
Հայերն ԱՄՆ-ում ակցիաներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի դեմ

Միացյալ Նահանգների հայ համայնքի անդամները բողոքի ակցիաներ են կազմակերպել Լոս Անջելեսում և Նյու Յորքում՝ իրենց բողոքը հայտնելու Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի ռազմական լայնածավալ հարձակման առնչությամբ և կատարվողի հանդեպ հրավիրելով միջազգային հանրության ուշադրությունը։
ABC7 պարբերականը հաղորդում է, որ տասնյակ ցուցարարներ փակել են Լոս Անջելեսի կենտրոնի 101 ավտոմայրուղին՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին չանտեսել ստեղծված իրադրությունը։
Եվս մեկ ակցիա է տեղի ունեցել Նյու Յորքում։ Տասնյակ մարդիկ հավաքվել են ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց՝ Հայաստանի մեծ դրոշով և պաստառներով՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Ադրբեջանին կանգնեցնելու համար։
ԱՄՆ-ի հայ համայնքի անդամներից մեկն էլ ակցիա է իրականացրել Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց՝ շենքի առջև թափելով արյուն խորհրդանշող կարմիր ներկ։