտ, պահպանվելու էր ռուսակենտրոն ինտեգրացիոն մի սխեմայում՝ կա՛մ իբրև անկախ պետություն՝ ճանաչված ՌԴ կողմից, կա՛մ ինչ-որ ավելի խորը ինտեգրացիոն սխեմայում:
Համենայն դեպս, արվում էին քայլեր, որոնք բերելու էին Արցախում խաղաղապահ ուժերի ձևաչափի փոփոխությանը (իրավաքաղաքական հիմքեր պետք է ստեղծվեին դրա համար. օրինակ, ՌԴ քաղաքացիություն ստանալու պրոցես կարող էր մեկնարկել):
Սա ինչ-որ պահից հետո անխուսափելիորեն ենթադրելու էր բախում, բայց ես կարծում եմ՝ ռուսական կողմը պլաններ ուներ՝ մինչև տարեվերջ այդ բախմանը դիմակայելու, Ադրբեջանի մարտահրավերն ընդունելու և արցախյան ուժերի հետ միասին պաշտպանելու Արցախը: Ալիևը կանխեց այս սցենարը. շատ լավ հասկանալով, որ եթե հիմա չհարվածի, ապա ուշ է լինելու, հարվածեց»:
Դավիթ Ջամալյանը, հղում տալով փորձագիտական աղբյուրներին, տեղեկացրեց նաև, որ Թեհրանում գտնվող ՌԴ ՊՆ-ն իր իրանցի գործընկերոջ հետ միասին նույնիսկ ուղերձ է հղել ՀՀ գործող իշխանությանը և առաջարկել ՀՀ տարածքով ռազմական օգնություն հասցնել Արցախ, սակայն իշխանությունները մերժել են:
«Եթե նման բան չի եղել, թող այսօրվա իշխանությունը հերքի: Չեն հերքում, որովհետև եթե հերքեն, ռուսական կողմն այնպիսի փաստեր կբերի, որ կպայթեցնի մեր հասարակությունը,- նշեց նա և հավելեց,- Իհարկե, մեր հայրենակիցները վրդովվում են, ասում են՝ ՌԴ-ն հզոր պետություն է, գիտեր, որ Նիկոլը կմերժեր, որովհետև ՌԴ-ին այստեղից հեռացնելու խնդիր ունի, իրենք չունեի՞ն արդյոք պլան Բ: Ես այդ հարցադրմանը համամիտ եմ: Սակայն այստեղ պետք է հետևյալը հաշվի առնել՝ 2020թ. նոյեմբերի 9-ին, դարձյալ ըստ շատ տարածված տեսակետի՝ ռուսական կողմը, առանց անգամ համաձայնություն ստանալու, միջամտեց և կանխեց Արցախի վերջին պատառիկների հանձնում, այսինքն՝ ուժեր մտցրեց: Բայց այն ժամանակ ուկրաինական խնդիրը չկար:
Այժմ կա ուկրաինական իրականությունը, ՌԴ ողջ ջանքերն ուղղված են այդ ճակատին, և ես ենթադրում եմ՝ ավելի կտրուկ քայլերի գնալու համար ՌԴ-ն այս պահին այդ ուժերը չուներ»:
Այնուամենայնիվ, փորձագետը ցավով արձանագրեց, որ այս պահին ՌԴ-ն, ի ցույց դնելով իր թուլությունը, առավել լկտիացրեց Ադրբեջանին և չկարողացավ պահել Արցախը:
«Դեմ եմ տեսակետին, որ նրանք հանձնեցին Արցախը. ՌԴ-ն չկարողացավ պահել Արցախը»,- շեշտեց նա՝ նկատելով, որ Արցախը կենսունակ պահելու առումով ՌԴ-ն հսկայական ներդրումներ է արել 2020 թվականի նոյեմբերից հետո:
Դավիթ Ջամալյանի համոզմամբ՝ եթե ՌԴ-ն հընթացս կարողանա մշակել պլան Բ, որը կենթադրի Արցախի հայապատկանության ապահովում, այդ դեպքում իրենք Հարավային Կովկասում իրենց դիրքերը կկարողանան պահել:
«Արցախի կորուստն իրենց համար նույնքան չարաբաստիկ է, որքան մեզ համար: Իրենք պետք է նախատեսած լինեին այս սցենարը և պատրաստ լինեին անել ավելին:
Ես տեսնում եմ հետևյալը՝ իրենք փորձեցին ամեն կերպ կանգնեցնել, որպեսզի Արցախի ռեսուրսը չսպառվի, իսկ բանակցություններով իրենք փորձում են առնվազն կայունացնել իրավիճակը՝ մինչև ինչ-որ սխեմա մտածեն, թե ինչպես պետք է Արցախի հայապատկանությունը և, ըստ այդմ՝ նաև իրենց տեղն ու դերն այդ ռեգիոնում պահեն: Կգտնեն այդ սխեման, մենք էլ կշահենք, իրենք էլ, չեն գտնի՝ Արցախը եթե ընկավ, երկրորդ ճակատը բացվելու է Դաղստանի սահմաններին՝ իրենց հարավում, և իրենք մեծագույն խնդիրներ են ունենալու այս ռեգիոնում:
ՌԴ-ն եթե Հարավային Կովկասը կորցրեց, Հյուսիսային Կովկասն էլ է կորցնելու,- ամփոփեց փորձագետը, ապա մի դիտարկում էլ արեց ՌԴ «մերձպուտինյան» այն շրջանակների համար, որոնք կարծում են, թե Նիկոլ Փաշինյանն այնքան թուլացած է, որ ինչ ասեն՝ կանի,- Այսինքն՝ ՌԴ էլիտայի շրջանում եղել է տեսակետ, որ եկեք օգտագործենք Նիկոլի թուլությունը, ինչը խիստ կարճատես մոտեցում է. իրենք հաշվի չեն առնում, որ սա իր էությամբ հակառուսական ծրագիր է, և նրան թույլ չեն տալիս մինչև վերջ չթուլանալ արևմտյան տերերը: Ինքը հետևողականորեն ռուսներին վտարելու քաղաքականությունը տարել ու տանում է:
Ես նորից ցանկանում եմ հորդորել ռուս գործընկերներին՝ այդ տեսակետը կրող մարդիկ սխալ մոտեցում ունեն. դա, ի վերջո, բերելու է նրան, որ իրենք կորցնեն Հարավային Կովկասը:
Ես հեռու եմ այն մտքից, թե նրանք Հայաստանում ինչ-որ պրոցեսներ պետք է գեներացնեն, բայց Նիկոլին ընկալել՝ իբրև պոտենցիալ մեկը, ում հետ կարելի է աշխատել, այլևս հնարավոր չէ»: