Նիկոլ Փաշինյանը մի տարբերակ ունի՝ ապացուցելու համար, որ ինքը դավաճան չէ. բայց նա դա չի անի, ժողովրդին կտանի դեպի կործանում. Հովհաննես Ավետիսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեմաները՝ թեզերով․
- Սեպտեմբերի 21-ին անկախությունը հռչակել ենք Արցախի հետ պլաններով ու հույսերով, հիմա մեծ ճգնաժամի միջով ենք անցնում, օրհասական օրեր ենք ապրում, ուստի հասարակության ակտիվությունը շատ կարևոր է։
- Մինչև 2020 թվականի պատերազմում պարտությունը, Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն էր, մինչ այդ Հայաստանը՝ որպես զարգացած պետություն, կարողանում էր իր քաղաքացիներին տեր լինել և ապահովել նրանց անվտանգությունը։ Մեծ աշխարհում Հայաստանը գործիք չէր։ Իսկ հիմա Արցախից հրաժարումը և բոլոր որոշումները կայացվում են առանց մեզ։ Պետությունը չի կարողանում ապահովել այն քաղաքացիների անվտանգությունը, որոնց տվել է ՀՀ անձնագիր։
- Եթե թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրի իր օրակարգը նաև Սյունիքը վերցնելու վրա, ապա մեր փոխարեն որոշումներ էլի կկայացնեն։
- Եթե դու պետություն ես, ապա պետք է կարողանաս սպասարկել քո քաղաքացիների շահերը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Հիմա մենք այնպիսի վիճակում ենք, որ դժվար է գնահատել, թե մեզ ինչեր են սպասվում, ինչ ռիսկեր կան։
- Կան մարդիկ, որ հասկանում են՝ Հայաստանն ինչ գոյաբանական ռիսկերի առջև է կանգնած, համենայն դեպս նրանք, ովքեր փողոց են դուրս գալիս։
- Նիկոլ Փաշինյանը, որ զրոյական իր կետից էր բանակցությունները սկսում, հասավ նրան, որ միջազգային հանրությունը Հայաստանին սկսեց որպես ագրեսոր պետություն ճանաչել, որը հավակնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Մինչդեռ մինչ այդ Հայաստանը կարողանում էր ներկայացնել Արցախին սպառնացող վտանգները և ներկայանում էր՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր։
- Ադրբեջանն այսօր կարողանում է Արևմուտքին սպասարկել, դրա համար մեր շահերը նսեմացնում են։
- Սխալ է որևէ գերտերության դարձնել թշնամի և շարունակաբար թիրախավորել այդ պետությանը։
- Այսօր կան ավելի մեծ գործընթացներ, մասնավորապես, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերտերությունները պայմանավորվածություն ունեին փոքր պետությունները ազդեցության գոտիների բաժանելու։
- Մեր ազգային շահերից է բխում Ռուսաստանի հետ հակամարտության չգնալ, բայց ոչ թե գործիք դառնալ, այլ օգտագործել ռուսներին մեր երկրի շահերի սպասարկման համար, մինչև դառնանք ուժեղ պետություն, բայց դրա համար պետք է գիտելիք և ցանկություն։
- Երբ երկրի ղեկավարը սեփական պետությունը միջակության մեջ է տեսնում, այդ պետությունը ձախողվում է:
- Պետության ղեկավարը պարտավոր է լինել չափազանց զուսպ, հաշվարկել սեփական գործողությունները։
- Եթե մենք ունենանք ազգային շահը սպասարկող, գրագետ և գիտակից պետության ղեկավար, մենք չէինք ունենա ձախողումներ միջազգային հարաբերություններում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև՝ Արևմուտքի հետ։ Եթե հատուկ փնտրեինք աշխարհում, դժվար թե գտնեինք այդպիսի մարդ ամբողջ աշխարհում, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է։
- Մենք գտնվում ենք Ռուսաստանի ազդեցության գոտում: Ռուսների և առհասարակ որևէ գերտերության հետ պետք չէ առճակատման գնալ։
- Մենք ամբողջությամբ մեր երկրի անվտանգությունը կախվածության մեջ ենք դրել մեկ պետությունից, մենք պարտավոր ենք մտածել՝ ինքնուրույն փոքր քայլերով ստեղծել սեփական ռազմարդյունաբերությունը։ Հակառակ դեպքում մեկ օրում կարող ենք կորցնել սեփական անվտանգությունը։
- Գրագետ արտաքին քաղաքականության համար պետք է նաև սուվերենության մի կտորով առևտուր անել, թեկուզ զիջել մի մասը՝ ինչ-որ շահ ստանալու համար։ Հիմա մեզնով են առևտուր անում, և մեղավորն առաջին հերթին մենք ենք, այսինքն՝ Հայաստանի գործող իշխանությունները, որովհետև չենք կարողացել մեր շահերն ու պահանջներն այնպես ներկայացնել, որ դիմացի պետությունը հասկանա, որ սա էլ պետություն է, իսկ դա հնարավոր է դժվար և մեծ աշխատանքի միջոցով։ Կոնկրետ Ռուսաստանի դեպքում պետք է հասկանալ, որ այդ երկիրը մեզ այստեղից կարող է ուղարկել, բայց իրենք չեն գնա։
- Այո, ես ինքս ժամանակին քննադատել եմ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ), գիտեք՝ ինչպես էի վերաբերվում մինչև 2018 թվականը, բայց հիմա մենք հարաբերվում ենք այդ մարդկանց, քաղաքական թիմի ներկայացուցչների հետ, որովհետև չնայած կառավարման համակարգում առկա թերացումներին, այդ կուսակցության ներկայացուցիչների շահը պետական շահն էր: Եվ այդ մարդիկ ևս հասկանում են, որ ես քննադատելով, որոշակի գործողությունների գնալով՝ առաջնորդվում էի դարձյալ պետական շահով և իմ քննադատություններն ուղղված էին պետական կառավարման համակարգի որոշ խնդիրներին:
- Եթե մենք շարունակենք կեղծ խաղաղություն քարոզելով զբաղվել, հետզհետե կկորցնենք պետությունը։
- Այո, հաջորդիվ մեզ պարտադրելու են Զանգեզուրի միջանցքը, որովհետև մեր պետության ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։
- Մենք պետք է հասկանանք, թե Փաշինյանն ինչի համար է անում, ինչպես է մարդկանց, մեր հասարակությունը մասնատում։ Հանրությունն այսօր մասնատված է, թեև բոլորի նպատակը նույնն է՝ Արցախ։ Նիկոլ Փաշինյանն էլ խաղում է հենց մասնատված հասարակության վրա։
- Եթե մենք չհամատեղենք մեր շահերը, մենք դատապարտված ենք ձախողման։
- Մեզ պետք են մարդիկ, որոնք բացառապես առաջնորդվում են ազգային շահերով, նոր ծրագրերով, և ոչ թե՝ հին, չարչրկված տեքստերով։
- Իշխանությունները սովորաբար հենվում են ոստիկանության, բանակի, բյուրոկրատների վրա։ Այսօր մեր երկրում ոստիկանության բարեփոխումը Փաշինյանն օգտագործում է իր իսկ իշխանությունն ամրապնդելու համար:
- Ոստիկանության խնդիրը պետք է լինի քաղաքացուն պաշտպանելը, որ սադրիչներ չլինեն, ապահովել բողոքի ակցիաների խաղաղ ընթացքը, որ բախումներ չլինեն, սադրիչներին չեզոքացնել և ոչ թե քաղաքացու դեմ հատուկ միջոց կիրառել, ծեծել։
- Նիկոլ Փաշինյանը կրակելու հրահանգ էլ կտա, եթե իր որոշելուն մնա։ Ամեն ինչ հնարավոր է։
- Մարդիկ նյութական շահի համար չեն փողոց դուրս եկել, նրանք իրենց և իրենց երեխաների կյանքի համար են դուրս եկել, հասկանում են, որ լուրջ անվտանգային խնդրի առջև են կանգնած։
- Ցանկացած պատասխանատու մարդ, հատկապես՝ երկրի ղեկավարները, պետք է գիտակցեն, որ իրենց գործողությունների համար պատասխանատվություն են կրելու:
- Նիկոլ Փաշինյանը մի տարբերակ ունի՝ ապացուցելու համար, որ ինքը դավաճան չէ՝ կամավոր հանձնել իշխանությունը, ժողովրդին անկեղծ ասելով՝ կներեք, չկարողացա, բայց նա չի անի դա և հիմա գիտակցաբար ժողովրդին տանում է դեպի կործանում։
- Իսկ Էրդողանն ու Ալիևը մեկ ազգ, երկու պետություն ասելով՝ իրականացնում են Մեծ Թուրան ծրագիրը։
Մանրամասները՝ տեսանյութում: