«Մեր նպատակը ժողովրդի փրկությունն է՝ ժողովուրդն իրեն չի տեսնում Ադրբեջանի կազմում». Դավիթ Բաբայան

Սեպտեմբերի 21-ին Ելվախում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։

Արցախի պատվիրակության կազմում էին Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։ Ադրբեջանական կողմից բանակցություններում ներգրավված էր մեջլիսի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների համար պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը, Հատուկ ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Իլքին Սուլթանովը։

Ելվախի հանդիպումից հետո Դավիթ Մելքումյանն ասել էր, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություններ չկան, մանրամասները պետք է համաձայնեցվեն։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով այդ հանդիպմանն ու Ալիևի օրերս հնչեցրած հայտարարությանը, թե «Ադրբեջանի օրակարգում արցախահայության վերաինտեգրումն է Ադրբեջանի կազմ», ասաց, որ Ելվախում տեղի ունեցածն առաջին հանդիպումն էր, և մեկ հանդիպման ընթացքում, բնական է, բոլոր հարցերը չէին կարող կարգավորվել։

Կարդացեք նաև

«Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ խաղաղ պայմաններում պետք է բոլոր գործընթացներն ընթանան, և սա շարունակական լինի։ Մնացածը ժամանակը ցույց կտա»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է Ալիևի՝ ինտեգրման վերաբերյալ հայտարարությանը, Դավիթ Բաբայանը նկատեց.

«Դա իրենց գերնպատակն է, իսկ մեր նպատակը մեր ժողովրդի փրկությունն է՝ մեր ժողովուրդն իրեն չի տեսնում Ադրբեջանի կազմում։ Ժամանակն է ամեն ինչ որոշելու, սպասենք՝ կտեսնենք»։

Տեսանյութեր

Լրահոս